ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՐՁԱԿՈՒՐԴ ԿԱՄ ԱԿԱՄԱ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՐՁԱԿՈՒՐԴ ԿԱՄ ԱԿԱՄԱ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
32 տարի առաջ` 1983-ի հուլիսի 27-ին 5 խիզախ հայ երիտասարդներ ցնցեցին աշխարհը` ինքնազոհության գնով օդ բարձրացնելով Լիսաբոնի թուրքական դեսպանատունը, որպեսզի խուլ ու կույր ձեւացող աշխարհին հիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին: 32 տարի անց` 2015-ի հուլիսի 27-ին կալանավորվեց մեկ այլ երիտասարդ` Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը, եւ մարդիկ թերահավատորեն քննարկում են, թե երբ հերթական անգամ կջրեն նրա հերթական քրեական գործը:
ՀԵՐՈՍԱԿԱՆԸ ԵՎ ՃՂՃԻՄԸ
Բնականաբար, ֆեյսբուքյան ժապավենը լեցուն է 32 տարի տարբերությամբ տեղի ունեցած այդ երկու իրադարձությունով: Բարեբախտաբար, լիսաբոնյան հերոսական հնգյակի մասին նյութերը ավելի շատ են: Իսկ հերթական ոճիրի համար կալանավորվածին քննարկում են մի տեսակ ալարկոտ, անհավես, թեեւ նա արտացոլում է «Լիսկա» անունը կրող երեւույթը, որը խայտառակել ոչ միայն Խաչատրյան ազգանունը կրող մարզպետին ու նրա որդուն, այլեւ ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը` «խայտառակել ռեսպուբլիկա»: Ու դա նաեւ խայտառակություն է մեր վերնախավի համար, որ մինչ օրս այդպիսի մարզպետ կա:
Բայց, խոշոր հաշվով, սառը վերաբերմունքը կալանքի մասին սենսացիոն լուրին` արդարացված է: Եվս 32 տարի անց նույնկերպ փառավոր հիշելու ենք լիսաբոնյան հնգյակին, իսկ թե ով է գորիսյան սարսափելի պատումների հակահերոս Տիգրան Խաչատրյանը, թերեւս հայտնի լինի միայն նեղ մասնագիտացում ունեցող մեկ-երկու պատմաբանի:
Զգացվում է, որ հանրությունը կարոտ է դրական լիցքեր, վեհություն կրող իրադարձությունների մասին պատմող լուրերի: Պատահական չէ, որ թեեւ այդքան գանգատվում ենք համացանցում գրանցված մեր հայրենակիցներից, քանզի տարածում եւ հավանության են արժանացնում տարբեր զրթուզիբիլ, սակայն հավանությունների ռեկորդային քանակ են հավաքում մեր զինվորների լուսանկարները: Այսօրվա այն հերոսների, ովքեր Երեւանի գայթակղություններից հեռու հենց այս պահին դիրքերում փառավոր ջարդ են տալիս թշնամուն:
Սակայն մեր քաղաքական դաշտի զգալի մասը, կարծես թե, պիտանի է միմիայն գաղջ արտադրելու, որից մինչեւ կոկորդը կուշտ է մեր ժողովուրդը: Դաշտը հեղեղված է չարությամբ բերնեբերան լեցուն քարոզչությամբ` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Եթե հավատաս գրածներին, ապա նոր Սահմանադրություն գրելու հանձնարարություն տված իշխանությունը այդ տեքստի մեջ ամփոփել է մարդկության պատմության մեջ հայտնի չարանենգ դավադրությունների բոլոր տեսակները:
Նույնիսկ հասել է ծիծաղելի բաների: Օրինակ, կայքից կայք թափառում են բանաձեւումները, թե Սահմանադրությամբ ստեղծվում է բրեժնեւյան ժամանակների «գենսեկի» անսահմանափակ իշխանական մենատիրություն: Բավարար է որեւէ մեկին զգուշությամբ առարկել, որ այդպես չէ, միանգամից կթափեն գլխին, տարբեր տեքստեր կգրեն` տրամաբանական կոչվելու հավակնություն ունեցող փիլոյաբանություններով սկսած, փողոցային հայհոյանքներով վերջացրած: Բայց, չգիտես ինչու, մոռանում են բրեժնեւյան սահմանադրության առանցքային` 6-րդ հոդվածը, որն էլ ապահովում էր «գենսեկի» անսահմանափակ իշխանությունը` Կոմունիստական կուսակցության ղեկավար եւ ուղղորդող դերի մասին:
Իսկ թե ինչպես է ժողովուրդը գնահատում այդ մտավարժանքները եւ դրանց հեղինակներին` երեւում է թեկուզեւ վերջին օրերի փողոցային ակցիաների փորձերը, ավելի ճիշտ` տնազները: Հայրիկյանը իր հերթական մանրահավաքին կարողացավ մեկտեղել ընդամենը 30-40 հոգի, թեեւ այդտեղ միացել էին Սէֆիլյանի թիմակիցները, ում ազիզ խաթեր այս անգամ Եվրամիության դրոշներ չկային: Իսկ Դավիթ Սանասարյանի փորձը «Ոտքի Հայաստան» բարձրագոչ անունը կրող նախաձեռնության սակավաթիվ ներկայացուցիչների հետ միասին Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա նստացույց սկսելու, բացի քմծիծաղից ուրիշ ոչինչ հարուցել չեն կարող:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՌԸ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Սակայն ինչու է բնակչությունն այդպես վերաբերվում ընդդիմադիրներին, ի՞նչ է, իշխանությունն աչքի լո՞ւյս է դարձել: Ամենեւին էլ ոչ, պարզապես գրեթե երկու տասնամյակ ժողովրդին այնքան հեքիաթներով էին կերակրել, որ եթե ժողովուրդն անի այս կամ այն քայլը, որ «հանցավոր վարչախումբը» կհեռացվի, որ այդ գեղեցիկ պատումներով քաղաքացիները կուշտ են մինչեւ կոկորդը: Միշտ էլ «վարչախումբը» մնացել է տեղում, իսկ «ռեժիմի հեռացումից» բարբառողները դժգոհների քվեներով բաղձալի պատգամավորական մանդատներ են վաստակել:
Օրինակ, այդքան հեքիաթ լսելոց հետո արդյո՞ք շարքային բողոքավոր ընտրողը պատճառ ունի հավատալու, որ եթե գնա ու միահամուռ մերժի «բռնապետությունը հավերժացնող» Սահմանադրությունը, դրա արդյունքում «ռեժիմը» կանհետանա: Չէ՞ որ առանց Սահմանադրություն փոխելու էլ, իշխանությունը կարող է ինքն իրեն վերարտադրել: Գումարած դրան` մարդկանց կասկածելի է թվում` այդ ինչպե՞ս եղավ, որ բազմամարդ հանրահավաքներ գումարող «եռյակ-քառյակները» պահանջում էին 100 տոկոս համամասնական ընտրակարգ, նախագահի լիազորությունների սահմանափակում, ընդդիմության համար արտոնությունների սահմանում, հիմա հանկարծ սկսեցին «քըխ» հռչակել իշխանության նախագիծը, ուր այդ ամենն առկա է: Պարզ է, որ արդարացի կասկածներ են առաջանում, որ ոմանք «ընդդեմ բռնապետության» պայքարի գեղեցիկ կարգախոսների հետեւում ընդամենը կամենում են ջուր պղտորել եւ այդ ջրում ձուկ որսալ:
Հետեւաբար լրիվ օրինաչափ է, որ արմատական կարգախոսներ հնչեցնողների շուրջ ընդամենը մի քանի տասնյակ թամաշա անողներ են հավաքվում: Իսկ այ, օրինակ, կոնկրետ սոցիալական պահանջ առաջ քաշողները նույնիսկ դեղնակտուց երիտասարդ լինելով` կարողանում են հսկայական զանգված հավաքել:
Գումարած դրան, մեր երկրում բոլոր «գունավոր հեղափոխություններին» խանգարում է «հեղափոխականների» անձնական ագահությունը: Օրինակ, ռուսական մամուլը հրապարակել էր USAID-ի հայաստանյան առաքելության ղեկավարի դժգոհ նամակը Սաքունցին, որ հսկայական ռեսուրսներով արվել է ոչ համարժեք աշխատանք, ցուցարարները հեռանում են փողոցից, նրանց առաջնորդները հրաժարվում են քաղաքական կարգախոսներից, եւ դա խանգարում է այն գործին, որի շրջանակում նախատեսված է նաեւ Ադրբեջանում զուգահեռ գործընթաց անցկացնելը: Բայց չէ՞ որ մեր գրեթե բոլոր հերոսական հեղափոխականներն են այդպիսին` «քեռի Սեմի» տրամադրած հեղափոխական փողերը գերադասում են ոչ թե ներդնել հեղափոխական գործընթացի մեջ, այլ զետեղել սեփական գրպանում: Դե, գործունեության իմիտացիայի համար մի քիչ կծախսեն ամենակեղտոտ չարությամբ հագեցած քարոզչության վրա, որը սակայն չի կարելի անվնաս համարել, քանզի թեեւ մարդկանց չի մղում հեղափոխական գործողությունների, սակայն խտացնում է այն գաղջը, որից արդեն բոլորի սիրտը վաղուց է խառնում:
Դե, ժողովրդին «անիծյալ բռնապետական սահմանադրության» դեմ տրամադրելու սրբազան գործին այլ գործոններ էլ են խանգարում: Իհարկե, շոգը, որն առաջիկա օրերին պետք է հասնի մինչեւ 41 աստիճան, դրան վրադիր էլ` արեգակի ակտիվության աննախադեպ բռնկումը: Այդ նույն շոգը 1988-ի ամռանը չէր խանգարում բազմահազարանոց ցույցեր անցկացնելուն, սակայն այն ժամանակ կարգին վեհացնող եւ ազնվացնող ազգային նպատակ կար, իսկ հիմա ընդամենը անհաջողակ քաղաքական աբիժնիկներ: Շոգին գումարվում է նաեւ այն գործոնը, որը միշտ համախմբում է հանրությանը, բայց ոչ թե «հանցավոր ռեժիմի», այլ արտաքին թշնամու դեմ` հարեւան մազութային սուլթանատի հերթական սադրանքներն ու նյարդային շարժումները սահմանագծին:
Եվ արդյունքում (կներեք բառախաղի համար) արդյունավետ չեն ստացվում ճիգերը` ժողովրդին ոտքի հանելու` ընդդեմ Սահմանադրության: Ու դժվար թե դրան օգնեն նաեւ տեղեկատվական բլեֆները, որոնց աղբյուրը թերեւս միասնական է` Ռոբերտ Քոչարյանի անխուսափելի եւ մոտալուտ վերադարձի մասին: Ըստ բլեֆների մի մասի` նոր Սահմանադրությունը դրված է հատուկ Քոչարյանի վերադարձն ապահովելու համար (դրանով իբր ուզում են Սահմանադրության դեմ տրամադրել նրանց, ում աչքի գրողն է Քոչարյանը), իսկ մյուս բլեֆներով` իբր հզորագույն ռեսուրսներով եւ «Պուտինի դաբրոյով» Քոչարյանը թափով գալիս է (դրանով էլ ոգեւորում են Քոչարյանի երկրպագուներին):
Սակայն, կարծես թե, առանձնապես չի երեւում, որ ակտիվանա Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան տանդեմը, որի թիկունքում ուրվագծվում է Քոչարյանի ստվերը: Ճիշտ է, Արթուր Վահանիչի լուսապսակ ճակատը վերջերս բավականին շատ է երեւում հեռուստաեթերում, բայց չկան նախանշաններ, որ Կրեմլում շտապեն «դաբրո» տալ Արա Արշավիրովիչին` Հայաստանում ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր խաղեր ծավալելուն:
Դե ինչ, սպասենք աշնանը, երբ, կարծես թե, եղանակային պայմանները առավել հարմարավետ են ու այնքան էլ չեն խանգարում Ռոբերտ Քոչարյանի ասած «վատ պարողներին»: Բայց ոմանց, ովքեր չափազանց գարշահոտ ձեւով են գաղջացնում մթնոլորտը, երեւի թե արժե ուղեգրեր դուրս գրել Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետների» մոտ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk