Ա. Բոստանջյան. «Օքրո Օքրոյանն իր կյանքն իմաստավորեց ոչ միայն պոեզիայով, այլեւ բարեգործությամբ»
Արխիվ 12-16Ա. Բոստանջյան. «ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆՆ ԻՐ ԿՅԱՆՔՆ ԻՄԱՍՏԱՎՈՐԵՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՊՈԵԶԻԱՅՈՎ, ԱՅԼԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ»
Հուլիսի 25-ը Ջավախք աշխարհում կրկնակի տոն էր: Կարծախ գյուղում կայացավ մեծանուն աշուղ Ջիվանուն նվիրված ավանդական «Ջիվանական օր» հանդիսությունը: Սակայն, հենց այդ օրը առանձնահատուկ է ջավախահայության ու հատկապես Տուրցխ գյուղի համար նաեւ նրանով, որ գրող, գրականագետ, ՀՀ Գրողների միության անդամ, Բանասիրական գիտությունների թեկնածու ու մեծ բարեգործ ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆՆ այդ օրը կդառնար 76 տարեկան: Հիշեցնենք, որ մահից հետո ամեն տարի նրա ծննդյան օրը մեծ շուքով նշվում է Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» հիմնադրամի կողմից: Սակայն, այս տարի առաջին դեպքն է, որ
հանգամանքների բերումով չի նշվում այն: Իհարկե, այդ չխանգարեց, որ «Աստված սեր է» հիմնադրամի աշխատակիցներն (տնօրեն` Արտակ Ոսկանյան) ու Օքրոյանի հարազատներն այցելեն նրա շիրիմին` Երեւանի քաղաքային պանթեոն (Սովետաշեն) ու իրենց հարգանքի տուրքը մատուցեն: Այս մասին «Իրավունքին» հաջողվեց պարզել հենց այդ օրը Երեւան ժամանած թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր, ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի Վրաստանի հետ կապերի բաժնի վարիչ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ: Առիթից օգտվելով էլ հենց նրա հետ խոսեցինք վաղամեռիկ գրչընկերոջ մասին. «Ինձ համար այսօր կարեւոր օր է, որովհետեւ նշվում է Օքրո Օքրոյան բանաստեղծի 76-ամյակը: Նա ինձ համար միայն բանաստեղծ չէր կամ գրող, այլ իմ ամենամտերիմ գրչընկերներից մեկն է եղել, որը, ցավոք, շուտ հեռացավ կյանքից: Եթե երկար ապրեր Օքրո Օքրոյանն, ապա դրանից կշահեր ե՛ւ ընթերցողը, ե՛ւ հայ ժողոովուրդը, ե՛ւ Ջավախքի տարածաշրջանի ընչազուրկ խավը, որովհետեւ Օքրոն իր կյանքը իմաստավորեց ո՛չ միայն մանկավարժական գործունեությամբ, ո՛չ միայն գրականագիտական գործունեությամբ, ո՛չ միայն պոեզիայով, այլեւ բարեգործությամբ: Նրա բարեգործությունների սահմանները բավականին լայն են, եւ կարծում եմ` ժողովրդի խոնարումը նաեւ Օքրո Օքրոյան բարեգործի հիշատակի առջեւ է: Շատ տպավորիչ է այն, որ Օքրո Օքրոյանի բարեգործական ջիղն էլ ավելի ամուր սերմեր է գցել իր երկու որդիների մեջ»: Մեր զրուցակիցն
անդրադառնալով նախորդ տարի այս օրը կայացած Օքրո Օքրոյանին նվիրված հոբելյանական միջոցառմանը, որի կայացման գործում ջանք ու եռանդ չի խնայել` հավելեց. «Անցած տարի Սփյուռքի նախարարությունը «Նուբար Փաշա» մեդալով պարգեւատրեց Օքրոյանի ավագ, շնորհալի որդուն` Մկրտիչ Օքրոյանին, որը մոր ու եղբոր հետ միասին «Աստված սեր է» հիմնադրամի հիմնադիրներից է: Բացի այդ որպես հիմնադրամի աշխատակից, որպես Վրաստանի հետ կապերի բաժնի վարիչ` ինձ հպարտ եմ զգում, որ վրաստանյան պատվիրակությունը Երեւանում ներկա լինելով Օքրոյանի 75-ամյակին նվիրված երեկոյին` Վրաստանի գրողների միության կողմից հետմահու պարգեւատրեց Օքրոյանին, որը նրա առաջին գրական մրցանակն էր: Այն շատ պատվաբեր մրցանակ էր` «Ակակի Ծերեթելու» անվան բարձրագույն գրական մրցանակ»: Ավարտելով խոսքը բանաստեղծուհին դիմեց լուսահոգի գրչընկերոջը. «Լո՛ւյս շիրիմիդ, ի՛մ սիրելի գրչընկեր, թող այս տոները լինեն հավերժական եւ քո անունը եւս անմահանա հայ գրականության մեջ»:
Նշենք, որ 2004 թվականին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի գրադարանն անվանակոչվել է Օքրո Օքրոյանի անունով: Իսկ 2003 թվականից, լուսահոգի գրողի քառասունքին արդեն գործում էր նրա անվան թվականին «Աստված սեր է» գրական հիմնադրամը: Օքրոյանն այսօր ունի 30-ից ավելի գիրք, մեծ տեղ է զբաղեցնում նաեւ նրա «Աստված սեր է» քառհատորյակը: Նրա գրչին են պատկանում «Հանդիպում ուղեծրում» (1983), «Շուշանաց հովիտը» (1996), «Լեռան զանգեր» (1996) վեպը:
Ի դեպ, Օքրոյանի հայրենի գյուղի օջախն առ այսօր շարունակում է ծխալ: Նրա այրին` Վրաստանի վաստակավոր մանկավարժ Անյա Մահտեսյանը, թեպետ ապրում է Մոսկվայում` զավակների մոտ, բայց ամեն տարի մի քանի ամսով գալիս է Տուրցխ, որպեսզի խնկարկի Օքրոյան գրողի ու բարերարի անունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk