«ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՎԱՏԱԳՈՒՅՆՆ ԵՆ»
Արխիվ 12-16«ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՎԱՏԱԳՈՒՅՆՆ ԵՆ»
Հուլիսի 26-ին ջավախահայությունը նշեց ավանդական դարձած Տերյանական օր տոնակատարությունը մեծ բանաստեղծի հայրենի գյուղում` Գանձայում: Այս տարի Հայաստանից Ջավախք ժամանած պատվավոր հյուրերի թվում էր նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-վրացական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նախ նշեց, որ Ջավախք աշխարհ իրեն բերել է առաջին հերթին քարից հաց քամող եւ դարերով այդ քարերի վրա ապրող, հայ մնացած ու հայությունը պահպանած ժողովրդի հանդեպ սերը: Այն ժողովրդի, որը ծնել է Վահան Տերյան, Ջիվանի...
Իհարկե, չէինք կարող առիթը բաց թողնել ու տիկին Նաղդալյանին չուղղել մի քանի հայ-վրացական քաղաքական ու տնտեսական հարցեր:
ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՐՑԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԼՈՒԾՎԻ՞
–Նորություն չէ, որ Ջավախքի թիվ մեկ խնդիրը հայապահպանությունն է, սակայն դրա համար նախեւառաջ անհրաժեշտ են հայալեզու դասագրքեր, որոնք չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը: Արդյո՞ք քայլեր կատարվում են` պետական մակարդակով խնդիրը լուծելու ուղղությամբ:
– Այո, խնդրին պետականորեն լուծում է անհրաժեշտ, եւ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ 2014 թվականի վերջին մեր խորհրդարանական փոխհարաբերությունների շուրջ 3 տարվա դադարից հետո տեղի ունեցավ առաջին այցելությունը Վրաստան: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ բավականին պատկառելի պատվիրակությամբ հանդիպումներ ունեցանք ե՛ւ Վրաստանի խորհրդարանի ղեկավարի, ե՛ւ վարչապետի, ե՛ւ երկրի ղեկավարի հետ: Այդ հանդիպումների ժամանակ բարձրաձայնվեցին մի շարք խնդիրներ, այդ թվում նաեւ հայալեզու գրականության ու առաջին հերթին դասագրքերի հարցը: Դրանից հետո տեղի ունեցավ եւս մի շատ հեղինակավոր պատվիրակության հետ Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլիի այցը Երեւան: Եվ այդ այցի շրջանակներում եւս քննարկեցինք ու բարձրացրեցինք խնդիրը խորհրդարանի ղեկավարի մակարդակով: Պետք է ասեմ, որ պարոն Ուսուպաշվիլին մեծ պատրաստակամություն հայտնեց` զբաղվելու այդ խնդրով եւ ուշադրության կենտրոնում պահելու այն: Ի վերջո, այն, ինչի մասին խոսում ենք, ընդունված երեւույթ է, եւ իրավական որեւէ նոնսենս կամ դժվարություն չկա:
– Խնդրի լուծման որեւէ ժամկետներ նշվե՞լ են:
– Պարոն Ուսուպաշվիլին իր փետրվարյան այցից հետո խոստացավ, որ քննարկումներ են անցկացնելու ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ գործադիրի հետ: Կարծում եմ` մինչեւ ամառվա վերջ եւ գալիք ուսումնական տարվա սկզբին մենք արդեն այդ հարցի հետ կապված լուծում կունենանք: Պետք է նաեւ ընդգծեմ, որ խնդրով զբաղվել է նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, եւ այս խնդիրը եւս նախարարության ուշադրության կենտրոնում է:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԻՄԱ ԷԼ ԹԱԿԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԴՈՒՌԸ
–Քանի որ Հայաստանը Վրաստանի էներգետիկ մատակարարներից մեկն է, օրերս Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին մատնացույց անելով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը` նշել է, որ Վրաստանում նույնպես էլեկտրաէներգիայի թանկացում է սպասվում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Չեմ կարող հստակ ասել, թե որքանով է թանկանալու էլեկտրաէներգիան Վրաստանում, բայց գիտեմ, որ խոսքն ընդամենը մեր վալյուտայով մի քանի դրամի մասին է: Իմ խորին համոզմամբ` սա ոչ թե Հայաստանի, այսպես ասած, Վրաստանին վնաս տալն է, այլ էներգետիկ շուկայում անխուսափելի օբյեկտիվ գործընթացներն են պատճառը: Այդ գործընթացները որոշ չափով բերել են էլեկետրաէներգիայի թանկացման Հայաստանում, եւ այդ նույն գործընթացները տեղի են ունենում նաեւ Վրաստանում:
– Չե՞ք կարծում, որ ՀԷՑ-ն ազգայնացնելով` այս ծառացած խնդիրը կկարողանայինք լուծել:
– Նման հարցադրումներ էլի են հնչել, բայց ես այդքան էլ դրան կողմնակից չեմ: Չեմ կարծում, որ պետության տնտեսվարումն այդ իմաստով լավագույնն է լինելու: Բայց նշեմ, որ Էներգետիկայի նախարարությունը մի քանի օր առաջ անցկացրեց մեծ քննարկում, որտեղ մասնակցեցին ե՛ւ ոլորտի, ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ գործադիրի ներկայացուցիչներ ու ներկայացվեցին ծրագրեր, որոնք պիտի թույլ տան, որ հնարավորինս շուտ արդիականացնենք այդ ոլորտը եւ կարողանանք նման խնդիրներից զերծ լինել:
«ՀԱՐԵՎԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԴԻՐՔԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է»
–Որոշ քանակությամբ հայ գործարարներ իրենց բիզնեսները տեղափոխում են Վրաստան ու Ջավախք: Արդյո՞ք սա հաշվի առնելով` չպետք է Հայաստանի Հանրապետությունը մտածի հարկային բեռի թեթեւացման ու գործարարներին ավելի լայն արտոնություններ տալու մասին:
– Իսկապես, ունենք նման օրինակներ, երբ մեր տնտեսական ներուժը ձգտում է դեպի Վրաստան: Պիտի ասեմ, որ ունենք նաեւ հակառակ օրինակներ եւս` երբ վրացական կապիտալը` ընդ որում ոչ միայն հայկական ծագումով, այլ ընդհանրապես վրաստանյան, Հայաստան է գալիս: Եվ այստեղ պետության թիրախը պետք է լինի թերեւս այն, որ կարողանանք ստեղծել առավել օպտիմալ լավագույն պայմանները, որպեսզի երկուստեք գործարարներն իրենց շահերի մաքսիմալ ապահովվածություն ունենան: Գաղտնիք չէ որեւէ մեկի համար, որ վերջին տարիներին Վրաստանում բավականին լուրջ բարեփոխումներ են կատարվել, եւ տնտեսական ազատականացում է տեղի ունեցել: Սա եւս որոշակիորեն գրավում է հայկական կապիտալին: Բայց նաեւ պիտի ընդգծեմ` այնպես չէ, որ հայկական տնտեսական պայմանները վատագույնն են: Համաձայն բավականին հեղինակավոր տնտեսական վերլուծաբանների` միջազգային կազմակերպությունների, որոնք զբաղվում են այդ խնդրով, հավաստիացնում են, որ Հայաստանի տնտեսական դաշտը բավականին բաց եւ ազատական է ու լայն հնարավորություններ է տալիս:
– Այդ դեպքում` ինչո՞վ է պայմանավորված Վրաստանում բիզնես դնելու հայ գործարարների շահագրգռվածությունը:
– Երկու պատճառ կա` մեկը բազմապատկելու համար սպառման հնարավորությունները, մյուսը` մատչելի, ավելի լավ հնարավորությունները` այս կամ այն արտադրությունը զարգացնելու համար: Հայկական շուկան շատ փոքր է: Մենք ե՛ւ մեր բնակչության թվով, ե՛ւ սպառողական պահանջարկի վճարունակության իմաստով, բավականին խնդիրներ ունենք: Իսկ մեր արտադրանքի համար հարեւան շուկայում դիրքեր ունենալը շատ կարեւոր է: Հատկապես, որ շրջափակման մեջ գտնվող երկիր ենք եւ ճանապարհների հարցում բավական լուրջ խնդիրներ ունենք: Ապրանքների արտահանումը, ընդհանրապես, լուրջ դժվարություն է հայ գործարարի համար եւ, բնականաբար, վրացական շուկան հետաքրքիր է:
«ԿԱՄՈՒՐՋ ԼԻՆԵԼ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
–Որքանո՞վ այս շուկայական հարաբերությունների վրա կազդի այն, որ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Վրաստանը բռնեց Եվրամիության ուղին:
– Գալիքը շատ հետաքրքիր զարգացումներ կարող է բերել: Հայաստանն անդամակցելով Եվրասիական միությանը` ունի բավականին մեծ հնարավորություններ եվրասիական շուկայում: Միեւնույն ժամանակ, Վրաստանը անդամակցելով Եվրամիությանը` ունի նույնպիսի հնարավորություններ Եվրոպական միության շուկաներում գործունեություն իրականացնելու համար: Այստեղ շատ կարեւոր է, որ կարողանանք այս երկու ուղղությունները, որոնք տարբեր կողմերով են զարգանում, իրար հետ կապենք ու հնարավորություն տանք մեր գործարարներին, որպեսզի, ինչպես ՀՀ նախագահն է ասել Վրաստանում իր պաշտոնական այցի ժամանակ, կարողանանք կամուրջ լինել վրացական բիզնեսի համար դեպի Եվրասիական միություն, եւ նաեւ վրացական տնտեսությունը կամուրջ լինի հայ տնտեսվարողի համար դեպի Եվրոպական միություն: Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ մեր պատկան նախարարությունները եւ Վրաստանի մեր գործընկերները զբաղվում են այդ խնդիրներով: Նաեւ ավելացնեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում մեր խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ջավախք-Երեւան
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk