ԻՍՐԱՅԵԼԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ԶՈՒԲԻՆ ՄԵԹԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԻՍՐԱՅԵԼԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ԶՈՒԲԻՆ ՄԵԹԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 3-ին տեղի կունենա մեծ համերգ. ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ Նվագախմբի եւ Զուբին Մեթայի պատմական այցը Հայաստան իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։ Նա ղեկավարել է եւ հանդիսանում է աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժորը», ինչպիսիք են Նյու Յորքի, Վիեննայի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը եւ այլն։ Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվ տիտղոսների եւ մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի եւ Թել Ավիվի պատվավոր քաղաքացի ։ 2011թ․-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։
Իսրայելիֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները եւ հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։
«Երևանյան Հեռանկարների» շրջանակներում իրականացնում է մշակութային քաղաքականությանը եւ կրթությանը վերաբերող լայնածավալ ծրագիր, որի շնորհիվ այս տարվա ապրիլին Բյուրականում բացվեց փառատոնի ակադեմիան: Այս ամենին զուգահեռ ընթանում է «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը, որի շրջանակներում «Երևանյան հեռանկարների» բարեկամ աշխարհահռչակ երաժիշտները համերգներով հանդես են գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ հարգանքի տուրք մատուցելով եւ հրավիրելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը` Հայոց Ցեղասպանության վերջնական ճանաչման հարցին:
Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk