ՆԱԽԱԳԻԾ` ՆՎԻՐՎԱԾ «ՏԱՆԸ ՄՆԱՑԱԾ» ԱՂՋԻԿՆԵՐԻՆ (ՊՐԵՄԻԵՐԱ)
Արխիվ 12-16ՆԱԽԱԳԻԾ` ՆՎԻՐՎԱԾ «ՏԱՆԸ ՄՆԱՑԱԾ» ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
(ՊՐԵՄԻԵՐԱ)
Երեկվանից համացանցում հասանելի է հումորիստ ԱՆԴՐԱՆԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԻ հեղինակած եւ դերասան, ռեժիսոր Արմեն Դալլաքյանի ռեժիսուրայով «Էնդորֆին» հումորային տեսահոլովակը, որը պատմում է երկու տանը մնացած աղջիկների մասին: Տեսահոլովակը, կարծես, նշան է, որ Ա. Շահինյանը կրկին վերադառնում է ասպարեզ: Չնայած Անդրանիկն այդ կարծիքին չէ. «Երբեք չեմ հեռացել ասպարեզից, եթե մտածում եք, որ վերադարձել եմ, թող այդպես լինի»:
Նման տեսահոլովակի մասին հումորիստն ասաց, որ վաղուց է մտածել եւ. «Կարելի է ասել, որոշեցի ու նկարահանեցինք Արմեն Դալլաքյանի հետ միասնական ուժերով: Էլ չեմ ասում, որ ինձ հետ նկարահանվեց տաղանդավոր արտիստ Արտյոմ Սիմոնյանը, որն ինձ շատ օգնեց այս գործն իրականություն դարձնելու հարցում»:
«Իրավունքի» այն հարցին, թե
որոշեց հենց այս թեմային անդրադառնալ, որովհետեւ տանը մնացածները շա՞տ են հումորիստի շրջապատում, Անդրանիկը ժխտեց. «Ոչ, այստեղ խոսքը մեր երկու դերերի մասին է` որպես տանը մնացած աղջիկներ: Դրանք իմ ստեղծած կերպարներն են, որը շարունակական բնույթ է կրելու, եւ հետո` թեման կրկին նույն հերոսներն են լինելու, սա շատ ակտուալ թեմա է, որը ծիծաղ է առաջացնում: Սա «Էնդորֆին» նախագիծն է, որի շրջանակներում առաջիկայում կլինեն նոր տեսահոլովակներ, նաեւ համերգներ: Այս ամենն անում եմ իմ երկրպագուների համար, որոնք անցնում են միլիոնի սահմանագիծը, ես պարտավոր եմ նրանց ժպիտ ու ծիծաղ պարգեւել»:
Իսկ այս երկու օրերի հնչած դրական եւ հատկապես բացասական կարծիքներին Անդրանիկը նորմալ է վերաբերվում, ըստ նրա, կարծիքները կարող են շատ տարբեր լինել. «Ես հարգում եմ բոլորի կարծիքները, չէ որ ամեն ինչ արվում է մարդկանց ժպիտ ու ծիծաղ պարգեւելու համար: Իսկ այն մարդիկ ովքեր վատ են ընդունում` նորմալ եմ վերաբերվում, դա մենք ենք` հայերով: Ես բոլորին էլ սիրում եմ, որովհետեւ նրանց երակներում հայի արյուն է հոսում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
