ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ
Արխիվ 12-16ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ
Եվ այսպես՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հայտնի համաձայնագիրը, ինչպես որ նախատեսված էր, ներկայացվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հաստատմանը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ստանում է միջազգային իրավանորմի կարգավիճակ: Դա էլ իր հերթին է հուշում, որ գլոբալ պայքարն իրանական շուկայի եւ առաջին հերթին՝ այդ երկրի էներգետիկ ռեսուրսների համար կատաղի տեմպ է ստանալու: Ընդ որում՝ արդեն այս պահից սկսած, հաշվի առնելով, որ հաշված ամիսներ անց, երբ հիշատակված համաձայնագրով նախատեսվածի պես իրանական նավթագազային ոլորտի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղյալ կհամարվեն, այնտեղ հաստատվելու առավել մեծ շանսեր կունենան դրսի այն ընկերություններն ու պետությունները, որոնք այս պահին կհասցնեն մյուսներին ճնշելով՝ առաջ ընկնել:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԵՐԸ «ՀԱՍԱՆ» ԼՈՒՍԻՆ
Սակայն իրանյան ռեսուրսների համար այդ գլոբալ պայքարում մեկ կարեւոր նրբերանգ եւս կա: Այս ուղղությամբ առաջ ընկնել ցանկացող արտաքին ուժերը պետք է մեկ կարեւորագույն հարցի լուծում առաջարկեն՝ դեպի ո՞ւր են ցանկանում տանել Իսլամական Հանրապետության նավթն ու գազը: Դեպի արեւելք՝ հնարավոր է խողովակաշարերով դուրս գալ հնդկական եւ չինական շուկաներ, ինչն ԱՄՆ-ի թիվ մեկ մղձավանջն է: Պարզ է նաեւ, որ արեւմտյան նավթային հսկաները կփորձեն եվրոպական ուղղվածություն տալ իրանական էներգակիրներին: Սակայն դեպի հարավ չկա գազատար խողովակներ կառուցելու տարբերակ, իսկ Պարսից ծոցի գերծանրաբեռնվածությունը իրանական նավթի արտահանման հարցով է լուրջ խնդիրներ առաջացնում: Իրանից դեպի արեւմուտք` Մերձավոր Արեւելքի մշտապես եռացող գոտին է, եւ միակ ռեալ ուղղությունը մնում է հյուսիսը: Սակայն Ադրբեջանով իրանական էներգակիրների տարանցման տարբերակներ երբեւէ լրջորեն չեն քննարկվել, ու մնում է երկու հնարավոր ուղի. Հայաստանով տարանցման տարբերակը` ավելի համեստ հավանականություն ունեցող, եւ Թուրքիան: Այսինքն՝ ԱՄՆ-ը միանշանակ ամեն ինչ կանի իրանական էներգետիկ պաշարները հիմնականում Իրանից հյուսիսային ուղղությամբ Եվրոպա հասցնելու համար, իսկ դա ավելորդ անգամ հուշում է, որ հիշատակված ծանր պայքարը հենց այդ՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ էլ սպասվում է:
Եվ ահա այս բարդ իրավիճակում Թուրքիայի նախագահ Էրդողանը սկսել է առաջին հայացքից իսկական կապելու գժի վայել արարքներ թույլ տալ: Դեռ չմարսած իր այն հայտարարությունից առաջացած համաշխարհային ծաղրը, թե՝ Ամերիկան մուսուլմաններն են հայտնաբերել, Էրդողանն այս անգամ էլ ոչ ավելի, ոչ պակաս, «ապացուցում է», որ ամերիկացի Նիլ Արմսթրոնգն ամենեւին էլ Լուսնի վրա իջած առաջին մարդը չէր:
Իրականում մուսուլման տիեզերագնացները մեր մոլորակի արբանյակի մակերեւույթին հասել են 334 տարի դրանից առաջ՝ 1635թ.»: Հասկանալի է՝ դա թուրք էր, ըստ Էրդողանի՝ Լագարի Հասանը, ով նույնիսկ արբանյակի խառնարաններից մեկում մզկիթ է կառուցել:
Իրականո՞ւմ է Էրդողանը պատմական հողի վրա ցնդել՝ դա հոգեբույժների պարզելիքն է: Բայց նկատենք, որ երբ նա Ամերիկայի հայտնագործումը մուսուլմաններին էր «վստահում», դրան հաջորդեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման բավականին երկարատեւ ու ծանր փուլը: Եվ հիմա էլ, եթե գժականը մի կողմ ենք թողնում, ստացվում է, որ Էրդողանը, ըստ էության, ԱՄՆ-ին մեղադրում է ստախոսության մեջ, թե՝ առաջինը չեք եղել ու պատմություն եք կեղծում: Եվ սա այն պահին, երբ Էրդողանը կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերջին տարբերակով բանակցում է թիկունքին ակնհայտ ամերիկյան հետք եւ քրդականի համարում ունեցող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հետ: Ընդ որում, քիչ չեն այն հեղինակավոր գնահատականները, որ եթե ստեղծվի նման կոալիցիա, դա կնշանակի, որ Էրդողանն ընդունել է Վաշինգտոնի մի շարք առանցքային պայմանները՝ վերստին Թուրքիան տեղափոխելով ամերիկյան ամբողջական վերահսկողության դաշտ: Եվ ահա այս փուլում, երբ նա նորից գժի տեսքով «կծում է» ամերիկացիներին, արդեն սկսում է նմանվել այդ բանակցությունները ձախողվելու տարբերակին: Առավել եւս, որ օրերս հայտնի դարձավ, թե Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրահանգել է բոլոր նահանգներում կուսակցության ղեկավարներին՝ ամեն պահի պատրաստ լինել նոր ընտրությունների: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի հետ լեզու գտնելու տարբերակը տապալման եզրին է:
ՈՒՐ ԿՏԱՆԻ ԱԼԻԵՎՅԱՆ ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸ
Սրան զուգահեռ՝ նույն տեմպ հավաքող զարգացումները կարելի է տեսնել նաեւ Հայաստանում: Մի կողմից Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայաստանյան այցը ցույց է տալիս, որ մեր երկիրը «եվրոպականացնելու», այսինքն՝ արեւմտյան ռելսերի վրա դնելու ծրագրերը դեռ մնում են օրակարգում: Սակայն դա չի կարող ակնկալվող էֆեկտն ունենալ, քանի դեռ կա ղարաբաղյան խնդիրը. այդ իրավիճակում բոլորն են գիտակցում, որ Վաշինգտոնը չունի Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելը սարքելուն միտված եւ ոչ մի ռեալ ծրագրի հնարավորություն: Ուրեմն պետք են արագացված աշխատանքներ ղարաբաղյան բանակցությունների ուղղությամբ, եւ պատահական չէ, որ վերջին ժամանակներս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բառիս բուն իմաստով՝ իրեն է կոտորում: Ընդ որում, երեկ նաեւ ակնարկեց, որ իր այս ակտիվացումը որոշակի կապեր ունի իրանական համաձայնագրի հետ: Համենայնդեպս, որ այդ համաձայնագրի որոշակի ազդեցություն Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, ըստ Ուորլիքի, ակնկալվում է:
Բայց արդյունքներ կարծես թե չկան: Առավելագույնը, որի մասին խոսում է ամերիկացի համանախագահը, դա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հույսերն են: Միայն թե Ուորլիքն էլի «մոռացավ» բացատրել, թե ասենք` նախագահները հանդիպեցին, հետո՞ ինչ: Իսկ իրականությունն այն է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանը կտրուկ ակտիվացել է շփման գծում՝ սկսելով մինչեւ իսկ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր կիրառել: Իսկ դա նշանակում է, որ Ալիեւը ռազմատենչությունը սրելով, բոլորին հղում է այն մեսիջը, որ շրջանառության մեջ գտնվող կարգավորման մասին առաջարկներն իր սրտովը չեն, եւ եթե փորձեն իրեն որեւէ բան պարտադրել, կգնա պատերազմի: Իրականո՞ւմ կգնա, թե դա սովորական շանտաժ է. թերեւս ավելի իրատեսական է երկրորդ տարբերակը. ղարաբաղյան նոր պատերազմը դժվար թե Իլհամ Հեյդարովիչը կարողանա մարսել: Բայց որ ակնարկում է մինչեւ իսկ նոր պատերազմի մասին, դա էլ հուշում է, որ բանակցություններում նրանից զիջումներ սպասելն անիմաստ է: Իհարկե՝ ԱՄՆ-ը վերջին ժամանակներս ակտիվորեն ակնարկում է, որ կարող է գնալ «գունավոր հեղափոխության»: Սակայն ճնշման այդ տարբերակն էլ հազիվ թե ռուսներն ընդունեն. ի վերջո եկել է պահը, որ Բաքուն իր աշխարհաքաղաքական դեմքը ստիպված է ավելի ու ավելի շրջել դեպի Մոսկվան, իսկ «հեղափոխությունը» կարող է այդ իրավիճակը հիմքից փոխել:
Մյուս կողմից՝ ՌԴ-ն էլ իր հերթին, թերեւս, կցանկանար իրանական համաձայնագրից հետո ստանալ ղարաբաղյան խնդրի լուծում՝ Իրանի ուղղությամբ թիկունքը անակնկալներից ապահովելու համար: Բայց, հասկանալի է, այն կտրվածքով, որ դա տանի ոչ թե Վաշինգտոնի երազանքների Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան, այլ՝ ՌԴ-Հայաստան եւ Ադրբեջան-Իրան գծի կայունացմանը: Այսինքն՝ ինչքան էլ որ այն տպավորությունն է, թե Իրանի համաձայնագրից հետո Ղարաբաղի հարցում Մոսկվան եւ Վաշինգտոնը նույն՝ հակամարտությունը հանգուցալուծելու ցանկությունն ունեն, մեկ է, հանգուցալուծման «դափնիների» հարցում արմատական հակասությունն առկա է: Մինչդեռ՝ հենց այդ գլոբալ հակասության առկայությունն է, որ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ՝ Հայաստանին այսքան տարիներ հնարավորություն են տվել ետ քաշվել ոչ ցանկալի լուծումներից եւ հիմա էլ նույն հնարավորությունը կտան: Իսկ դա պարզապես հնարավորություն է տալիս պահպանել եղած ստատուս-քվոն, որն արդեն իսկ ռուսներին ձեռնտու տարբերակ է. համենայնդեպս այս ստատուս-քվոն ի տարբերություն Վաշինգտոնի, Մոսկվայի համար ապահովում է Թեհրանի հետ ռազմավարական կապերի զարգացումը:
Չնայած, եթե այս ողջ պատմությանը հավելում ենք այն պարզ փաստը, որն Իրանի հոգեւոր առաջնորդ եւ փաստացի ղեկավար այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքով՝ միջուկային համաձայնագիրը որեւէ կերպ չի ազդի Թեհրանի հակաամերիկյան քաղաքականության վրա, արդեն իսկ հուշում է, որ իրանական էներգակիրների համար Վաշինգտոնի այս մեծ խաղն էս գլխից մեղմ ասած՝ լուրջ հաջողություններ, ըստ այդմ էլ՝ նաեւ տարածաշրջանային բնույթի փոփոխություններ չի խոստանում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk