Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

Փելեշյանն ինքն է հրաժարվել բառերից` իր ֆիլմերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

Փելեշյանն ինքն է հրաժարվել բառերից`իր ֆիլմերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց հայ անվանի կինոռեժիսոր ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ «Մենք» եւ «Բնակիչներ» կինոնկարները` «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Մինչ ցուցադրությունը, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ցուցադրվող ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելիս ասաց. «Ամեն անգամ, երբ առիթ է լինում Արտավազդ Փելեշյանի մասին խոսք ասելու, հասկանում եմ, որ բառերը փոքրանում եւ ավելորդ են դառնում նրա արվեստի դիմաց: Փելեշյանն ինքն է հրաժարվել բառերից` իր ֆիլմերում: Հավանաբար` 20-րդ դարում, երբ նա նկարահանում էր իր ֆիլմերը, բառերը կորցրել էին իրենց նշանակությունը: Հազար ու մի բռնատիրական համակարգեր, գաղափարախոսություններ, քաղաքական եւ այլ տեսակի շահեր արժեզրկել էին բառը: Իսկ Փելեշյանն ուզում էր մաքուր լեզու, այդ պատճառով նա պատկերը խոսք դարձրեց: Իր ֆիլմերն անխոս են, բայց պերճախոս: Եվ այդ պատճառով էլ նրանք խոսում են մինչեւ այսօր: Փելեշյանի  բոլոր ֆիլմերը միասին կինոէպոս են դարձել»:

Դ. Մուրադյանի խոսքի ավարտին բեմ բարձրացավ Արտավազդ Փելեշյանն ու այս անգամ էլ քչախոս գտնվեց. «Այնքան լավ բաներ ասացին, չգիտեմ ինչ ասեմ: Երկու ֆիլմ է ցուցադրվում «Մենք»-ը եւ «Բնակիչներ»-ը, որոնք արված են մոտ 50 տարի առաջ: Ուսանողական ֆիլմեր են: Միգուցե հնացած են: «Մենք»-ի ժամանակ ես նկարեցի «Բնակիչները»: Ցուցադրեցի ստուդիայի տնօրենին,  նա զարմանալի բան ասաց՝ «Ուզո՞ւմ ես ինձ գործից հանեն»: Ես չհասկացա, ինչու պետք է հանեն: Ստիպված էի Մոսկվայի պետկինոյին ասել ֆիլմի մասին, եւ նրանք առաջարկեցին այն նկարահանել Բելառուսֆիլմում: Բոլոր նյութերը նկարահանվել են Հայաստանում եւ Մոսկվայում, շատ քիչ բաներ են Բելառուսից օգտագործված: Այդպես այդ ֆիլմը, նկարահանվելով Մոսկվայում եւ Հայաստանում, դարձավ Բելառուսի սեփականություն, բայց այնտեղի ստուդիայի տնօրենին չհանեցին աշխատանքից»:

Ֆիլմերի ավարտին «Իրավունքի» այն  հարցին, թե ի վերջո ո՞ւմ մասին է «Մենք» ֆիլմը, Փելեշյանը պատասխանեց. ««Մենք» ասելով նկատի ունենք ամբողջ մարդկությանը, որի մեջ բնականաբար նաեւ հայերն են մտնում»:

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ. Գ. Առավել մանրամասն կարդացե՛ք տպագիր «Իրավունքում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ