6 ԱՆԳԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ ՕԵԿ-Ի ԵՎ ԶՈՆ ՆԱՅՈՂԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՊՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ
Արխիվ 12-166 ԱՆԳԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ ՕԵԿ-Ի ԵՎ ԶՈՆ ՆԱՅՈՂԻ
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՊՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ
ՀԱՆԳԻՍՏԸ
Այսօր «Իրավունք»-ը ահազանգ ստացավ Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, որտեղից հայտնեցին, որ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի երեխաները, որոնք 89-ն են, 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Ինչպես նշված է Henaran.am կայքում, հիմնադրամի տնօրենն է նախկին դատապարտյալ Գեւոր Կոշկերյանը, ով վերջին բանտարկությունից դուրս գալուց հետո` 2005 թվականին որոշում է ստեղծել կալանավայրերից վերադարձածների և նրանց ընտանիքների օգնության «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը: Կոշկերյանը 17 տարի անցկացրել է վանդակաճաղերից այն կողմ խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցության համար: Վերջինս, ի դեպ, ժամանակին Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի բաժնի ուսանող է եղել, իսկ լրատվամիջեցներից մեկի`Henaran.am-ի հետ զրույցում ասել է.
«Չորրորդ կուրսի ուսանող էի, չհասկացանք` բռնաբարություն խմբակային, զուգորդված սպանությամբ: Կյանք է` չեմ արդարանում, բայց խորտակվեցի.... Հիմա ուզում եմ օգնեմ էն երեխեքին, որոնք կանգնած են հանցագործության շեմին: Թող ոչ մի մարդ այս կյանքում հանցագործ չդառնա»-, ասել է նախկին դատապարտյալը:
Ինչեւէ, բարեգործությունը դարձավ իսկական չարեգործություն «Մարմարիկի» համար, եւ ոչ միայն: Տնօրեն Սանամյանի փոխանցմամբ հիմնադրամի կազմակերպիչների հետ բացի նախնական գումարային պայմանավորվածությունից եղել է նաեւ գրավոր պայմանագիր, ըստ որի պարտավորվել են մինչ հանգստի ավարտը վճարել հասանելիք գումարը: «Արդեն անցել է 9 օր, ոչ մի կոպեկ չենք ստացել, մենք էլ ի վիճակի չենք ծախսեր ու գնումներ կատարել, հայտնվել ենք աբսուրդ իրավիճակում, իսկ երեխաներին կերակրել է պետք, աշխատողներին աշխատավարձ է պետք տալ, կոմունալ վճարներումների ժամանակն է մոտենում, էլ որն ասեմ...»,- վրդովված ասաց հանգստյան տան տնօրենը եւ հավելեց, որ դա էլ հերիք չէր, իրեն օրեր առաջ զանգում է մի տղամարդ, ներկայանում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի օգնական եւ կարգադրում, որ իրավունք չունեն այդ երեխաներին դուրս հանել եւ պարտավոր է մինչեւ վերջ նրանց պահել:
Խմբագրությունը կապ հաստատեց նախկին ռեցեդեվիստի հետ, ով ցանկություն հայտնեց անձամբ գալ խմբագրություն: Ահա թե ինչ է տեղի ունեցել. ըստ Կոշկերյանի նա ամեն գնով ուզում է լավություն անել անապահով ընտանիքներին ու հատկապես նրանց երեխաներին. «Դե ամառ ա արձակուրդ ա, ետ երեխեքը պետք ա հանգստանան թե չէ»: Նշենք, որ նա խմբագրություն մենակ չէր եկել, եւ նրան հետ կար հիմնադրամի աշխատակցուհի Քրիստինեն, ով փորձում էր ամեն գնով հարթեցնել իրավիճակը ներկայացնելով, որ իրենք այդ մարդը չեն եւ անպայման գումարը կվճարեն: Իսկ թե ինչու նախապես չեն վճարել, ում ու ինչի հույսով են գնացել հանգստյան տուն այստեղ միջամտեց կրկնահանցագործը ու ասաց. «Էն ով պետք ա փողը տար, հովանավորեր, մահացել ա, եթե պետք ա մահվան վկայականն էլ կբերեմ կտեսնեք, որ չեմ խաբում: Հիմա դրա համար սենց վիճակի մեջ ենք հայտնվել»: Ինչ խոսք սա արդարացում չէ, քանի որ գումարը պետք էր ունենալ նախապես, այս խոսքին միջամտեց աշխատակցուհին եւ ասաց, որ իրենք մի շարք բարեգործների հետ են համագործակցում, իսկ այս դեպքի առնչությամբ դիմել են տարբեր տեղեր, բայց դեռ ոչ մի տեղից, ոչ մի դրական արձագանք չեն ստացել:
Իսկ թե ինչու ընտրեցին «Մարմարիկ» հանգստյան գոտին դա եւս մեղմ ասած զավեշտալի պատմություն է հիշեցնում. «Դե վեր կացանք մի օր գնացինք հանքավան ու սկսեցին հերթով մտնել ճամբարներն ու հանգստյան տները, դրանցից մեկն էլ Ավետարանական եկեղեցու ճամբարն էր, որից մենք անտեղյակ էինք, բայց չցանկացանք նրանց հետ կապ ունենալ: Մեզ ճամբարներից մեկում ասացին, որ հիմա ոչ մի տեղ չենք կարող գտնել, քանի որ բոլոր ճամբարները խիստ զբաղված են, լավ կլինի նման սոցիալապես անապահով երեխաներին տանեք «Մարմարիկ» նրանք կնդունեն: Այդպես էլ գտանք»:
Սա դեռ այս պատմության ծաղիկներն են: Երբ հարց ուղեցինք, թե դուք ինչպես եք պատկերացնում բարեգործությունը, մեկի հաշվին մյուսների?ն... «դե հիմա ինչ անեմ, ինչ եք առաջարկում անեմ, որ տենց ա հեսա կգնամ զոն նայողի մոտ, տեսնեմ ինչ եմ անում...»: Ինչ կապ ուներ զոն նայողը. պարզվում է նա դիմում է, որպեսզի այս հարցի տակից կարողանա դուրս գալ:
Խմբագրությունում այս անձինք մեզ ասացին, որ համագործակցում են սոցապ նախարարության հետ, սակայն նախարարությունից այն հերքեցին եւ ասացին, որ նման հիմնադրամի մասին տեղեկություններ չունեն: Այնուհետ խմբագրությունում նրանք խոստացան, որ կգնան սոցապ նախարարություն եւ կփորձեն այս հարցին լուծում տալ: Կես ժամ անց վերադարձան եւ ասացին, որ գնացել են Արդարադատության նախարարություն եւ հանդիպել փոխնախարար Արման Քրմոյանի հետ եւ իբրեւ ներկայացրել տեղի ունեցածը. «Մեզ Քրմոյանը ասեց գնացեք ոչ թե ձեռագիր, այլ տպագիր տարբերակով երկրողմանի պայմանագիր կնքեք, նշեք ձեր երեխաների անունները»: Խմբագրությունում խոստացան, որ հիմա կգնան «Մարմարիկ» եւ կկնքեն այդ պայմանագիրը: Սակայն րոպեներ անց պարզվեց, որ վերոնշյալ մարդիկ չեն հանդիպել Քրմոյանի հետ:
Իսկ վերջում ցանկանում ենք տեղեկացնել, որ մեծ կոմբինատորի գործը հասել է ոստիկանություն, իսկ թե ով է տիրություն է անելեւ «Մարմարիկում մնացած 90 երեխաներին` դեռ պարզ չէ:
Հ.Գ. Ստացվում է, որ մեր երկրում ցանկացած մեկը, անգամ նա, ով վեց անգամ եղել է դատապարտված կարող է անարգել զբաղվել երեխաների դաստիարակությամբ, ճամբարների կազմակերպմամբ եւ այլն: Եվ զբաղվում են... աղանդավորները, ռեցեդիվիստները, գրանտակերները, ով ասես: Իսկ պետական համապատասխան մարմինները «անուշիկ» քնած են, թեեւ պետական համապատասխան մարմին այդպես էլ չհայտնաբերեցինք: Ի վերջո, ով է պատասխանատու մեր երեխաների դաստիարակությամբ ու հանգստի համար:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
