ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ.«ԵՍ ԵՄ ԿԵՐՏԵԼ ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է»
Արխիվ 12-16ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ.«ԵՍ ԵՄ ԿԵՐՏԵԼ ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է»
Չորս տարվա ընդմիջումից հետո օրերս Երեւանում տեղի ունեցավ դուդուկահար ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ մենահամերգը`«Տաղարան» համույթի հետ միասին: Որպես մենակատար դուդուկահարը մենահամերգներ հաճախ չի ունենում, քանի որ կազմակերպելը դժվարին գործ է: Փոխարենն այս կամ այն խմբի հետ հաճախ է ելույթներ ունեում ե՛ւ Հայաստանում ե՛ւ արտասահմանում: Դուդուկահարը յուրաքանչյուր մենահամերգին ներկայանում է նոր ծրագրով. «Յուրաքանչյուր համերգին պետք է լինեն նոր ստեղծագործություններ ու նոր մշակումներ, նոր ասելով նկատի ունեմ այն մեծ ժառանգությունն, որ մեզ թողել են մեր պապերը, այդ ժառանգությունը վերիշել ու կատարել է պետք»,-ասում է դուդուկահարը:
Մասնագիտության ընտրության, անցած ճանապարհի, դժվարություների ու ձեռքբերումների մասին «Իրավունքը» զրուցեց Արտակ Ասատրյանի հետ:
«6 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂԱՑԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԴՈՒԴՈՒԿ»
-Մասնագիտությունս ոչ թե ընտրել եմ, այլ`ցանկացել, քանի որ 4 տարեկանում չեն կարող դուդուկահարի մասնագիտություն ընտրել , այդ տարիքում լսում ես ու ցանկանում ինքդ էլ նվագել: 4 տարեկանում առաջին անգամ լսեցի սաքսոֆոն, ցուրտ ու մուտ տարիներն էին եւ դժվար էր ձեռք բերել սաքսոֆոն, բայց արդեն 6 տարեկանում հեշտությամբ կարողացա ձեռք բերել դուդուկ, սա պատահականություն էր, որի համար այժմ չեմ փոշմանել: Անգամ երջանիկ եմ, որ պատահականությունը նման կերպ փոխեց իմ կյանքը: Հետագայում արդեն գիտակացաբար հասկացա, որ այն հույզերն ու ապրումները, որոնք սովորաբար առօրյա կյանքում դժվար է արտահայտել, դուդուկի միջոցով կարող ես արտահայտել:
«ՄԻՆՉԵՎ 15 ՏԱՐԵԿԱՆ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՎԱՐՊԵՏ»
-Մասնագիտական անցած ճանապարհը բավականին բարդ է եղել: Ճիշտ է 6 տարեկանից սկսել եմ դուդուկ նվագել, բայց մինչեւ 15 տարեկան չեմ ունեցել գաղափարական վարպետ: Սովորել եմ միայն ձայնագրություններից, բոլոր վարպետների ձայնագրությունները հերթով ձայնարկիչով հետ ու առաջ էի տալիս, լսում ու սկսում նվագել: Այսպես սովորելով կարողացա նույնիսկ դուդուկի համահայկական փառատոնի մասնակցել, որի ժյուրիի կազմում ընդգրկված էին վաստակավոր դուդուկահարներ ու արտիստներ:Այդ ժամանակ ժյուրին հետաքրքրվեց, թե ով է իմ դուդուկի դասատուն, քանի որ նրանց կարծիքով լավ շկոլա եմ անցել: Ես էլ առանց մտածելու ասացի, Վաչե Հովսեփյանը, չնայած նա վաղուց արդեն մահացել էր: Հետո միայն ժյուրիին ասացի, որ բոլոր ստեղծագործությունները լսելով եմ սովորել: Այս բացահայտումը նրանց ոգեւորեց, ասացին կեցցես, հաջողել ես: Դրանից հետո բախտ ունեցա դառնալ Գեորգի Մինասովի աշակերտը, ում հետ շարունակում եմ աշխատել նաեւ այսօր: Այս ընթացքում կարողացա մեծ թռիչք կատարել եւ աշխատել նաեւ Հրաչյա Մուրդյանի հետ, ով այն բացառիկ երաժիշտն էր, ով ինձ սովորեցրեց մտածել երաժշտության մասին, այսինքն երաժշտությունը ոչ թե հույզերով շարժել, այլ նստել ու հանգիստ մտածել կատարողական յուրաքանյուր նրբության մասին: Սա իմ կարծիքով կատարողի համար լուրջ փուլ է, որը պետք է անպայման անցնել`կատարողական վարպետությանը տիրապետելու համար: Այդ փուլն անցնելուց հետո դուդուկահարը կարող է նույնիսկ առանց դուդուկի պարապել` նստել լռության մեջ եւ մտածել` ինքդ քեզ դաստիարակել ու կերտել` մտածելով երաժշտության մասին: Միայն 21-22 տարեկանում հասկացա, թե կատարողի համար ինչն է ամենակարեւորը`սեփական եսիդ ու ցանկություններիդ հետ անկեղծ լինելն է: Պետք չէ կրկնօրինակել ոչ մեկին, եթե բեմում երաժիշտն անկեղծ չեղավ, չի կարող սիրվել հանդիսատեսի կողմից: Հանդիսատեսին կարելի է հուզել միայն անկեղծությամբ: Միշտ ասել եմ, որ ամենալավ հանդիսատեսը ոչ պրոֆեսիոնալ հանդիսատեսն է, որը երաժիշտ չէ:
«ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՄ ԵՍ, ԻՍԿ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ՄԵԿՆՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՅՏ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՍԱՆԻԿԸ ԿԱՄ ԲԱՐԵԿԱՄԸ»
-Ուսանողական տարիներին շատ եմ մասնակցել մրցույթների, որին հաջորդել են հյուրախաղերը, որոնց ժամանակ էլ դեմ եմ առել անարդարությունների: Մրցույթին մասնակցում եմ ես, իսկ հյուրախաղերի մեկնում է հանրահայտ որեւէ մեկի սանիկը կամ բարեկամը: Այդ ամենն այսօր ինձ ցավ չի պատճառում, նույնիսկ զվարճացնում է, քան որ ժամանակը ցույց տվեց, որ երբ մարդը չի կերտում իր ճանապարհը, այլ ուրիշները , ապա հասուն տարիքում զրկվելով իրեն առաջ «հրողներից» հանդիպում է դժվարություւնների: Ես եմ կերտել իմ ճանապարհը եւ այսօր ամեն ինչ ավելի հեշտ է: Դեռ չեմ հասել այն ամենին, ինչն ինձ համար կհամարեի ոլորտում ամենամեծ ձեռքբերումը: Շատ հաջողություններ եմ ունեցել, բայց ամեն անգամ այդ հաջողության սահմանն անցնելուց հետո, հասկացել եմ, որ քիչ էր` առաջ գնալ է պետք:
«ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է»
- Մի քանի անագամ արտասամանից առաջարկներ եմ ստացել `այնտեղ ապրելու եւ ստեղծագործելու համար, սակայն մերժել եմ: Մի բան եմ հասկացել, եթե իմ երկրի երաժշտական դաշտից դուրս գամ ու ապրեմ արտասահմանում , ապա կատարողականի առումով հետընթաց կապրեմ, քանի որ դուդուկահարի համար ակտիվությունը Հայաստանում է, որտեղ ապրելը պարտադիր պայման է: Բացի այդ, ինձ ավելի շատ դուր է գալիս հայ հանդիսատեսը, քանի որ նրա աչքից ոչինչ չի վրիպում, նա ամենապահանջկոտն է, բեմում կա՛մ քո ոխերիմ թշնամին է, կա՛մ մոտ բարեկամը` կախված նրանից, թե ինչպես ես ներկայանում:
«ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»
- Դուդուկը գործիք չէ, որով ուղղակի նվագում են, այլ մտածողություն, հոգեբանություն, մենթալիտետ, մարդ ով չի ապրել մեր հողում ու չի տեսել հայ ժողովրդի դժվարությունները, չի կարող դուդուկ նվագել: Մի դեպք պատմեմ, Ֆրանսիայում համերգից հետո մի մեծահասակ մարդ դուդուկը ձեռքին մոտեցավ մեզ ու ասաց, թե ինչպես կարող է դուդուկ նվագել սովորել, ես էլ կատակեցի ու պատասխանեցի` նախ հայ ժողովրդի պատմությունը սովորեք, հետո կկարողանանք նվագել: Հետո միայն հասկացա, որ կատակ չեմ արել, պատասխանս ճշմարտացի էր:
Մեր հարեւան Ադրբեջանը հաճախ է ասում, որ դուդուկն իրենց ազգային գործիքն է, այս ամենին պետք է նայել քմծիծաղով, բայց եւ չարհամարել, այլ լինել ակտիվ ու ստեղծագործ: Այս առումով իմ գործունեությամբ ակտիվ եմ: Չնայած, ինչ էլ ասեն ադրբեջանցիները, մեկ է` դուդուկի ասպարեզում բացահայտ տեսնում ենք, որ աշխարհի լավագույն դուդուկահարները հայերն են եւ Հայաստանից: Կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե Հայաստանում բացվեր մեր լուսահոգի վարպետ դուդուկահարների մասին ինֆորմացիոն թանգարան: Չգիտեմ, որքանով է իրականանալի գաղափարը, բայց այն ինքնին կխթանի նաեւ դուդուկի տարածմանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk