«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԻ ՆՈՐ ԵԼՔԸ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՏԵՍՔՈՎ (Ֆոտոշարք/Տեսանյութ)
Արխիվ 12-16«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԻ ՆՈՐ ԵԼՔԸ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՏԵՍՔՈՎ (Ֆոտոշարք/Տեսանյութ)
«Ելք չկա» ֆիլմը Հայաստանի բոլոր մարզերում ու երկրի սահմաններից դուրս ցուցադրվելուց, բազմաթիվ մրցանակների արժանանալուց հետո այժմ կինոսերների դատին հանձնվեց խտասկավառակի տեսքով: Եվ, միեւնույն ժամանակ, կայացավ նաեւ ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը կերտած Կամո Ունանյանի կյանքի ու մարզական անցած ճանապարհի մասին պատմող «Իմ կյանքը իմ խաղն է» վերնագրով ամսագրի շնորհանդեսը: Շտապենք տեղեկացնել, որ խտասկավառակի վաճառքից ստացված հասույթի որոշակի մասը կփոխանցվի «Երազ» բարեգործական հիմնադրամին, ովքեր իրականացնում են շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին, կարիքավոր ընտանիքների վատառողջ երեխաներին բժշկական եւ հոգեբանական օգնության, բուժման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման ծրագիրը:
«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ»
Շնորհանդեսի ժամանակ ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար, կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԻՑ «Իրավունքը» նախ հետաքրքրվեց ֆիլմի երիտասարդ կազմի եւ նկարահանված ավագ սերնդի փոխհարաբերությունների մասին.
- Իսկապես, շատ լավ, պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ աշխատել: Ի սկզբանե ամեն ինչ միասնական ենք որոշել: Այսինքն` այնպես չէ, որ ես ֆիլմի տնօրենն եմ,
ուրեմն` ամեն ինչ հենց այնպես պետք է լիներ, ինչպես ուզում էի: Չեմ խառնվել, օրինակ, ռեժիսորի, կոմպոզիտորի գործերին, որովհետեւ իրենք ինձնից լավ գիտեն, թե ինչպես անեն, որ ավելի լավ լինի:
- Ի վերջո, ինչո՞ւ կայացած մարզիկը որոշեց ֆիլմ նկարահանել:
- Ես այն մարզիկներից չեմ, որ երազել եմ նկարել մի ֆիլմ, որտեղ միայնակ 100 հոգու կծեծեմ: Ուղղակի, սեր եմ ունեցել կինոյի հանդեպ եւ ցանկացել եմ ստեղծել մի այնպիսի ֆիլմ, որը ոչ միայն Հայաստանում ճանաչում կունենա, այլ ամբողջ աշխարհում: Եվ ինձ թվում է հաջողվեց անել այդ:
- Անդրադառնանք նաեւ խտասկավառակին, մասնավորապես այն խնդրին, թե ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանվել պիրատներից ու ֆիլմի DVD
տարբերակի կրկնօրինակումներից:
- Պիրատների հետ խնդիր չի լինի, որովհետեւ մեր rec-time-ը Youtube-ի պաշտոնական գործընկերն է: Եվ եթե ինչ-որ տեղից գցեն ֆիլմի մի տեսարան, այն մեխանիկորեն կջնջվի: Այնպես որ, դժվար թե առանց մեր իմացության որեւէ մեկը կարողանա այն տարածել:Ինչ վերաբերում է մեր պաշտոնական DVD-իներին, ապա դրանք վաճառքի են դրված ստորագրված տարբերակով, ըստ իս, մարդիկ կկարողանան տարբերել իրականը կեղծից:
- Ֆիլմի ակնհայտ հաջողություններին կարո՞ղ է հաջորդել երկրորդ մաս:
- «Ելք չկա» ֆիլմի հետ կապված, դժվար թե, երկրորդ մաս լինի, բայց մյուս տարի պատրաստվում ենք մի մեծ նախագիծ սկսել:
- Բավական լուրջ աշխատանքային տարի էր Ձեզ համար, չե՞ք պատրաստվում կազմակերպել վաստակած հանգիստը:
- Մեկ ամսից գնում եմ ԱՄՆ, այնտեղ հաստատ կհանգստանամ ամեն ինչից ու բոլորից:
«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ԷԼԻ ՄԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՁԵՌՔՈՎ ԿԿԵՐՏԵՆՔ»
Իսկ թե ինչպես ստացվեց, որ վաստակաշատ դերասանները վստահեցին երիտասարդ թիմին ու նկարահանվեցին «Ելք չկա» ֆիլմում, պարզեցինք դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ.
- Ընդհանրապես, պետք չէ անընդհատ ասել` ես-ես, որովհետեւ 80-90 տարեկանում դեռ ասում են` ես, ու իրենք էլ չկան: Այդպիսի մարդիկ իրենց հետեւից ոչինչ չեն թողնում: Հեղափոխությունից հետո, շատ մարդիկ, ցավոք, տարբեր բնագավառներում իրենց հետեւից
չթողեցին աշակերտներ, ուսանողներ եւ վարպետներ: Բայց, ոչինչ, ամեն հեղափոխություն ծնում է իր հերոսները: Կարծում եմ` երիտասարդների հետ համագործակցելով, մեկս մյուսից մի բան սովորելով` էլի մենք մեր տունը մեր ձեռքով կկերտենք:
- Կարելի՞ է ասել, որ վաղվա սերնդին լիովին կվստահեք կինոոլորտը:
- Անպատճառ իրենցն է երկիրը, իրենցն է մշակույթը: Պետք է վստահես, որպեսզի կարողանաս առաջ գնալ, որպեսզի իմանաս, որ հենարան ունես, որին կկարողանաս հենվել: Պետք է առաջ գնալ ու վաղվա սերնդին էլ հետդ առաջ տանել:
Այդպես պետք է լինի, ոչ թե ոտքիցդ քաշեն ու ասեն` արի իջի կամ դու ջահել ես սպասի: Անգամ նորածին երեխայի հետ պետք է խոսես այնպես, ինչպես մեծահասակ մարդու հետ, որովհետեւ քեզնից փոքր լինելը չի նշանակում, որ նրա ուղեղի ծալքերը պակաս է: Չէ՞ որ նա շատ մեծ փիլիսոփայությամբ է աշխարհ եկել, ու մենք ընդամենը պետք է այս երկրում զարգացնենք այդ փիլիսոփայությունը:
- Ֆիլմի վերնագրված է «Ելք չկա», բայց պարզվեց, որ այն բազում ելքեր ունի, ինչը վկայում են ֆիլմի մեկը մյուսին հաջորդող ձեռքբերումները: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ուղղակի, վերնագրի մեջ պակասում էր հարցական նշանը, որովհետեւ, իսկապես, պարզվում է, որ ելք էլ կա, ամեն ինչ էլ կա: Այդ հարցական նշանը եթե լիներ, բոլոր պատասխանները ճիշտ կլինեին:
- Իսկ ի՞նչ կմաղթեք ֆիլմին ապագայում:
- Այս ֆիլմը բազմաթիվ շնորհներ, մրցանակներ ստացավ, բազմաթիվ երկրներում ման եկավ, մաղթում եմ կանաչ ճանապարհ, կապույտ երկինք եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: Տա Աստված, որ նմանատիպ ֆիլմերի մեջ ներդրումներ անեն մեր հասարակության օլիգարխները, հարուստները ու երիտասարդների մեջքին կանգնեն: Տունը միանգամից չեն կառուցում` կամաց-կամաց են սարքում ու մեկ էլ տեսնում ես, որ այն արդեն Կաննի կինոշուկային է մասնակցում:
«ԱՅՍ ՖԻԼՄՈՒՄ ՀԵՐՈՍ ԿԱ, ՄԻ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆՔ»
Նույն հարցով դիմեցինք նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ. «Յուրաքանչյուր փորձ ունեցող, տարիքով դերասան, եթե դադարի սովորել երիտասարդներից` իրենից ոչինչ չի մնա: Պարզապես, կծերանա, ու կասեն` հին է: Բայց եթե քայլում է այսօրվա հետ, այսօրվա երիտասարդի մտածելակերպից ուզում է մի բան «գողանալ»` երբեք չի հնանա: Ամեն տարիքում մարդը սովորելու բան ունի ու անընդհատ սովորում է: Հատկապես
արվեստագետը պետք է չդադարի սովորել: Ասածիս ապացույցն էլ այս վերջին հանրահավաքներն էին, որի ժամանակ պարզվեց, որ մեր երիտասարդությունը շատ հետաքիրքիր ասելիք եւ միտք ունի, ինչի հետեւից կարելի է գնալ: Շատ անվանի գործիչներ, արվեստագետներ զարմացած ուզում էին մասնակցել այդ ամենին, որովհետեւ ժամանակին քիչ էին շփվել երիտասարդների հետ: Այնպես որ, եթե երիտասարդի հետ շատ շփվես, քո երեխաների հետ էլ կարող ես ճիշտ վարվել, հասկանալ թոռներիդ»: Անդրադառնալով «Ելք չկա» ֆիլմի ստեղծագործական թիմին եւ երիտասարդ դերասանական կազմին`
դերասանը հավելեց. «Հիմա այս երեխեքից էլի մի լավ բան սովորեցինք: Եվ, ի վերջո, այս ֆիլմը հավանում եմ, որովհետեւ ֆիլմում հերոս կա, մի հասկացողություն, որը մենք կորցրել էինք: Այսօր չգիտենք` հերոսն ի՞նչ է, իսկ Կամո Ունանյանն իր ոչ պրոֆեսիոնալ լինելով` այդ հերոսին է ստեղծել, որն իր կյանքը կտա հանուն ճշմարտության, հանուն լավ ու բարի գործերի, հանուն իր ընկերուհու: Մինչդեռ այսօր այդպես չէ. ասում են` չի ուզում-չի ուզում, ես ուրիշին կճարեմ: Այս ֆիլմում սիրուն երեւույթ կա, եթե չեն կարողանում նկատել այն, ուրեմն` մարդիկ շատ են «մխտռվել», պետք է մի քիչ մաքրվեն»:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաեւ «Ելք չկա» ֆիլմի խտասկավառակի եւ «Իմ կյանքը իմ խաղն է» ամսագրի շնորհանդեսից մի հատված տեսանյութի տեսքով.
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
