ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. ««ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՀՊԱՆԵԼ` ՄԻ ՔԱՆԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՎ»
Արխիվ 12-16ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. ««ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ
ԿԱՐԵԼԻ Է ՊԱՀՊԱՆԵԼ` ՄԻ ՔԱՆԻ ԱՄՐԱՑՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՎ»
Օրեր առաջ Հանրային խորհուրդը նորից անդրադարձավ Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման խնդրին եւ հայտարարեց, որ անընդունելի է հին մասնաշենքի քանդումը: «Դրական գնահատել Կոնցեսիոների` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նոր առաջարկությունը՝ պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը՝ միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից: Դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելու Կոնցեսիոներին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման և օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին»,- ասված է հայտարարության մեջ:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀԽ-ի կայացրած որոշման մասին, հույս հայտնեց, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ը կհամագործակցի ճարտարապետների հետ` ընդունելի լուծում տալու համար:
Ճարտարապետի խոսքով` հին մասնաշենքի քանդման առնչվող քննարկումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ցանկացած ներդրողի որեւէ կառույց հանձնելուց առաջ պետք է մանրամասն նրան տեղեկացնել կառույցի պատմության մասին, հատկապես եթե այն մշակութային արժեք է:
Անդրադառնալով այն պնդմանը, թե «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը վթարային վիճակում է, Մկրտիչ Մինասյանը դա հերքեց. «Մասնաշենքի բազրիքները քայքայվել են, հենասյուներից մեկն էլ ջրով է ողողվել: Բայց այս իրավիճակը կարելի է շտկել» :
ճարտարապետների միության նախագահը պնդում է` «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի կարելի քանդել: «Անհրաժեշտ է շենքի ամբողջ տեսքը պահպանել` մի քանի ամրացման աշխատանքներ անելով»,- եզրափակեց ճարտարապետների միության նախագահը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

