ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
«Իրավունքը» առիթ ունեցել է անդրադառնալ 2013 թվականի դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով մահացած Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի 34-ամյա որդու` Արտավազդ Թամրազյանի եւ մարզում հեղինակություն համարվող Նավոյի՝ դիլիջանցի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբորորդու սպանությունների պատմությանը: Անդրադարձել ենք նաեւ, որ այս հանցագործությունից որոշ ժամանակ հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել նաեւ Թեղուտի գյուղապետի մյուս որդու՝ Արագած (Արգո) Թամրազյանի նկատմամբ: Մասնավորապես, որ. «Հետախուզման մեջ գտնվող Արագած Թամրազյանը կարողանում է ճարպկորեն թաքնվել իրավապահներից... իր համար հանգիստ, անվախ, անկաշկանդ Դիլիջանում ման գալով: Ավելին՝ նաեւ «զենքը վրան խփած»»:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, երբ փորձեցինք հետաքրքրվել վերոնշյալով, ստացանք միայն հետեւյալ պատասխանը. «Ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր օպերատիվ փնտրողական աշխատանքները` հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ»:
«ՍՈՒԽՈՅ ԱՏԿԱԶ»
Աղբյուրի տեղեկությունը փորձեցինք ստուգել նաեւ «Դիլիջան ազգային պարկի» փոխտնօրեն ՏԻԳՐԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրեն նման փաստով հրավիրել են ոստիկանության բաժին, բայց.
- Ես չեմ կարող հաստատել, որ Արագած Թամրազյանին տեսել են իմ մեքենայի մեջ, որովհետեւ էդ ձեւի բան չէր կարող լինել:
- Այսի՞նքն:
- Այսինքն` ես նման մարդու մեքենա չեմ տվել:
- Ասում են, որ մտերիմ հարաբերություններ ունեք իր հետ:
- Չէ (ասաց մի պահ մտածելուց հետո- Ի.Ա), ըտենց բան չկա:
- Բայց այդ հարցի հետ կապված` կանչել են ոստիկանություն:
- Կանչել են, հա, բայց ես նույն պատասխանն եմ տվել, ինչ` Ձեզ. չեմ ճանաչում, չգիտեմ:
- Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում, որ հենց Ձեր մեքենան են ականատեսները հիշատակել եւ Ձեր անձն են շեշտում:
- Եսիմ, ինձ թվում է ինչ-որ մեկի հետ շփոթել են:
ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Մեր զրուցակցի պնդումը, թե՝ «չեմ ճանաչում» մեկ տարուց ավել հետախուզման մեջ գտնվող Արգոյին, առնվազն տարօրինակ է թվում` մեր աղբյուրի պատմության շարունակությունից ելնելով. «Շատ հնարավոր է, եւ չի բացառվում, որ Արգոն, հետախուզման մեջ գտնվելով, «կանտրոլի» տակ է պահում նաեւ իր սեզոնային բիզնեսները: Մասնավորապես՝ դեպի Հաղարծին վանքային համալիր տանող ճանապարհին, «Դիլիջան ազգային պարկի» տարածքում գտնվող հանգստյան տաղավարները, որն ըստ փաստաթղթերի` տնօրինում է սպանված Արտավազդ Թամրազյանի կինը»:
Եվ ի՞նչ է ստացվում, որ պարկի փոխտնօրենը «չի՞ ճանաչում» իր վերահսկողության գոտում գտնվող այդ բավականին ծավալուն բիզնեսի ¥քսանից ավել տաղավարները, որոնց օրավարձը 20-25 հազար դրամ է, եւ այս սեզոնին գրեթե ազատ տաղավարներ չեն գտնվում¤ տերերին:
Իսկ որ այդ տասնյակ միլիոնանոց բիզնեսն իրոք Թամրազյաններինն է, փորձեցինք ճշտել Դիլիջանի հարկայինի պետ ԳՈՌ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՑ: Մասնավորապես, թե այդ տաղավարներից հարկայինին վճարումներ կատարվո՞ւմ են եւ ո՞ւմ անունից:
- Այո, տաղավարներից ստացված եկամտահարկը վճարում է Արտավազդ Թամրազյանի կինը, ով անհատ ձեռներեց է: Տաղավարները օրինական չեն, բայց հարկ մեզ տալիս են: Այսինքն՝ մեզ հետաքրքիր չէ տաղավարների գրանցման հարցը, մեզ հետաքրքրում է միայն, թե ծառայության դիմաց հարկ գանձվո՞ւմ է, թե` ոչ:
- Պարոն Ենգիբարյան, ըստ հանգստացողների, ովքեր օգտվել են այդ տաղավարներից, տարածքի տաղավարներից օգտվելու համար օրվա համար վճարել են նվազագույնը 22 հազար դրամ, ամսական գալիս է տասը միլիոնից ավել գումար: Դրան համարժեք հարկ գանձվո՞ւմ է:
- Չէ, դժվար ամսական այդքան եկամուտ լինի, մենք Դիլիջանում նման շրջանառություն չունենք: Իսկ այդ տաղավարները աշխատում են միայն շաբաթ-կիրակի օրերին: Իսկ թե կոնկրետ որքան հարկ է գանձվում, ո՛չ հիմա իմ ձեռքի տակ նման տեղեկատվություն ունեմ, ո՛չ էլ իրավունք ունեմ այդ թվերը հրապարակելու:
Իսկ ահա դիլիջանցիները պնդում են, որ այդ տաղավարները գործում են ոչ միայն շաբաթ-կիրակի օրերին, այլ. «Ամեն օր լիքը հանգստացողներ կան, նույնիսկ տաղավարները զբաղեցնելու համար նախապես են պայմանավորվում»: Չնայած՝ այստեղ էականը ոչ թե բիզնեսի ծավալն է, այլ, որ՝ «տաղավարները օրինական չեն»: Ուրեմն՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի բիզնե՞ս կա, որի տերերին փոխտնօրենը նույնիսկ «չի ճանաչում»: Այս հանելուկի պատասխանը փորձեցինք ստանալ պարկի տնօրեն ՍԱՀԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ: Նա եւս հաստատեց.
- 2007 թվականից այդ տարածքը տրված է Թեղուտի գյուղապետի որդուն, եւ այն օրինական աշխատում է...
Այսպիսով, թե քանի հակասություն կա այս պատմության մեջ, արդեն նույնիսկ դժվարանում ենք հիշել: Բայց մեկ բան հաստատ է՝ այստեղ պարզելու դեռ շատ բան կա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk