«ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ՉԳԵՐԿՈՄԵՐՑԻԱԼԻԶԱՑՎԵՆՔ»
Արխիվ 12-16«ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ՉԳԵՐԿՈՄԵՐՑԻԱԼԻԶԱՑՎԵՆՔ»
Այս օրերին ովքեր հնարավորություն ունեն, շտապում են իրենց հանգիստը կազմակերպել կա՛մ հայրենի երկրում, կա՛մ երկրի սահմաններից դուրս: Այս կապակցությամբ «Իրավունքն» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ: Մեր հյուրին ուղղված ընթերցողների ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը բազմազան էին` սկսած զբոսաշրջության վրա վերջին դեպքերի թողած ազդեցությունից մինչեւ անդրադարձ` ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներին:
«ԱՅՍՏԵՂ ՈՉ ԹԵ ՄԱՅԴԱՆ ԷՐ, ԱՅԼ` ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ»
- Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերը լայն արձագանք գտան նաեւ միջազգային մամուլում` «էլեկտրոմայդան» անվանումով: Այս առումով, այն ի՞նչ ազդեցություն ունեցավ հայաստանյան զբոսաշրջության վրա (տիկին ՄԱՐԻ, ք. Երեւան):
- Իհարկե, զբոսաշրջությունը բավականին զգայուն ոլորտ է, որի վրա կարող է ազդել յուրաքանչյուր անկայուն իրավիճակ` տարածաշրջանային խնդիրներ, քաղաքական ցնցումներ, հիվանդություններ եւ այլն: Հուսով եմ, որ այն, ինչ որ Բաղրամյան պողոտայում էր տեղի ունենում, էապես բացասաբար չի անդրադառնա հայաստանյան զբոսաշրջության վրա: Շատ կարեւոր էր, որ կարճ ժամանակահատվածում բոլորն էլ հասկացան` այստեղ ոչ թե մայդան էր, այլ` Մարշալ Բաղրամյան: Ի վերջո, այն շատ խաղաղ եւ միայն սոցիալական պահանջ ներկայացնող ցույց էր եւ ո՛չ մի վտանգ, ո՛չ մի արտառոց իրավիճակ իրենից չէր ներկայացնում զբոսաշրջային այցելությունների համար: Այն թյուր կարծիքը, որ իրավիճակը բարդ է եւ այլն, ըստ իս, չպետք է ազդեցություն ունենա մեր զբոսաշրջության վրա:
- Վերջին մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան նվազե՞լ է, թե՞ աճել (ՌՈՒԶԱՆՆԱ, ք. Երեւան):
- Տարեկան ցուցանիշը 2014 թվականին կազմել է 1 միլիոն 3 հարյուր հազար 746 եւ այն 11,3%-ով ավելի է, քան 2013 թվականի ցուցանիշը:
- Իսկ հիմնականում ո՞ր երկրներից են առավել շատ զբոսաշրջիկներ գալիս:
- Վիճակագրական հետազոտության տվյալներով` առաջին շարքերում են Ռուսաստանը, Վրաստանը, Եվրամիության երկրները, Իրանը, ԱՄՆ-ն: Ի դեպ, գնալով աշխարահագրությունն ընդլայնվում է, ու շատ հեռավոր երկրներից նույնպես ունենում ենք հետաքրքիր դինամիկա, օրինակ` Ճապոնիայից, լատինաամերիկյան երկրներից ունենք զբոսաշրջիկներ: Հիմա արդեն համագործակցում ենք եւ բանակցային փուլում ենք Չինաստանի հետ: Նախապատրաստվում է Չինաստանից ճանաչողական այցի կազմակերպում` թե՛ լրագրողների, թե՛ զբոսաշրջային օպերատորների: Հեռավորարեւելյան երկրներից հետաքրքրվածության առումով նշեմ նաեւ Կորեան, Թայլանդը, Թայվանը:
- Զբոսաշրջության տեսանկյունից ո՞ր մարզն է ավելի «հյուրընկալ» (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Արմավիր)
- Բոլոր մարզերն էլ հյուրընկալ են, եւ ընդհանրապես հայ ազգն է ամենահյուրընկալը, չէ որ մենք օժտված ենք լեգենդար հյուրընկալությամբ ու հյուրասիրությամբ:
«ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ, ԹԵ ԻՆՉ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՆ ՁԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ»
- Հարցս սոցիալական փաթեթներին է վերաբերում: Արդյոք շահառուն ազա՞տ է տուր-օպերատորին ընտրելու հարցում, որովհետեւ այն հաճախ պարտադրվում է աշխատողներին (ԿԱՐԵՆ, ք. Երեւան):
- Կարեւոր հարց եք բարձրացնում: Այո, շահառուն ինքն է ընտրում տուր-օպերատորին: Ավելին` այսօր արդեն տուր-օպերատորները 50-ից ավելի են, եւ նրանց մասին տեղեկատվությունը հրապարակված է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում: Իսկ ընտրության հարցում խնդրում եմ ուսումնասիրեք բոլոր առաջարկները եւ ուշադիր եղեք, թե ինչ պայմանագիր են ձեզ առաջարկում: Այնպես որ, որեւէ մեկն իրավունք չունի պարտադրել շահառուին ընտրել այս կամ այն տուր-օպերատորին:
- Այս տարի առավել շատ ո՞ր երկրներ են մեկնում մեր հայրենակիցները` իրենց հանգիստն անցկացնելու համար (ՄԵՐԻ, ք. Աշտարակ)
- Մեր հայրենակիցները արտագնա զբոսաշրջության առումով ավելի շատ նախընտրում են գնալ ծովային հանգիստ առաջարկող երկրներ: Իհարկե, պատմամշակութային, ճանաչողական բնույթի այցելություններ նույնպես կան դեպի տարբեր եվրոպական երկրներ եւ ոչ միայն: Շատ հետաքրքիր ուղղություններ են այս տարի սկսվել դեպի ծովային հանգիստ առաջարկող երկրներից Հունաստան, Իսպանիա, Հորդանան, Շրի Լանկա, Եգիպտոս, եւ, իհարկե, առավել շատ Վրաստան:
«ՇՈՒՏՈՎ ԿՏԵՍՆԵՆՔ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
- Տաթեւի վանքային համալիրի վերակառուցումն ու դեպի վանքը տանող աշխարհում ամենաերկար ճոպանուղու կառուցումը որքանո՞վ նպաստեցին զբոսաշրջության զարգացմանը, եւ է՞լ ինչ նմանատիպ ծրագրեր կան (ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ):
- Անկասկած նպաստեց: Նման մեծ ներդրումները, հատկապես` ենթակառուցվածքային, շատ դրական են անդրադառնում, եւ դրանք նույնիսկ անհրաժեշտություն են: Մի քանի առումներով Տաթեւի ճոպանուղին իր նպաստավոր ազդեցությունն ունեցավ, նախ` որպես հենց տրանսպորտային միջոց` Հալիձորը կապելով միանգամից Տաթեւի հետ: Բացի այդ, ինչպես նշեցիք, արդեն գրավչություն է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղի ունենալը: Այն նպաստեց նաեւ այդ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրվածությանն ու ներդրումային ակտիվությանը: Այնտեղ արդեն հենց տեղի բնակիչներն իրենց տանը սկսել են հյուրընկալություններ կազմակերպել ու մեծ զբոսաշրջային տներ են ձեւավորվում: Բացի Տաթեւից, իհարկե, էլի քննարկվող ծրագրեր կան, եւ կարող եք ակնհայտորեն տեսնել Հայաստանում այսօր ակտիվ ընթացող հյուրանոցաշինությունը: Եվ այդ նոր բացվող հյուրանոցների մեջ կան միջազգային հեղինակավոր ցանցերին պատկանողներ հյուրանոցներ: Հուսով եմ, որ շուտով կտեսնենք այլ միջազգային հյուրանոցային ցանցեր Հայաստանում:
«ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԿՈՂՔԻՆ ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ»
- Հայաստանի քաղաքացին խոչընդոտո՞ւմ, թե՞ նպաստում է զբոսաշրջության զարգացմանը (ՓԱՅԼԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ք. Երեւան):
- Մենք շատ լայն պոտենցիալ ունենք` հարուստ պատմամշակութային ժառանգություն, հրաշալի բնություն, հարուստ ռեսուրսներ, բայց համար մեկ գրավչությունը զբոսաշրջիկի համար այն է, որ նա այդ վայրում իրեն ընդունված զգա: Իսկ զբոսաշրջիկը Հայաստանում իրեն միշտ ընդունված է զգացել ու իրեն ընդունված է զգում: Այնպես որ, Հայաստանի համար մեկ գրավչությունը մեր հրաշալի ժողովուրդն է` օժտված իր լեգենդար հյուրասիրությամբ, հյուրընկալությամբ, մշակույթով ու ավանդույթներով: Սա նշանակում է, որ մեր քաղաքացին առաջին հերթին նպաստում է Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը եւ ընդհանրապես մեր երկրի նկարագրի, պատվի, համբավի բարձրացմանը: Եվ պետք է առիթից օգտվեմ ու հորդորեմ, որ պահպանենք մեր այդ ազգային առանձնահատկությունը: Թեեւ առաջընթացի կողքին ունենք նաեւ շատ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, բայց այդ թերությունների մասին պետք է խոսել հավաստի տեղեկատվության եւ այդ տեղեկատվության վերլուծության իրական գնահատականների լեզվով: Մեր համաքաղաքացիներին ու հարգելի լրատվամիջոցներին կխնդրեի, որ միշտ հաշվի առնեն սա, այլապես առանց գիտակցելու, այն կարող է մեր բազմադարյա ժողովրդի ձեռք բերած նկարագրի վրա մեկ օրում, մեկ րոպեում բացասաբար անդրադառնալ: Կոչս է, որ պահպանենք մեր ազգային առանձնահատկությունն ու չգերկոմերցիալիզացվենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk