ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ՝ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ. ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ՕՐԱԹԵՐԹ
Արխիվ 12-16ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ՝ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ. ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ՕՐԱԹԵՐԹ
2015 թվականից ԵԱՏՄ-ին միանալու կապակցությամբ՝ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատունն առաջնորդվում է նոր ընթացակարգերով:
Մաքսատան պետ ԲԱԲԿԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` մասնավորապես միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵԱՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլեւ ԵԱՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության եւ մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են միության ապրանքի կարգավիճակ»:
ԵԱՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո հարկային մարմնում պետք է վճարեն ԱԱՀ-ն, ինչը նշանակում է, որ քաղաքացին ավտոմեքենայի հետ կապված որոշ գործառույթներ իրականացնելու համար պետք է տարբեր գերատեսչություններ այցելեր:
Բաբկեն Ղազարյանը տեղեկացրել է, որ ավտոմաքսատան նախաձեռնությամբ ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի շնորհիվ՝ ԵԱՏՄ-ից ավտոմեքենա ներկրողներն այժմ մեկ վայրում՝ մաքսատան հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում են վճարում ԱԱՀ-ը, որտեղ սպասարկում են հենց հարկային ծառայության աշխատակիցները:
Սրահը նախատեսված է բացառապես ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ձեւակերպման համար. «Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորությունները, այլեւ միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը եւ հաշվառման կանգնում ոստիկանությունում»,- ընդգծել է մաքսատան ղեկավարը:
Քաղաքացիներին բարձրակարգ եւ արագ ծառայություն մատուցելու նպատակով, ավտոմաքսատանը միաժամանակ շարունակվում են ընթացակարգերի պարզեցմանն ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Մաքսային ձեւակերպման գործընթացից ամբողջությամբ հանվել են պարամետրերը կամ, այսպես կոչված, օպցիաները:
Գործարկվել է նաեւ ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող փորձագիտական երկրորդ կետը` բացառելով հերթերը: Մաքսատանը եռամսյա պարբերականությամբ հետեւում են նաեւ ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները:
Ի դեպ, 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ներկրվել մոտ 13 հազար ավտոմեքենա: Առաջին կիսամյակում, Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ` ավտոմաքսատունը պետական բյուջե է ուղղել շուրջ 13.5 միլիարդ դրամի մուտքեր:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk