Անատի Ռոշեր. ««ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽՎԵՑ»
Արխիվ 12-16Անատի Ռոշեր. ««ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽՎԵՑ»
Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», օրերս կայացավ «Ելք չկա» ֆիլմի DVD տարբերակի շնորհանդեսն ու ֆիլմի գլխավոր հերոս, պրոդյուսեր կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանի կյանքին ու մարզական ուղուն նվիրված թվով երկրորդ «Իմ կյանքը իմ խաղն է» վերնագրով ամսագրի շնորհանդեսը: Սա, իհարկե, մի լավ առիթ էր, որպեսզի ֆիլմի ողջ անձնակազմը հավաքվեր մեկ տեղ ու նշեր ֆիլմի բազում հաջողությունները` սկսած արտասահմանյան շրջագայություններից մինչեւ Կաննի կինոշուկային մասնակցելու ընձեռված հնարավորությունը: Ի դեպ, երեկոյին ներկա էր նաեւ դերասանուհի ԱՆԱՏԻ ՌՈՇԵՐԸ, ում համար «Ելք չկա» ֆիլմը դարձավ դեպի մեծ կինոաշխարհ տանող ուղենշային ճանապարհ: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց գեղեցկուհի դերասանուհու հետ:
- Հետաքրքիր է` ֆիլմի նկարահանման ընթացքում երբեւէ մտածո՞ւմ էիք, որ այն այսքան հաջողություններ կունենա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
- Ճիշտն ասած, երբ տեսնում էի, թե Կամո Ունանյանն ինչպես է անխնա աշխատում, վստահ էի ու ներքուստ գիտակցում էի, որ նա ինչ-որ մի բանի հասնելու է: Բայց որ այս ամենը կհասնի այսպիսի մակարդակի, այսքան կլրջանա, այդքան էլ չէի պատկերացնում: Շատ ուրախ եմ ու ոգեւորված այս ամենով, որովհետեւ Կամոն ինձ համար շատ հարազատ մարդ է: Կարելի է ասել, որ այս ֆիլմի շնորհիվ ես ձեռք բերեցի Կամո Ունանյանի պես լավ ընկերոջ: Այնպես որ, բացի այն, որ ֆիլմն ինձ շատ բան տվեց, տվեց նաեւ լավ ընկեր: Ֆիլմի պրեմիերան արդեն մեկ տարի է, ինչ եղել է, բայց մենք դեռ շփվում ենք եւ շփվելու ենք շատ երկար:
- Կա՞ մտադրություն նույն թիմով մի նոր ֆիլմ ստեղծելու:
- Դեռ չեմ կարող ասել կլինի նոր ֆիլմ, թե` ոչ, բայց եթե լինի, վստահ եմ, որ նորից կհամագործակցենք, որովհետեւ կապվել էինք իրար հետ ու արդեն գիտեինք, թե ով ինչի է ընդունակ այս կամ այն կերպարը կերտելիս: Միշտ առաջնախաղից վախենում ես, իսկ երկրորդի ժամանակ «ռիսկով» ես լինում, հետեւաբար կարծում եմ` եթե նման ֆիլմ ստեղծելու մտադրություն լինի, ապա այն ավելի կատարելագործված կլինի:
- Յուրաքանչյուր ֆիլմի պրեմիերային հաջորդում են տարատեսակ քննադատությունները, իսկ ինչպիսի՞ արձագանքներ են հասել Ձեզ:
- Ֆիլմում իմ կերպարով հակառակ բեւեռ էի ներկայացնում ու մտածում էի, որ ավելի վատ քննադատություններ կլինեն, բայց շատ ուրախ եմ, որ միայն դրական կարծիքներ են եղել: Ես պետք է գլխավոր դերը կատարեի, բայց ինչ-ինչ պատճառներով չհաձայնեցի ու հիմա եմ հասկանում, որ իմ դերով ավելի շատ բան եմ կարողացել ներկայացնել հանդիսատեսին, քան գլխավոր դերակատարուհին, քանի որ նրա կերպարն ավելի պասիվ էր, իսկ իմ կերպարի մեջ եղել է մի քանի րոպեում ե՛ւ լաց, ե՛ւ խանդ, ե՛ւ հուզմունք, որը կարողացել եմ փոխանցել հանդիսատեսին: Ես դերասանական կրթություն չունեմ եւ ինձ համար շատ կարեւոր էր նաեւ այն, որ պրոֆեսիոնալ մարդիկ ֆիլմը դիտելուց հետո ասացին, որ իրենց սպասվածից ավելի լավ է եղել:
- Իսկ ի՞նչ աշխատանքային առաջարկներ եք ստացել ֆիլմի պրեմիերայից հետո:
- Ֆիլմից հետո առաջարկներ շատ եղան, բայց քանի որ հաճախ եմ երկրից բացակայում չկարողացա այնպես անել, որ հերթականությամբ ընդունեի դրանք: Ցավոք, շատ բաներից հրաժարվեցի, որոշներն ընդունեցի: Անկեղծ ասած, «Ելք չկա» ֆիլմում նկարահանվելուց հետո իմ կյանքում շատ բան փոխվեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk