ԼԵՎՈՆ ՇԱՐԱՖՅԱՆ. «ԱՐԴԵՆ Ո՛Չ ՏԱՐԻՔ ԿԱ, Ո՛Չ ՈՒԺ ԿԱ ԵՎ Ո՛Չ ԷԼ ՀԱՎԵՍ»
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ՇԱՐԱՖՅԱՆ. «ԱՐԴԵՆ Ո՛Չ ՏԱՐԻՔ ԿԱ, Ո՛Չ ՈՒԺ ԿԱ ԵՎ Ո՛Չ ԷԼ ՀԱՎԵՍ»
«Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ծրագրի շրջանակներում «Ոսկե ծիրանը» ցուցադրեց ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր Չեմբերսի «Արամ, Արամ» ֆիլմը: Հատկանշական է, որ այն ամերիկացի ռեժիսորի նկարահանած առաջին հայկական ֆիլմն է եւ այն էլ ո՛չ ավելի, ո՛չ պակաս` հայ միգրանտի մասին: Ընդգծենք, որ ֆիլմի սյուժեի համաձայն, ըստ ամերիկացի ռեժիսորի, պարզվում է, որ ազգի տականքը հենց մեր մեջ է, քանի որ հայի խանութը հենց հայն է թալանում: Ի դեպ, ֆիլմը Հայաստան էին բերել ռեժիսորն ու փոքրիկ հերոսը, իսկ գլխավոր հերոս, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ԼԵՎՈՆ ՇԱՐԱՖՅԱՆԸ, ով 15 տարի է, ինչ ապրում է Լոս Անջելեսում, ներկա չէր: Այնուամենայնիվ, «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել Լ. Շարաֆյանի հետ ու խոսել ֆիլմի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում հայ իրականության մասին:
«ԿԱՆ ՆԱԵՎ ՍՏԱՀԱԿՆԵՐ, ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԸ ԲԱՆՏՈՒՄ Է»
-Պարոն Շարաֆյան, ֆիլմն ավելին էր, քան սերունդների բախումը: Որքանո՞վ է այն արտացոլում հայերի կյանքն ԱՄՆ-ում:
- Մեզ մոտ` ԱՄՆ-ում ապրում են տարբեր շերտերի հայեր: Օրինակ, Գլենդելի քաղաքապետը հայ է, շատ հարգված երիտասարդ է հենց ամերիկացիների կողմից, ոստիկանապետի տեղակալը նույնպես հայ է: Կան շատ հարգված բիզնեսմեններ, որոնց հետ ամերիկացիները հաճույքով գործարքներ են կնքում: Կան բազմաթիվ արվեստագետներ, ովքեր նույնպես բարձր են գնահատվում օտարների կողմից… Բայց կան նաեւ ստահակներ, եւ նրանց տեղը բանտում է, ու եթե նրանք մնային Հայաստանում, էլի հայտնվելու էին բանտում: Այնպես որ, չափանիշ չէ այդ եւ չի բնորոշում հայի կերպարը ԱՄՆ-ում: Հայերը հիմնականում հարգված են եւ լավ գործեր են անում:
«ՀԱՅԵՐԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԽԻՂՃՆ ԵՆ»
-Ինչպե՞ս ստացվեց, որ վստահեցիք ամերիկացի ռեժիսորին, ով ինչ-որ առումով հայկական «խոհանոցին» վերաբերող ֆիլմ ստեղծեց:
- Երբ Քրիսն առաջարկեց նկարահանվել, իսկույն համաձայնեցի ոչ նրա համար, որ ֆիլմը նկարահանելու է ամերիկացի ռեժիսորը, այլ նրա մի խոսքը ցրեց իմ բոլոր կասկածները: Ես հարցրի. «Ինչո՞ւ հայերի մասին` սա առաջին դեպքն է, որ ԱՄՆ-ում նկարահանվելու է ֆիլմ հայ միգրանտի մասին»: Նա պատասխանեց շատ կարճ եւ կոնկրետ. «Հայերը մարդկության սկիզբն են եւ Աստծո պիտակը այդ ազգի վրա է: Հայերը մարդկության խիղճն են»: Նա այդ ասաց լուրջ եւ անկեղծ: Հետո սկսեցինք աշխատել սցենարի վրա եւ որոշակի ազգային էլեմենտներ մտավ ֆիլմ, որոնք միմիայն հային են բնորոշ: Օրինակ, պոմիդորով ձվածեղը: Նա պատկերացում չուներ այդ ուտեստի մասին: Սովորեցրի, հիմա ամեն օր պոմիդորով ձվածեղ է ուտում: Եվ շատ նման դետալներ ավելացրինք սցենարում, որովհետեւ սկզբնական տարբերակում այն չուներ դեմք եւ հայի հոգի: Նա ինձ վստահում էր ամեն ինչում, եւ մենք փորձեցինք ստեղծել նորմալ կինո` առանց ողբի, առանց օրիգինալ դառնալու միտումի:
«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՔԱՆԴՎԵՑԻՆՔ, ԵԿԱՆՔ...»
-Ֆիլմում Ձեր կերտած հերոսին հաջողվեց դեպի արմատները վերադարձնել փոքրիկին, հետաքրքիր է, թե կյանքում որքանո՞վ է հաջողվում դեպի հայկական արմատները բերել ամերիկյան իրականության մեջ մեծացող նոր սերնդին:
- Այստեղ, իրոք, կան շատ լավ երիտասարդներ: Ես գիտեմ մարդկանց, ովքեր դեռ չեն եղել Երեւանում, ծնվել եւ մեծացել են ԱՄՆ-ում, բայց հրաշալի տիրապետում են լեզվին, ունեն լավ հեռանկարներ, հարգված են եւ սիրված: Ավելին` հայերեն խոսում են մեր Երեւանի բարբառով, լավ գիտեն պատմությունը, գրագետ են եւ հայասեր: Այստեղ կան հայկական դպրոցներ, որտեղ հայ երեխաները ուսումնասիրում են հայոց պատմությունը, լեզուն, մեծանում են իսկական հայորդիներ: Տեսեք, թե մի մարդու պես այստեղի հայությունը ինչպես է արձագանքում հիմնադրամի մարաթոնին, ինչպիսի գումարներ են հավաքվում, բայց, դժբախտաբար, Հայաստանի ժողովրդի վիճակը դրանից չի լավանում… Էդ էլ դուք մտածեք, թե ինչու: Բայց, վիրավորական է, երբ մի շարք արվեստագետներ գալիս են ԱՄՆ, ստանում են տեղացի ժողովրդի գուրգուրանքը թե՛ ֆինանսապես եւ թե՛ բարոյապես, ու վերադառնալով հայրենիք` սկսում են փնովել Ամերիկան եւ «հարիֆ» սփյուքահայերին: Գիտեմ, որ այդպես են ասում, մեզ ամեն ինչ հասնում է: Բայց եթե նրանց թվում է, թե ամեն օր տանից դուրս գալիս ծառից պոկում ենք հարյուր դոլար` «մանր» ծախսերի համար, չարաչար սխալվում են: Այստեղ պետք է աշխատես, որ ապրես: Սա Հայաստան չէ, որ տեսնում ես` ո՛չ աշխատում է, ո՛չ սովորում, բայց բարում նստած` վիսկի է խմում բարեկամների կամ ընկերների կողմից ԱՄՆ-ից իրեն ուղարկված փողերով: Լավ, շատ շեղվեցի, մենք ուրիշ բանի մասին էինք խոսում...
«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳԱԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՅՈԹ ՏԱՐԻ ՉԵՄ ԵՂԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ»
-Անկեղծ ասած, ֆիլմի դիտմանը ներկա բազմաթիվ կինոսերներ լիահույս էին, որ այնտեղ կտեսնեն նաեւ Ձեզ: Չե՞ք պատրաստվում վերադառնալ հայրենիք:
- Իմ աշխատանքի վայրում փոխարինող չգտնվեց: Բայց ուզում եմ գալ, որովհետեւ յոթ տարի չեմ եղել Երեւանում: Կգամ, կտեսնեմ իմ բարեկամներին, ընկերներին, կմտնեմ թատրոն, կնայեմ ներկայացումներ: Մի խոսքով, կաշխատեմ գոնե մեկ ամսում վայելել Երեւանը: Ընդմիշտ վերադառնալ` երեւի չստացվի: Այստեղ արդեն կա տուն-տեղ, հասարակություն, ընկերներ, նույնիսկ մտերիմների գերեզմաններ: Հայաստանից քանդվեցինք, եկանք, այստեղ զրոյից տուն դրեցինք, հիմա քանդվենք, գա՞նք… Արդեն ո՛չ տարիք կա, ո՛չ ուժ կա եւ ո՛չ էլ հավես` նորից ամեն ինչ սկսել զրոյից:
Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk