«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ» ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՏՐՎԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՖԻԼՄԵՐԻՆ
Արխիվ 12-16«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ» ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՏՐՎԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՖԻԼՄԵՐԻՆ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից միաժամանակ 2` Ֆիպրեսի եւ Էկումենիկ մրցույթներում մրցանակի արժանացավ Հայաստան-Ֆրանսիա-Ռուսաստան համատեղ արտադրության, կինոռեժիսոր ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը: Տարօրինակ է, որ փառատոնի շրջանակներում այդքան կարեւորություն չտրվեց այս տարվա` հայերիս համար կարեւոր տարելիցին, որը խորհրդանշում էր 100 տարի առաջ հայերի հետ տեղի ունեցած Ցեղասպանությունը: Ինչեւէ, նույնքան զարմանալի էր, որ նույն կինոռեժիսորի նկարահանած «Փրկության քարտեզ» խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը փառատոնի շրջանակներում ցուցադրվեց մեկ անգամ , այն էլ` արտամրցութային ծրագրում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ողջ հայ ժողովրդի անունից որպես երախտագիտության տուրք` մեծ հումանիստների հիշատակին նվիրված ֆիլմը փաստագրություն է` կառուցված բացառապես իրական փաստերի վրա, որի հերոսները պատմությանը հայտնի հումանիստ եվրոպացի 5 կանայք են` Քարեն Եփփե (Դանիա), միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա): Մարդիկ, ովքեր ականատես են եղել Հայոց ցեղասպանության արհավիրքների ու խեղված բազում մարդկային կյանքերի: Հայոց ցեղասպանության այս իրական ականատեսները մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմնադիրներն են: Օտար կանանց դրամատիկ հանդիպումն անծանոթ ու խոշտանգված մի ժողովրդի հետ նրանց համար դարձավ ճակատագրական, առավել եւս նորվեգուհի Բոդիլ Բյորնի համար, քանի որ նա հայրենիք վերադարձավ 2-ամյա Ռաֆայել Սաֆարյանի հետ, ով դարձավ նրա միակ ժառանգը:
Իսկ թե ինչո՞ւ ֆիլմը փառատոնում չներկայացվեց մրցութային ծրագրում եւ ըստ այդմ` որեւէ մրցանակի չարժանացավ, «Իրավունքի» հետաքրքրությանն ի պատասխան, Ա. Շահբազյանն ասաց. «Դա արդեն պրոդյուսերների խնդիրն է, իրենք ունեն իրենց դիստրիբյուցիոն խնդիրները եւ իրենք են որոշել` այս տարի մրցույթից դուրս ցուցադրել եւ այն էլ` մեկ անգամ»:
Կինոռեժիսորը, սակայն, մանրամասնեց. «Այս ֆիլմը համեմատած «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի հետ, բառացիորեն նոր ավարտած վիճակում է: «Փրկության քարտեզի» համար նոր ճանապարհ պետք է հարթենք, այն դեռ մարսման փուլում է, գուցե մի փոքր էլ կրճատենք: «Փրկության քարտեզի վրա երկար աշխատանք ենք արել, նախ նկարահանվել է 5 երկրում եւ վերադարձից անմիջապես հետո մտել ենք փոստ փրոդաքշն, որից հետո` անմիջապես էկրան ենք դուրս եկել: Ես բորոտի նման աշխատում եմ, շատ շտապ գործեր կան, որ պիտի անեմ: Այժմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով վավերագրական ֆիլմ եմ նկարահանում, թե 100-րդ տարելիցին ինչ անցուդարձեր են տեղի ունեցել: Կա նաեւ գեղարվեստական ֆիլմի նախագիծ, որի վրա աշխատում ենք, սեպտեմբերին ավարտին կհասցնենք»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk