ԵՄ-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՇՎԻՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԼԵԶՈՒ Է ԳՏԵԼ
Արխիվ 12-16ԵՄ-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՇՎԻՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԼԵԶՈՒ Է ԳՏԵԼ
Մեր նախորդ համարում, ելնելով Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ-Հալքիի այն խոսքից, թե՝ «բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ՝ ԵՏՄ-ին եւ ազատ մաքսային գոտուն միանալու վերաբերյալ», առիթ էինք ունեցել ենթադրություն հայտնել, որ այդ հայտարարությունը նշանակում է, որ այդ ուղղությամբ բանակցային գործընթացն ամենեւին էլ նոր չէ, հաջող ընթացք ունի: Այսինքն, որ մոտ ապագայում Սիրիան կարող է այս կամ այն ձեւաչափով ներգրավվել ԵՏՄ-ի մեջ, ինչը բոլորովին այլ ընթացք է խոստանում ինչպես սիրիական պատերազմին, այնպես էլ՝ Մերձավոր Արեւելքի ներկայիս պայթող ընդհանուր մթնոլորտին: Եվ ահա դրանից հետո Սիրիայից հնչեց եւս մեկ հայտարարություն, որն ուղղակիորեն խոսում է մեր այդ ենթադրության օգտին:
ՍԻՐԻԱՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ՇԱՐԺԸ ԴԵՊԻ ԵՏՄ
Այսպես՝ ըստ Սիրիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Ռանիա Ահմադի. «Մենք ԵՏՄ երկրներին խնդրել ենք ընդունել Սիրիայի հայտը Միության հաջորդ նստաշրջանի ժամանակ: Մենք ապրում ենք տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական դաշինքների ժամանակաշրջանում եւ Միության անդամակցությունից շահում են բոլոր կողմերը, այլ ոչ թե կոնկրետ մի կողմ»: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ արդեն առաջիկա ձմռանը՝ ԵՏՄ-ին ինչ-որ ձեւաչափով Սիրիայի անդամակցելու գործընթացը կմտնի գործնական փուլ:
Այն, որ ներկայումս ԵՏՄ-ին Սիրիայի անդամակցությունը կամ նույնիսկ՝ ինչ-որ ձեւաչափերով համագործակցությունը զուտ տնտեսական տեսանկյունից անիմաստ, նույնիսկ՝ անհնար է, դժվար չէ հասկանալ: Նախ՝ Սիրիայում տնտեսություն, որպես այդպիսին, չի մնացել: Երկրորդը՝ ԵՏՄ-ի հետ կապի խնդիրն է: Ծովով հաղորդակցվելը, իհարկե՝ կա: Սակայն հնարավոր չնչին առեւտրաշրջանառությունը դա անիմաստ է դարձնում:
Իսկ ցամաքով Սիրիային ամենամոտ ԵՏՄ սահմանը Հայաստանն է (տե՛ս քարտեզը): Ուղիղ գծով հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, բայց պետք է անցնել Իրաքով եւ Իրանով, ընդ որում, ճանապարհի զգալի մասն այս պահին գտնվում է «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ վերահսկողության տակ:
Այսինքն, եթե Սիրիայի եւ ԵՏՄ-ի միջեւ համաձայնագիր լինի, դա, հասկանալի է, պաշտոնապես ունենալով տնտեսական բնույթ, պրակտիկայում կունենա քաղաքական, ավելին՝ նույնիսկ ռազմական նշանակություն: Նկատի ունենք, որ համագործակցության կամ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում Սիրիան, որպես այդ Միության տնտեսական շահերի գոտի կամ անդամ, ենթադրաբար կօգտվի նաեւ ԵՏՄ անվտանգության համակարգից: Չնայած՝ ԵՏՄ-ն նման բաղադրիչ չունի եւ ավելի տրամաբանական կլիներ, որ կիրառման մեջ դրվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ¥ՀԱՊԿ¤ մեխանիզմները: Տեսականորեն դա հնարավոր է, առավել եւս, որ Սիրիայի անվտանգության թեման պաշտոնապես հանգիստ տեղավորվում է այսպես ասած՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, կոնկրետ դեպքում՝ գրեթե ողջ աշխարհի կողմից համաշխարհային ահաբեկչության առաջամարտիկ հռչակված «Իսլամական պետության» դեմ հարթությունում: Եվ նկատենք, որ այս պահին նախագահ Ասադն էլ, անշուշտ՝ ոչ առանց Իրանի ծանրակշիռ աջակցության, գործնականում խեղդել է ԻՊ-ի վերջին ամիսների հարձակման թափը, շատ դեպքերում անցել է հակահարձակման: Իրանն էլ միջուկային համաձայնագրից հետո սկսել է ավելի ազատ շնչել, այսինքն, եթե ՀԱՊԿ-ը թեկուզեւ միայն դրոշակակրի տեսքով մտնի տարածաշրջան, ԻՊ-ի խնդիրը բավականին արագ հնարավոր կլինի լուծել: Առավել եւս, որ այդ կառույցին բավականին մեծ կշիռ տվեցին Սադամ Հուսեյնի երբեմնի հզոր բանակից մնացած ուժերը, որոնք հաստատ դեռ պահպանած կլինեն ռուսական զինվորականության հետ ունեցած հին կապերը, իսկ մյուս կողմից էլ՝ Վաշինգտոնի հետ նույնքան հին թշնամությունը:
Մի խոսքով այն, որ Սիրիա-Իրանք-Իրան ուղղությամբ ԵՏՄ մեխանիզմներն այս կամ այն ձեւաչափով ծավալելը ոչ միայն ռեալ է, այլեւ՝ գործնական փուլ թեւակոխելու նշաններ է ցուցաբերում, կարելի է նկատել:
Կարելի է նկատել նաեւ, որ այս թեմայով բոլոր թելերը հասնում են այդ առանցքին ամենամոտ ԵՏՄ սահման, այսինքն՝ Հայաստան եւ ՌԴ-ի հայաստանյան ռազմաբազա: Ընդ որում՝ այս հարթությունից կարելի է մոտենալ նաեւ Հայաստանում նոր ժամանակակից ռազմատեխնիկա, այդ թվում՝ «Իսկանդերներ» տեղակայելու, Իրանին C-300 համակարգերը վերջապես հատկացնելու պատմությանը: Եվ նկատենք, որ խոսքն այն զինատեսակների մասին է, որոնք կարող են անվտանգություն երաշխավորել ոչ թե ԻՊ-ի կարգի համեմատաբար մանր ահաբեկչական կառույցներից, այլ շատ ավելի զորեղ բանակներից:
ԲԱՅՑ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ն ԱԼԻԵՎԻՆ ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Այն, որ հիմնականում հենց այս իրավիճակի համատեքստում պետք է վերաբերվել նաեւ Ղարաբաղի շուրջ վերջերս գերակտիվացած իրավիճակին, ներկայացնելու առիթ ունեցել ենք: Առավել եւս, որ ղարաբաղյան թեման այս օրերին ակտիվացնում է ոչ միայն Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, այլեւ բանակցային գործընթացի հետ որեւէ առնչություն չունեցող Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Չնայած՝ պարոն Տուսկի քայլերի էությունն ավելի ճիշտ ընկալելու համար պետք է խոսել ոչ թե ներկայումս զբաղեցրած պաշտոնի, այլ հնուց եկող կապերի. Եվրոպայում ամերիկյան թիվ մեկ «ական» Լեհաստանի սույն նախկին վարչապետը, ով իր ներկայիս պաշտոնին հայտնվեց Վաշինգտոնի անթաքույց աջակցությամբ, դժվար չէ կռահել, թե հիմա էլ ում դուդուկի տակ է պարում:
Ինչեւէ՝ բառացիորեն օրեր առաջ Հայաստանում Եվրոպայի հետ ջերմ եղբայրության քարոզներից հետո պարոն Տուսկը նախօրեին բավականին տհաճ անակնկալ մատուցեց առաջին հերթին հիշյալ քարոզներից ոգեւորված հայաստանյան արեւմտամետներին: «Եվրամիությունը վերահաստատում է իր մոտեցումը` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Եվրամիությունն ու դրան անդամակցող պետությունները նաեւ չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը»,- ուղիղ տեքստով հայտարարեց սույն եվրաչինովնիկը՝ չմոռանալով հավելել, որ հենց Բաքուն է տարածաշրջանում ԵՄ կարեւորագույն ռազմավարական եւ առաջին հերթին՝ էներգետիկ գործընկերը: Այսինքն, որ ադրբեջանական գազի հաշվին պատրաստվում են լուծել, ինչպես որ դրանից մեկ օր առաջ Վրաստանում պարոն Տուսկը արտահայտվեց՝ այդ ագրեսոր ռուսներից էներգետիկ կախվածության հարցը: Ինչ վերաբերում է Ալիեւի հասցեին եվրոպաներից այսքան ժամանակ հնչող հայհոյանքներին... Դե դա ում է հետաքրքրում, պարոն Տուսկը հուսով է, որ մատի փաթաթան դարձած ադրբեջանական քաղբանտարկյալների հարցով «առանձին դեպքերում շուտափույթ քայլեր կձեռնարկվեն», եւ վերջ, Ալիեւը նորից ամենադեմոկրատ սուլթանն է:
Այսպիսով՝ Տուսկի հիշատակած պատկերացումներից դժվար չէ կռահել, թե նա Բաքվում ինչեր է խոստացել, այսինքն, որ ԵՄ-ը փորձում է Ղարաբաղի հաշվին Ալիեւի հետ լեզու գտնել: Առավել եւս, որ դեռ օրեր առաջ Եվրոպային ամենավերջին խոսքերով հայհոյող Ալիեւը հանկարծ 180 աստիճանով շուռ եկավ. «Ձեր այցը մենք դիտարկում ենք որպես շատ կարեւոր քայլ Ադրբեջանի եւ Եվրամիության երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին»:
Իսկ ավելի խորքում՝ այն տպավորությունն է, որ Վաշինգտոնը եվրաչինովնիկության միջոցով փորձում է առաջ տանել այն ծեծված միտքը, թե՝ Բաքվից կարելի է մինչեւ Եվրոպա գազ հասցնել: Այսինքն, որ այդ ծրագիրն արդեն ռեալ է դառնում, քանի որ միջուկային համաձայնագրից հետո իրանական գազի հաշվին հնարավոր է համապատասխան ծավալներ ապահովել: Եվ որպեսզի մի կերպ ռուսների հետ հարաբերությունները կարգավորած Ալիեւը նորից նույն թակարդը չընկնի, նրան էլ Ղարաբաղով են հրապուրում: Առավել եւս, որ Տուսկը Երեւանում ասաց. «Հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ», ինչը հուշում է՝ մեր երկրի հետ կապված պատրանքներ Վաշինգտոնում չկան:
Լավ ծրագիր է, միայն թե միանգամից երեք նրբերանգ կա: Նախ՝ հմուտ արտաքին քաղաքականություն ունեցող Իրանը կմտնի՞ այդ խաղի մեջ. դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց` հազիվ թե: Երկրորդը. Տուսկը Վրաստանում աչքի տակով անցկացրեց Ադրբեջանից գազ տանելու ուղիները, եւ վրացիներն էլ վերջերս բավականին սրել են հակառուսական հռետորաբանությունը: Բայց ինչ երաշխիքներ էլ որ լինեն՝ որեւէ մեկը հսկայական ներդրումներ կանի՞ վրացական հատվածով խոշոր խողովակներ տանելու համար, որը ծայրահեղ իրավիճակներում հաշված ժամերի ընթացքում կարող է անցնել ռուսների վերահսկողության տակ:
Եվ, վերջապես, պարոն Տուսկն այդ ինչպե՞ս է կյանքի կոչելու «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը» ճանաչելու մասին Ալիեւին տրված խոստումը: Չնայած, եթե կարող է, թող կյանքի կոչի: Առավել եւս, որ ռուսների համար եւս Հայաստան-Իրան կապը արտակարգ կարեւորություն է ձեռք բերում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk