«ԼՂՀ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆՈՐ ՓՈՒԼ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ԼՂՀ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆՈՐ ՓՈՒԼ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Այն, որ վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ հատկապես՝ ամերիկյան համանախագահ Ուորլիքը տեսանելիորեն ակտիվացել է, շատ է խոսվել: Բավականին առեղծվածային այց Մոսկվա, այնուհետեւ՝ արդեն Մինսկի խմբի կազմով տարածաշրջան: Ուորլիքն այս օրերին աչքի ընկավ նաեւ բավականին սկանդալային հայտարարություններով, հետո՝ դրանք մեկնաբանելով եւ սրբագրելով: Ի՞նչ է հուշում այս իրավիճակը: Կա տեսակետ, որ Ուորլիքն այսկերպ փորձում է ինչ-որ լուծումների հասնել: Կա նաեւ կարծիք, որ պարզապես ցույց է տալիս, թե ինչ-որ բան է անում, եւ, վերջապես, որ սա հերթական անպտուղ բանակցային փուլն է: Ուրեմն ո՞ր տարբերակն է առավել հնարավոր, ԼՂՀ բանակցություններում սկսվե՞լ է նոր փուլ: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելություններն ու հանդիպումները կատարվել են երկու շերտով` իրար մեջ ունեցած հարցերի քննարկում եւ պայմանավորվածություն` հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ. «Գուցե այս ամենը միտված է նրան, որ սահմանին պահպանվի այս հարաբերական խաղաղությունը: Չնայած, որքան էլ ձգտեն դրան, անօգուտ է, քանի որ պետք է գիտակցեն, որ գործ ունեն ադրբեջանցիների հետ, որոնք խաղաղասեր չեն եւ ցանկացած պահի կարող են սահմանում դիմել ռազմական գործողությունների: ԼՂՀ բանակցային գործընթացում նոր փուլ չեմ տեսնում, գործընթացը մեռած է, որը հույս ունենք` մի քիչ կակտիվացնեն: Այս համատեքսում հնարավոր եմ համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը»:
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց, որ ԼՂՀ հիմնահարցում վերջին շրջանում որոշակի ակտիվացումներ են նկատվում, սակայն դժվար է կանխատեսել դրա արդյունավետությունը. «Բոլորն էլ հասկանում են, որ ԼՂՀ հակամարտությունն այն հակամարտությունների դասին է պատկանում, որը հնարավոր չէ լուծել ակտիվացմամբ: Այդ պատճառով էլ չեմ կարծում, որ տեղի կունենա այնպիսի գործընթաց, որը կհանգեցնի ստատուս քվոյի խախտմանը: Դժվարանում եմ ասել, թե բանակցային այս ակտիվությունն ինչ ազդեցություն կունենա ռազմաճակատի վրա»:
Ըստ փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԻ` ԼՂՀ բանակցային գործընթացում որակական առումով նոր ոչինչ չկա, պարզապես նկատվում է փոքր ակտիվացում, որի վրա էլ ազդել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները. «Բավականին երկար ժամանակ գործընթացը կարծես թե սառեցված էր, կուտակվել էին բավականին խնդիրներ` ռուս-ուկրաինական եւ ռուս-ամերիկյան հարաբերությունները, եւ այս ամենի համատեքստում էլ հնչեցին քաղաքական մի շարք հայտարարություններ, որին գումարվեց նաեւ Իրանի ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Այդ պատճառով էլ այսօր փորձում են տարածաշրջանի քաղաքական հարցերը, այդ թվում ԼՂՀ հիմնահարցը, նորից վերանայել եւ անդրադառնալ: Բայց չեմ կարծում, որ այս ամենի արդյունքում պետք է տեղի ունենա նոր իրադարձություն. իրավիճակը դեռ այդքան չի հասունացել»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk