ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ՔՐՏԻՆՔԻ ԴԵՄ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ՔՐՏԻՆՔԻ ԴԵՄ
- Հարգելի բժիշկ, ամուսինս շատ է քրտնում: Տհաճ հոտից (հատկապես թեւատակերը) ձերբազատվելու համար տարբեր դեզոդորանտներ է օգտագործում, բայց անօգուտ: Ասում են` կան հատուկ միջոցներ, որոնք խոչընդոտում են քրտնարտադրությանը: Արդյո՞ք դրանք անվնաս են:
Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.
-Այո՛, նման միջոցներ գոյություն ունեն, հարգելի նամակագիր: Սակայն օգտվել ցանկալի չէ, քանի որ անցանկալի հետեւանքների պատճառ կարող են դառնալ: Այս «արդյունավետ» միջոցները խախտում են օրգանիզմի ջերմակարգավորող ֆունկցիան, հանդիսանում մաշկային հիվանդությունների պատճառ:
Օրինակ` հիդրադենիտ հիվանդության առաջացման բուն պատճառ կարող են հանդիսանալ ձեր իսկ կողմից նշված քրտնազերծիչ (հակապերսպիրանտ) միջոցները: Խոսքը այն միջոցների մասին է, որոնք, այսպես ասած, խցանում են քրտնագեղձերը, ինչի արդյունքում քրտինք չի առաջանում: Սկզբնական շրջանում ի հայտ են գալիս մանր բշտիկներ, որոնք հետագայում վերածվում են թարախային մեծ պարկերի: Այս պարագայում անօգուտ են դառնում տեղային օգտագործման համար նախատեսված դեղամիջոցները: Միակ ելքը`վիրահատական միջամտությունն է:
Հիվանդության զարգացման շրջանում հիմնական գանգատը` աննշան ցավն է, քորի զգացողությունը: Հնարավոր է` հիվանդը ջերմի:
Ուստի նման անցանկալի իրավիճակներից զերծ մնալու համար` հարկ է կատարել հոտազերծիչ միջոցի ճիշտ ընտրություն: Ուշադիր կարդացեք գնդիկավոր կամ ցողաշիթ միջոցի վրա զետեղված նկարագրությունը: Ընտրեք միջոց, որը վերացնում է քրտինքի հոտը, այլ ոչ քրտնարտադրությունը:
Մի անտեսեք տարրական հիգիենայի կանոնները. օրվա ընթացքում կարող եք մի քանի անգամ ցնցուղ ընդունել` գոլ ջրով (տաք ջուրը ամռանն այնքան էլ հաճելի չէ), կարելի է առանց օճառի:
Ինչ վերաբերում է թեւատակերի մազածածկույթին, ապա խորհուրդ չի տրվում այն հեռացնել ածելիի օգնությամբ (պարզապես պետք է կարճ պահել): Հիմքից հեռացված մազածածկույթը կարող է խնդիրներ առաջացնել մազարմատների հետ:
Ի դեպ, նման հիգիենիկ գործընթացներ (օրինակ` էպիլյացիա) խորհուրդ չի տրվում անցկացնել ամռանը, քանի որ կա վարակ անցկացնելու վտանգը: Կարող եք այդ գործընթացը թողնել աշնան եւ ձմռան ամիսների համար:
Անցանկալի բշտիկների առկայության դեպքում, հարգելի նամակագիր, ինքնագործունեություն մի ծավալեք, առաջացման իսկ պահից դիմեք մասնագետի օգնությանը:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk