«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» «ՉԻՐ» ԴԱՐՁԱԾ ԱՍՏՂԻ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՀԻՍՏԵՐԻԱՆ
Արխիվ 12-16«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» «ՉԻՐ» ԴԱՐՁԱԾ ԱՍՏՂԻ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՀԻՍՏԵՐԻԱՆ
Թեպետ բազմիցս նշվեց, որ «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնն իր ներկայությամբ զարդարելու է աշխարհահռչակ կինոաստղ Նաստասյա Կինսկին, սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Նախկին սեքս-սիմվոլը, ով առավել հայտնի է իր էրոտիկ լուսանկարներով, հետո ֆիլմերով, հանկարծ որոշել էր հայ հանրությանը ներկայանալ խիստ բարդույթավորված կերպարով: Ողջ փառատոնի ընթացքում, ասուլիսի կամ տարբեր հանդիպումների ժամանակ մարած աստղը կա՛մ մազերի հետ էր խաղում, կա՛մ բջջային հեռախոսն էր «բզբզում», իսկ եթե արդեն իսկ արել էր այս երկու «կարեւոր» գործը, ապա «մաժմժում» էր ոտքերը: Մինչդեռ հայ հանդիսատեսը ցանկանում էր տեսնել գերաստղին, լուսանկարվել կամ գոնե ստորագրություն վերցնել: Բայց Ն. Կինսկին յուրաքանչյուր նման իրավիճակում պահում էր իրեն էժանագին հիստերիկի պես` չէր տալիս ստորագրություն, ատում էր իր հետ սելֆի անել ցանկացողներին, իսկ հարցերից հոգնում էր: Ինչեւէ, ասենք, հազար ողորմի, Ն. Կինսկու հորը` հայտնի դերասան Կլաուս Կինսկուն, ով հավանաբար բոլորովին էլ պատահական չէ իր դստեր անունը դրել Դոստոեւսկու «Ապուշը» վեպի հերոսուհու անունով: Ամեն դեպքում, կարելի է հասկանալ ժամանակին փայլող, այսօր արդեն խամրած աստղի հոգեբանական վիճակը, միայն թե, անհասկանալի է, թե ինչու որոշվեց «Ոսկե ծիրան» փառատոնում շեշտը դնել ոչ թե բովանդակության ու ձեռքբերումների վրա, այլ ծիրանի չիր դարձած գերաստղի ներկայության:
Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk