«ԱՄՆ-Ն ԷԼ ՏԵՂ ՉՈՒՆԻ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ»
Արխիվ 12-16«ԱՄՆ-Ն ԷԼ ՏԵՂ ՉՈՒՆԻ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ»
Երբ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում հերթական ոչինչ չասող հայտարարություններով վերահաստատում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում կտրուկ ակտիվություն է նկատվում Ադրբեջանի կողմից: Ավելին` ԼՂՀ ՊԲ-ն երեկ տեղեկատվություն էր տարածել, ըստ որի. «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արեւելյան (Մարտունու եւ Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը»: Թե որքանո՞վ է ադրբեջանական այս լկտիությունը փոխկապակցված Ջ. Ուորլիքի երեւանյան այցի, ինչպես նաեւ վերջինիս կողմից արված այն հայտարարության հետ, թե ԼՂ տարածքները «օկուպացված են» մեր իսկ կողմից, «Իրավունքը» հետաքրքրվեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՑ.
–Չգիտեմ` ադրբեջանական ակտիվությունը որքանով է կապված Ուորլիքի այցի հետ, բայց, ըստ իս, հաստատ, կապված է հենց նրա ամոթալի հայտարարության հետ: Երբ այդ մարդը շեշտադրումներ է անում եւ խոստանում է նախագահների մեծ հանդիպումներ եւ այլն, ադրբեջանցիները սաստկացնում են սադրանքները սահմանին եւ Արցախում: Եվ սա փորձված է դեռեւս անցյալ տարվանից: Ես ասել եմ ու եւս մեկ անգամ շեշտում եմ, որ արդեն ժամանակն է հարցը դնել, թե վստահություն քվե ունի՞ Ուորլիքը եւ ԱՄՆ-ն` իբրեւ միջնորդ Մինսկի խմբի շրջանակում: Վաղուց է եկել ժամանակը` ԱՄՆ-ին միջնորդության շջանակներից հեռացնելու: Եթե նա շարունակում է ադրբեջանամետ դիրքորոշումներ դրսեւորել եւ ադրբեջանամետ առաջարկություններ անել Հայաստանին եւ Արցախին, նշանակում է, որ ԱՄՆ-ն էլ տեղ չունի խաղաղ բանակցությունների սեղանին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk