ԻՐԱՆԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՆՈՐ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲ
Արխիվ 12-16ԻՐԱՆԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՆՈՐ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պաշտոնական Թեհրանի և «վեցյակի» երկրների միջև ստորագրված համաձայնագիրը, որն անմիջապես ստացավ «դարի համաձայնագիր» անունը, չնայած կարևորագույն իրադարձություն էր, սակայն դեռևս վաղ է կանխորոշել, թե որ երկրի համար այն ինչ դրական և բացասական մարտահրավերների պատճառ կհանդիսանա: Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով այս քայլը թույլ է տալիս արձանագրել, որ գերտերությունների կողմից 30 տարուց ավելի Իրանին աշխարհից մեկուսացած պահելու քաղաքականությունը վերջապես տեղի տվեց:
Գ. Քեռյանը նշում է նաև, որ այս հարցի շուրջ քաղաքական վերլուծաբանների կարծիքները բաժանվել են երկու մասի: Մի մասի կարծիքով Արևմուտքի կողմից Իրանին մեկուսացնելու քաղաքականությունը չի հանգեցրել այն ցանկալի արդյունքին, որին ձգտում էին և դա է պատճառը, որ ԱՄՆ-ը ստիպված եղավ ետքայլ կատարել: Որոշ վերլուծաբաններ էլ Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների չեզոքացումը կապում են նոր աշխարհաքաղաքական վերաձևումների հետ: Քաղաքագետը նույնպես գտնում է, որ գերտերությունների այս բեկումնային համարվող քայլը պայմանավորված է նոր աշխարհի ձևավորման հետ, որն իր կարծիքով կարելի է բնորոշել որպես նոր սառը պատերազմի սկիզբ:
«Երկու գերտերությունները հայտնվել են բավականին բարդ հակամարտության մեջ, որը դրսևորվեց սիրիական և ուկրաինական ճգնաժամերով և ներկայումս նրանք փորձում են միմյանցից «պոկել» հակառակ ճամբարի ազդեցության գոտում գտնվող երկրներին»,- ասում է Գ. Քեռյանը:
Քաղաքագետի խոսքով Կուբան և Իրանը դասական իմաստով այն երկրներն են, որոնք դեռևս Խորհրդային Միության ժամանակներից գտնվում էին ռուսական ազդեցության գոտում և ԱՄՆ-ը կարգավորելով իր հարաբերությունները Իրանի, Կուբայի և մի շարք այլ երկրների հետ փորձեր է անում նվազեցնելու ռուսական ազդեցությունը: Բացի այդ, Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կողմից «ցուցաբերվող» հանդուրժողական վերաբերմունքի պատճառը նաև այն է, որ իրանական նավթի առջև փակ դռների վերացումը կարող է նպաստել սև ոսկու գների նվազեցմանը միջազգային շուկայում: Դա իր հերթին բումերանգի էֆեկտով հարված կհասցնի ռուսաստանից հոսող վառելիքի գնի վրա, ինչը կարող է նաև էական և արդյունավետ գործիք լինել Ռուսաստանի տնտեսության վրա ԱՄՆ-ի ազդեցությունը մեծացնելու համար:
Գ. Քեռյանը նշում է, որ այս ամենից խուսափելու կամ դրա հնարավոր հետևանքները նվազեցնելու համար Ռուսաստանը նույնպես ձեռերը ծալած չի նստում և իր հակաքայլերն է ձեռնարկում ակտիվացնելով հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի հետ ԵԱՏՄ, ԲՐԻԿՍ և այլ միջազգային կառույցների միջոցով: Չնայած Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ մերժողական քաղաքականությունը ձեռնտու էր Ռուսաստանին, որը հնարավորություն է տալիս Իրանին պահել իր ազդեցության գոտում, սակայն դրա մեղմացումը կարող է նոր մարտահրավերների պատճառ դառնալ մերձավորարևելյան տարածաշրջանի համար, իսկ Իրան-Արևմուտք-Ռուսատան նոր հարաբերությունների հետևանքները Հայաստանի համար կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական:
«Ներկա փուլում դրականն այն է, որ հարևան Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը Հայաստանին թույլ կտա օգտագործել այդ երկրի հնարավորությունները և դուրս գալ արտաքին շուկա: Սակայն, նկատի ունենալով այն, որ Հայաստանը լինելով Ռուսաստանի հետ նույն ռազմաքաղաքկան կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ և Ռուսատանի դաշնակից երկիր, Իրանի տեղաշարժը դեպի Արևմտյան կողմնորոշում կարող է Ռուսաստանին ստիպել որոշակի ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք կփորձեն շրջանցել իր էներգետիկ շահերը և համագործակցություն սկսել Ռուսաստանի համար ոչ ցանկալի ուղղությամբ»,- ասում է Գ. Քեռյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
