ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Արխիվ 12-16ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, մայիսի 2-ին Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վկայի կարգավիճակից դարձավ մեղադրյալ: Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով` դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը:
- Օրենքն ինձ թույլ չի տալիս որեւէ տեղեկություն հայտնել, որը կապված է նախաքննական գաղտնիքի հետ:
Ընդունո՞ւմ է արդյոք Սյունիքի մարզպետի որդին իրեն առաջադրված մեղադրանքը, թե` ոչ, փորձեցինք պարզել Տ. Խաչատրյանի փաստաբան ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
- Ո՛չ, Տիրգրան Խաչատրյանը չի ընդունում, մեղավոր չի ճանաչում իրեն: Չարած բանը ինչի՞ ընդունի, մեղադրանքն ամբողջովին հիմնազուրկ է: Ամբողջությամբ շինծու մեղադրանք է, Զաքարյաններին ինչ-որ մեկն ուղղորդել է, որ ժերտվա տան, թիրախ ընտրվի Տիգրան Խաչատրյանը: Ես վստահեցնում եմ, որ շատ շուտով ինքներդ դրանում կհամոզվեք:
- Ուզում եք ասել, որ Տիգրանն ընդհանրապե՞ս չի մասնակցել ծեծկռտուքին:
- Ուզում եմ ասել` նա որեւէ մեկի նկատմամբ ուժ, առավել եւս՝ ծեծ չի կիրառել: Հակառակը` փորձել է հանդարտեցնել, բաժանել վիճող կողմերին: Հենց նույն Հարություն Զաքարյանը դեպքից հետո պաշտպանյալիս շնորհակալություն է հայտնել` վիճաբանությունը հանդարտեցնելու համար. մենք ունենք իմ ասածը պնդող մի շարք վկաների ցուցմունքներ, փաստացի ապացույցներ: Զաքարյանը առերեսման ընթացքում նկարագրել է այնպիսի իրավիճակ, որն ուղղակի մեկը մեկին չի բռնում: Գիտեմ, որ Տիգրանին փորձում են հանրության աչքին դարձնել հրեշ, բայց քննությունը, ես Ձեզ վստահեցնում եմ, կպարզի, թե ով ով է: Տիգրանը բաց ճակատով դուրս կգա այստեղից, եւ փաստերով ապացուցված, որ նա որեւէ մեկին ծեծի չի ենթարկել:
Իհարկե՝ որ Տ. Խաչատրյանը միշտ էլ անմեղ է, եւ ինչ-որ մութ, դավադիր ուժեր ամեն անգամ նրան փորձում են բանտ քարշ տալ, հազիվ թե որեւէ մեկը Հայաստանում կասկածի: Այնպես, ինչպես որեւէ մեկը չի կասկածի, որ հայրը՝ խեղճուկրակ Սուրիկ Խաչատրյանն էլ, այնքան քաշ ու կշիռ չունի, որ որդուն այդ անտեսանելի դավադիրներից պաշտպանի...
Եվ քանի որ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ հիշեցինք, փորձեցինք նրանից եւս մեկնաբանություն ստանալ` որդու կալանավորման կապակցությամբ: Մարզպետը, ինչպես միշտ, շատ կարճ պատասխան տվեց.
- Ես կողմ եմ արդարությանը, քննությունը կպարզի ամեն բան, պետք չէ շտապել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝