«ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ- ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ԿԱՄ»
Արխիվ 12-16«ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ-ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ԿԱՄ»
Ամիսներ առաջ ՀՀ Ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ մահվանից հետո նրա այրին` դրամատուրգ, բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նոր-նոր է իրեն վերագտնում: Ավելին` նախաձեռնել ու շարունակում է ամուսնու կիսատ թողած գործերը, ինչպես ինքն ասաց` Կարենի տված հրամաններն եմ ի կատար ածում:
«ԿԱՐԵՆԻՑ ՀԵՏՈ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԳՏՆԵԼ ԻՆՁ»
- Կարենից հետո ինձ համար հոգեբանորեն շատ դժվար էր շարունակել այն առաքելությունը, որը ես եւ Կարենն էինք մեր առաջ դրել` ծառայել հանուն արվեստի, ժողովրդի: Այդ առումով շատ նման էինք` երկուսս էլ ժողովրդասեր, մարդասեր, շփվող... Ասում էր` Լիանա, բայց դու ինչքան նման ես ինձ: Իրոք, նրանից հետո դժվար էր, բայց ինձ ուժ տվեց մի բան. Երբ նոր եկա ասպարեզ, Կարենն ասաց. «Բացի այն, որ իմ արվեստով ծառայել եմ ժողովրդին, գտել եմ մի շատ կարեւոր անձնավորության, ով կարող է շարունակել իմ գործը»: Դա հիշելով, հասկացա` պիտի անպայման շարունակեմ գործը: Նույնիսկ` վերադարձա իմ ակունքներին` որտեղից սկսել էի... Հետո հիմնադրվեց «Ռազմիկ» թատերական հիմնադրամը` հայրիկիս անունով, ու ստացվում է` Կարենից հետո հիմա էլ իմ հայրիկով պիտի շարունակեմ: Շատ էի մտածում, թե ինչ անել, որ անվանումը համապատասխանի գործունեությանը ու որոշեցի ռազմահայրենասիրական ծրագիր իրականացնել: «Վանա կատու» ներկայացումը արդեն 3-րդ անգամ խաղում ենք սահմանապահ գոտում` Տավուշի մարզում ու հենց զինվորների համար: Այն շարունակական պետք է լինի, ինչի համար շնորհակալ եմ իմ դերասաններին, որովհետեւ երբ սկզբում տեղեկացրեցի նրանց այս ծրագրի մասին, շատ ոգեւորվեցին, բոլորը մի մարդու նման մեծ ոգեւորությամբ կողմ եղան ծրագրի իրականցմանը: Հավատացե՛ք, Սունդուկյանի բեմում 5 տարի Կարենի հետ խաղացել ենք, բայց դերասանների կողմից նման ոգեւորություն երբեւէ չեմ նկատել: Իհարկե, նրանք շատ ուրախ էին նաեւ ինձ համար, որ Կարենից հետո փորձում եմ վերագտնել ինձ, որովհետեւ վերջին հաշվով, որքան բարին կամեցողներ ունեմ, մի քիչ ավելի շատ կամ պակաս` չսիրողներ: Ինձ զանգահարում էին` Լիանա ջան, ինչպես է քո վիճակը, ինչպես ես կարողանում հաղթահարել այդ վիշտը, իմը վիշտ չէր, իմը սուգ չէր, այլ մեծ ցավ էր, որ ես, ազգն է կորցրել նման մեծություն: Ես Կարենիս 15 տարվա ապահովագրություն էի տվել, որ պիտի ապրեր, ցավում եմ` 5 տարի տեւեց դա... Այդպես էլ Կարենս ասաց. «Ախր, ես ուզում էի 89 տարի ապրել, ինչո՞ւ այսպես ստացվեց...»: Նա շատ նեղվեց, երբ հայտնաբերվեց չարաբաստիկ հիվանդությունը, չէր պատկերացնում, դա մի ամպրոպ էր, որ մեր գլխին ընկավ... Ախր, մենք որոշել էինք 15 տարի ապրել միասին, ինչու այդպես ստացվեց, չգիտեմ...
«ԿԱՐԵՆԸ ՄԻ ՕՐ ԱՐՏԱՍՈՒՔՆԵՐՈՎ ԱՍԱՑ` ՎԵՐՋԱՑԱՎ ԻՄ ՀԵՔԻԱԹԸ»
-Որեւէ ծրագրեր, նպատակներ ունե՞ր:
- Մենք միասին շատ բաներ էինք ծրագրել, կիսատ մնաց... Կարենը մի օր արտասուքներով ասաց` ցավում եմ, որ վերջացավ իմ հեքիաթը... Դա հեքիաթ չէր, դա պատմվածք էլ չէր, վիպակ էր, որն անպայման պիտի դրամատուրգիա դառնա, բեմահարթակ դուրս գա: Կարեն Ջանիբեկյան-Լիանա Անթառանյան պատմությունը շարունակվում է, այն չի կարող դադարել, որովհետեւ ես կամ:
«ԻՆՉՈՒՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՉՈՒՆԵՄ»
- Որքան գիտեմ` «Արտիստը» պիեսը սկսել եք գրել Ջանիբեկյանի կենդանության օրոք:
- Այո, բայց ես չեմ շտապում, այդ պատմությունը կդառնա եռերգություն` հայ դրամատուրգիայում առաջինը կլինի:
- Ինչո՞ւ չեք շտապում:
- Որովհետեւ ամեն ինչ ուզում եմ ռեալ լինի, իմ գրիչը ոսկուց չէ, ազնիվ ու արդար է, ուստի միայն պիտի արդարություն ու ազնվություն ծնի: Պիեսն այն ժամանակ պատրաստ կլինի, երբ ինքս լիովին պատրաստ կլինեմ ազնվորեն վերծանելու ամեն ինչ: Ճիշտ է, իմ կյանքն է, բայց դեռեւս շատ հարցեր կան: Այդ ինչուների պատասխանները չունեմ, դեռ շատ կիսատ հարցեր կան: Երբ պատասխանները ստանամ, այն ժամանակ «Արտիստը» բեմ դուրս կգա: Ամեն ինչ գրի է առնված հոգուս խորքում:
«ԱՅԴ ՀԱՐՎԱԾՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԼԻՆԵԼ ՇԱՏ ՀԱՐԱԶԱՏ ՄԱՐԴԻԿ»
- Իսկ պատասխանատու չէ՞ հանրության առաջ դնել մեծ արտիստի կյանքը, ում հետ վեց տարի ապրել եք:
- Հանրության առաջ առաջին իսկ օրվանից ես այդ մեծության հետ այնքան թափանցիկ, անկեղծ ու բաց ճակատով եմ ապրել, որ անգամ մտավախություն չունեմ: Միշտ եղել եմ որպես Կարենի թիկնապահ` միշտ մի քայլ հետ եմ կանգնել եւ աչքի տակով նայել, որ ոչ ոք հանկարծ չհամարձակվի նման մեծությանը քարկոծել, բամբասել, նույնիսկ` հարվածել: Իսկ այդ հարվածողները կարող էին եւ հանկարծ լինել շատ ավելի հարազատ մարդիկ... Ասում են` «Օձը տաքացնողին է կծում...»: Այդ ամենը տեսել է հանրությունը, թե ինչպես եմ ապրել նման մեծության կողքին եւ այսօր ապացուցելու ոչինչ չունեմ:
«ԻՄ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԻՑ ՀԵՏՈ ՆԱ ՍՏԱՑԱՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ԿՈՉՈՒՄ»
- Գաղտնիք չէ, որ Ջանիբեկյանը բարդ մարդ էր, «փշոտ» արտիստ, ի վերջո, ինչպես կարողացաք հաղթահարել դա ու 3 բեմադրություն անել նրա հետ:
- Որպես ռեժիսոր` բախտավոր եմ, որ Կարենը խաղաց իմ 3 ներկայացումներում: Ի դեպ, իմ առաջին գործից `«Սարերում կյանք կա» ներկայացումից հետո, նա ստացավ Ժողովրդական արտիստի կոչում: Իմ այդ ներկայացումով նա վերադարձավ ասպարեզ, իրեն հիշեցին... Դեռեւս այդ ժամանակ, ես, լինելով ճուտը ձվի մեջ, հասկացել էի, թե որքան բարդ է Կարեն Ջանիբեկյան դերասանի հետ աշխատելը: Մի օր նույնիսկ այսպիսի բան ասացի` Կարեն, հանկարծ չնեղանաս, պիտի ասեմ, որ քեզ ժողովրդական կոչում տալուց առաջ պետք էր հերոսի կոչում տալ այն ռեժիսորներին, ովքեր համարձակություն են ունեցել աշխատել քեզ հետ, ասաց. «Ձենդ կտրի՜ր...»: Ես նոր էի սկսում իմ ռեժիսորական կարիերան, բայց զգացի, թե ինչքան բարդ է նրա հետ աշխատելը:
«ԱՄՈՒՍՆԱՑՆԵԻՆՔ, ՆԱ ԷԼԻ ԿԱՄՈՒՍՆԱՆԱՐ»
- Փաստորեն, Ձեր «Վանա կատու» ներկայացումը դարձավ Ջանիբեկյանի կարապի երգը...
- Այո, երբ արդեն այդ ներկայացման համար հովանավորի կողմից գումարն ունեիք, այդ ժամանակ Կարենը հազում էր, ու իրեն բուժում էինք թոքաբորբի դեմ, բայց, երբ տեսանք, որ ոչինչ չի փոխվում, եւ հետազոտության արդյունքում պարզվեց, որ նրա մոտ չարաբաստիկ հիվանդություն է, ասացի` Կարեն, քանի գումարը չենք ծախսել, փորձերը չենք սկսել, ու պատասխանատվություն չկա, գումարը վերադարձնենք` ներկայացումը չանենք ու զբաղվենք քեզնով: Ասաց` ի՞նչ ես ասում, դու իմ 6-րդ երեխան ես, բոլորին տեղավորել եմ, նրանցից հանգիստ եմ, եթե ուզում ես իմ կյանքը երկարացնել, ուրեմն` պիտի դա անես, ու ես պիտի խաղամ, որպեսզի հանգիստ խղճով մեռնեմ, իմանալով, որ քո դիպլոմային աշխատանքը պատրաստ է: Պատկերացնո՞ւմ եք` դա ինչ էր ինձ համար` թե՛ որպես իրեն սիրող կին, թե՛ որպես հեղինակ: Այնքան դժվար է եղել ինձ համար... Դեղեր էինք ներարկում, որպեսզի դիմադրողականությունը բարձրանա, բայց 38 աստիճան տաքությունով գալիս էր փորձերին, աթոռների վրա պառկում էր, ես էլ արդեն էքստազի մեջ ասում էի` Կարեն, քո մուտքն է, արագ դուրս արի: Խեղճը սուսուփուս, տնքալով ու ամեն վայրկյան հազալով խաղում էր... Ես չեմ կարող դա մոռանալ... 2 ամիս 20 օրվա մեջ ես ամեն ինչ տեսա, ամեն ինչ զգացի` ցավ, բերկրանք, զայրույթ, հիասթափություն... Այդ
օրերի մասին կարելի է տարիներով պատմել... Մեկ-մեկ ցավ եմ ապրում, մեկ-մեկ` հպարտություն, մեկ-մեկ շնորհակալ եմ, որ նա արեց դա... Պատկերացրե՛ք, նա ինձ հետ համաձայներ, ու չանեինք ներկայացումը: Փաստորեն, հանուն արվեստի նա արեց դա, ա՛յ, դա է մեծություն Կարեն Ջանիբեկյանը... Մարդիկ գրիպ են ընկնում, չեն ուզում կողքինին բարեւ տալ, բայց նա խաղաց մի ամբողջ ներկայացում: Երբ ընկնում էր ներկայացման ժամանակ, հանդիսատեսին թվում էր, թե այլեւս ոտքի չի կանգնելու... Սիրուն բան կա դրա մեջ, բայց դաժան է ճշմարտությունը... Դա իր ցանկությունն էր... Մինչ ներկայացումը, իրեն ուզում էինք տանել քիմիաթերապիայի կուրս ընդունելու, չցանկացավ, ասաց. «Ո՛չ, մազերս կթափվեն, Վանա կատու չեմ կարող լինել, իմ մազերը պիտի գզգզված դուրս գամ բեմ, կխաղամ` նոր»: Այդպես`
մայիսի 28-ին նա խաղաց Վանա կատվի դերն ու հաջորդ օրն ընդունեց քիմիաթերապիա, որը արդյունք չտվեց, կեսից դադարեցրինք... Մինչեւ վերջին պահը մարդն ապրեց, ամուսնացնեինք, նա էլի կամուսնանար...
«ԱՐՏԻՍՏՆ ԷԼ ՉԿԱ, ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՔԻԱԹԸ»
- Վերջին խաղից հետո ի՞նչ զգացողություն ուներ, ի՞նչ էր ասում:
- Ինքն իրենից շատ գոհ էր, որ արեց դա: Բայց պրեմիերայից հետո կարծես մի փայտիկի միանգամից կոտրես, կուլմինացիան էր դա, բաբախ, ֆուրոր, եւ վերջ, չկա արտիստը... Արտիստն էլ չկա, ավարտվեց հեքիաթը... Մտանք կենցաղ, մտանք բուժման կուրս, մտանք հոգս, մեկս մեկիս հորդորել... Այնքան բան է ասել Կարենն ինձ, որ պիտի անեմ... Կարգադրություններ արեց ու նոր գնաց... Մենք շատ բաների մասին ենք խոսել, թե ինչ պիտի անեմ, ինչպես պիտի անեմ... Շատ բաներ կիսատ մնաց, ինչ-ինչ պատճառով գետն իր արխը փոխեց, դա էլ է բնական... Բայց կյանքը շարունակվում է:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk