ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի և «վեցյակի» միջև կնքված համաձայնագիրը նոր ջղաձգումներ առաջացրեց Թուրքիայի և իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի մոտ: Սա բնական է, քանի որ միջազգային արենայում Իրանի ակտվացումը ոչ միայն նոր վերադասավորումների պատճառ կդառնա, այլև կփոխի նախկին «հակակշիռների» դիրքավորումները Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում: Այս ֆոնին միանգամայն հասկանալի է Ադրբեջանի կողմից հնչեցվող հերթական բայաթիների ենթատեքստը, քանի որ կարելի է ասել, որ միջազգային մակարդակով ջրվեցին նաև թուրք-ազերական հակահայկական այսպես ասած՝ «հավակնոտ» ծրագրերը: Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը նշում է, որ թուրք-ազերական ջղաձգումները պայմանավորված են նաև պատմական անցյալով, քանի որ մինչև Իրանի իսլամական հեղափոխությունը շահական Պարսկաստանն ունենալով արևմտամետ կողմնորոշում Միացյալ Նահանգների և Արևմուտքի թիվ մեկ դաշնակիցն էր տարածաշրջանում և շատ հարցերում գերտերությունները հենվում էին ոչ թե Թուրքիայի առաջնորդի, այլ՝ պարսից Շահի վրա:
«Այդ ընթացքում Թուրքիան ոչ թե նվաստացած էր, այլ այնքան մեծ դերակատարում չուներ, ինչպես իսլամական հեղափոխությունից հետո: Արևմուտքը Մերջավոր և Միջին Արևելքում կորցնելով Իրանին որպես դաշնակցի, իր ռազմաքաղաքական հենարանը դարձրեց Թուքիային և այժմ, երբ Իրանը վերադառնում է համագործակցության արենա բնականաբար նվազեցնում է Թուքիայի աշխարհաքաղաքական ազդեցությունը Արևմուտքի համար»,- ասում է քաղաքագետը:
Գ. Քեռյանի կարծիքով Ադրբեջանի ջղաձգումներն էլ պայմանավորված են մի քանի հանգամանքով: Ադրբեջանն ու Իրանը լուրջ խնդիրներ ունեն ինչպես Կասպից ծովի, այնպես էլ Իրանական Ատրպատական նահանգի շուրջ հնուց եկող սահմանային և քաղաքական հակամարտության շուրջ: Մյուս կողմից էլ Իրան-Արևմուտք համագործակցությունը և Իրանական նավթի հետ կապված Արևմուտքի ապագա պլանների իրականացումը կարող են էականորեն նվազեցնել Ադրբեջանի՝ որպես նավթային պետության նշանակությունը:
«Էներգետիկ անվտանգության առումով Ադրբեջանը չի կարող Արևմուտքի համար այն դերակատարումն ունենալ ինչպիսին Իրանը, քանի որ Ադրբեջանի նավթային պաշարները զգալիորեն զիջում են Իրանին: Մյուս կողմից էլ Իրանի կայուն պրոհայկական կողմնորոշումը թշնամաբար է ընդունվում Բաքվի կողմից: Ահա այս առումով Ադրբեջանը տխուր է, բայց այստեղ կա նաև մեկ այլ մարտահրավեր: Այս իրադրությունում Ադրբեջանը կարող է խորամանկ կերպով շատ արագ քայլերով գնալ հարաբերությունների սերտացման և խորացնել ռազմաստրատեգիական համագործակցությունը Ռուսաստանի հետ, այս կերպ փորձելով թուլացնել Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող Հայաստանի բանակցային դիրքերը»,- ասում է քաղաքագետը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk