ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՀԱՏԻ 40 ԱՍՏԻՃԱՆԻ ՇԵՄԸ
Արխիվ 12-16ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՀԱՏԻ 40 ԱՍՏԻՃԱՆԻ ՇԵՄԸ
Այսօր, ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հուլիս ամսվա ընթացքում գրանցված օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պարզվում է, որ Երևանում ամենատաք օրը եղել է հուլիսի 10-ին, երբ օդի ջերմաստիճանը ստվերում բարձրացել է մինչև 40,5 աստիճան: Մասնագետի խոսքով գրանցված ցուցանիշը, սակայն չԻ գերազանցել նախորդ տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշները՝ 2010 թ.-ի օգոստոսի 3-ին Երևանում գրանցվել է 42 աստիճան, իսկ 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում գրանցել է 43, 7 աստիճան:
Եղանակային կանխատեսումների համաձայն սպասվում է, որ օգոստոս ամսին բավականին շոգ է լինելու: Վերջին երեք օրերին մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում առավելագույն ջերմաստիճանները տատանվել է 38-39 աստիճանի սահմաններում, իսկ Ուրցաձորում գրանցվել է 40 աստիճան:
«Այս բարձր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հուլիսի 30-ը, իսկ հուլիսի 30-ից եղանակային պայմանները կփոխվեն: Կովկասին մոտենում է նոր տաք օդային ալիք, ինչը նշանակում է, որ եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով»,- տեղեկացրեց Սուրենյանը:
Ամենաշոգ օրերը կլինեն հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ը ընկած ժամանակահատվածում: Մայրաքաղաքում, Սյունիքի հովիտներում և Տավուշում եղանակը կբարձրանա մինչև 40 աստիճան: Մասնագետի խոսքով առանձին ոչ ծառածածկ, ասֆալտապատ տարածքներում կգրանցվի 41 աստիճան տաքություն:
Սուրենյանը հավելեց նաև, որ երեկոյան ժամերին էլ օդի ջերմաստիճանը շատ չի իջնի, քանի որ առաջիկա օրերին կդադարեն երեկոներն ակտիվացող քամու հոսանքները:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk