«ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԿԱ, ՈՐ ՄԵՐԺԵՆՔ ԿԱՄ ԸՆԴՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16«ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԿԱ, ՈՐ ՄԵՐԺԵՆՔ ԿԱՄ ԸՆԴՈՒՆԵՆՔ»
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը երեկ հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր հինգ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկման առարկա է դարձել սահմանադրական բարեփոխումների հարցը: Հանդիպմանը ՕԵԿ-ի տեսակետը հայտնել Է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ ու հենց այս մասին էլ «Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել նրանից.
–Հանդիպման ողջ բովանդակությունը բացել չեմ կարող, բայց կարող եմ ասել այն, ինչ ես եմ բարձրաձայնել: Մասնավորապես նշել եմ, որ այս սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակն ընդունելի չէ մեզ համար: Ավելին` այն բերում է իշխանության մենաշնորհայնացման, քանի որ դրանով խիստ մեծացվում է վարչապետի իրավասությունները` ձեւավորելով ոչ բալանսավորված կառավարման համակարգ: Ինչպես նաեւ անդրադարձել եմ երկու փուլով ընտրություններին, որոնք, փաստորեն, այնպիսի իրավիճակ են ստեղծելու, ըստ որի, ընդդիմությունը չկարողանա ազդել քաղաքական գործընթացների վրա: Խոսքն իրական ազդեցության մասին է, որովհետեւ այս դեպքում ոչ թե կուսակցությունը չի լինելու, այլ չեզոքացնելու է վերջիններիս կողմից ստացած ժողովրդական մանդատը: Անընդունելի եմ համարել նաեւ ընտրիչների միջոցով նախագահի ընտրության կարգը:
– Ի վերջո, սահմանադրական բարեփոխումների ներկայացված փաստաթղթում կա՞ մի կետ, որի վերաբերյալ առարկություն չունի ՕԵԿ-ը:
– Ես խոսում եմ այն տարբերակի մասին, որը ներկայացված է: Ամբողջական փաստաթուղթ չկա, որ մերժենք կամ ընդունենք:
Հավելենք, որ վերոնշյալ հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանն ու Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk