Դերասանուհին հպարտանալու կրկնակի առիթ ունի.«Եթե իմը չէ, ապա ո՞ւմ որդին պիտի անառիկ պահի սահմանները»
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԿՐԿՆԱԿԻ ԱՌԻԹ ՈՒՆԻ. «ԵԹԵ ԻՄԸ ՉԷ, ԱՊԱ Ո՞ՒՄ ՈՐԴԻՆ ՊԻՏԻ ԱՆԱՌԻԿ ՊԱՀԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ այսօր հպարտանալու կրկնակի առիթ ունի: Նախ ավագ որդին` Վարդանը, տուն է վերադարձել Եղնիկներում բարեհաջող ծառայությունից, միեւնույն ժամանակ, Հայաստանի սահմաններն անառիկ պահելու համար ծառայության ուղարկեց կրտսեր որդուն` Գրիգորին: Դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ հպարտություններ` Վարդանս վերադարձավ, Գրիգորս մեկնում է, Աստված պահապան քեզ, զավակս, իմ զինվոր տղա»:
Իսկ «Իրավունքի» հետ զրույցում Զ. Խաչատրյանն ասաց. «Չեք պատկերացնի, թե ինչ հպարտությամբ ես լցված, երբ քո 18-ամյա որդին սահմանին իրեն իսկական տղամարդու նման է պահում, դրանից մեծ վայելք, մեծ բերկրանք չգիտեմ` կա՞, թե՞ ոչ: Թող Աստված իրենց պահապան լինի ու ամեն փորձության պահին իրենք կարողանան ճիշտ կողմնորոշվել: Անփորձանք ու բարի վերադարձ մեր որդիներին: Ինչպես յուրաքանչյուր զինվորի մայր, մաղթում եմ, որ առաջին հերթին` մեր երկրին խաղաղություն լինի, բոլոր զինվորները առողջ ու անփորձանք վերադառնան տուն: Երբեք որեւէ հայ զինվորի սրտում թող ահ չլինի, եթե լինի, ապա միայն թշնամու համար»,- հպարտությամբ ասաց դերասանուհին ու շարունակեց. «Սուտ կլինի, եթե ասեմ անհանգիստ չեմ, այդպիսի զինվորի մայր չկա, որ անհանգիստ չլինի: Միեւնույն ժամանակ, առավոտից երեկո ես ոչինչ չեմ կարող անել, բացի աղոթելուց: Ես զօրուգիշեր աղոթում եմ ու հավատում` Տերը պահապան է մեր զավակներին»:
Որդիներից մեկի անփորձանք տուն վերադարձի ու մյուսին բարի ծառայության ուղարկելու
մասին Զ. Խաչատրյանը նշեց. «Հպարտանում եմ այդ փաստով, թող իմ զավակներն իսկապես լինեն անփորձանք եւ ծառայեն հենց Հայոց բանակում: Ցավում եմ, որ մարդիկ փորձում են իրենց երեխաներին բանակից հետ պահել, ի վերջո, եթե իմ որդին չէ, ապա ո՞ւմ որդին պիտի անառիկ պահի մեր սահմանները: Դրա մասին պետք է շատ խորը մտածել, եթե յուրաքանչյուրս ձգտենք մեր զավակներին հեռու պահել ծառայությունից, կնշանակի մեր ձեռքով մեր երկիրը տանք թշնամուն: Ո՛չ, դա չեմ կարողանում ընդունել: Իհարկե, հարցն այն չէ, երբ երեխան պիտանի չէ ծառայության: Այսօր, եթե բոլորս հանգիստ նստած ենք, դա միայն սահմանին կանգնած մեր որդիների շնորհիվ է: Այո՛, բանակը ունի թերություններ, բայց ես չեմ կարողանում ընդունել այն փաստը, երբ քննադատում են բանակին, կարծես այդ պահին իմ սիրտը ճզմեն ու տրորեն: Ուրախ եմ, որ իմ մյուս տղաս էլ է գնում ծառայելու Հայոց բանակում, նա եղբորը տեսնելով` ասում էր մամ ջան, չմտածես, ես էլ եմ եղբորս նման ծառայելու»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk