Ո՞Վ ԿՎՃԱՐԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՏԻՎԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16Ո՞Վ ԿՎՃԱՐԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՏԻՎԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է մաս-մաս ցրել իր գլխին կուտակված ամպերը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները: Այլ կերպ ասած հանձնաժողովը ուզում է «բարձրացնել» իր գործունեության հանդեպ առկա վստահության 0-յական մակարդակը:
Եվ ահա հուլիսի 27-ին կայացած նիստում ՀԾԿՀ-ն որոշում է ընդունել համագործակցության առաջարկ ներկայացնել էլեկտրաէներգետիկական համակարգում խորհրդատվական ծառայություն մատուցող 5 խոշոր միջազգային խորհրդատու ընկերությունների: Այս քայլով Նազարյանը փորձում է ստանալ ընդամենը երկու հարցի պատասխան՝
ա) ինչքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը,
բ) սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
Զարմանալի է, որ Նազարյանը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ժամանակը «խլելով» չի ուզում ստանալ հանրությանը հուզող այն ամենակարևոր և հիմնական հարցերի պատասխանները, թե ընդհանրապես Հայաստանի էներգետիկ համակարգն ինչո՞ւ է կանգնել նման կրախի առջև, ո՞ւմ անմնացորդ, ջանասեր ու նվիրված «աշխատանքի» հետանքով և այլն:
Պարզից էլ պարզ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը սրանով ոչ թե փորձում է վերականգնել հանրության վստահությունը, այլ ընդամենը փորձում է «արդարացնել» հոսանքի սակագնի վերջին թանկացումը: Դրանով Նազարյանը մի գնդակով երկու նապաստակ է ուզում որսալ՝ նախ փրկել սեփական կաշին, երկրորդ՝ մեկընդմիշտ փակել անցյալի մութ էջերը փորելու ճանապարհները, քանի որ բազում «վտակներից» հոսող «ջրերը» վաղուց փոխել են իրենց ուղղությունը:
Այսպիսով, ՀԾԿՀ-ն ուզում է շրջանցել հիմքերը և «ստանալ» լցված բաժակի միայն վերջին կաթիլի «հիմնավորումները»: Մնում է հասկանալ, թե կգտնվի՞ արդյոք իրեն հարգող որևէ կազմակերպություն, որն իր վիճակի կլինի աչքերը փակել սեփական հեղինակության վրա և նման «պատվեր» ընդունել: Եթե այո, ապա հետաքրքիր է, թե ի՞նչքան կկազմի այդ պատվերի գինը և ու՞մ գրպանից է այն վճարվելու:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk