ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԳՐԵԹԵ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԷՐ
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԳՐԵԹԵ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԷՐ
Եվրագավաթների մրցաշարերում առաջին անգամ միանգամից 3 հայկական ակումբներ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը եւ հնարավորություն ունեցան պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար: Քիչ էր մնում հայկական ակումբային ֆուտբոլը հրաշք գործեր, բայց ինչպես երեւում է, այս անգամ էլ ուրախությունը կարճ տեւեց:
Երկրորդ փուլում առաջինը մրցասպարեզ դուրս եկավ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որը, հիշեցնենք, պարտվեց 0:5 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Երեւանում, սակայն այդ խաղից որեւէ սպասելիք չկա:
Մյուս թիմը, որին հաջողվել է հաղթահարել Եվրագավաթային մրցաշարի առաջին փուլը, Գյումրիի «Շիրակն» է: Երկրորդ փուլում հայկական թիմի մրցակիցը Շվեդիայի ԱԻԿ-ն է, որն առաջին անգամ է մրցակից դառնում հայկական ակումբին: Ի դեպ, բուքմեյքերները չեն հավատում շիրակցիների հաղթանակին. ԱԻԿ-«Շիրակ» խաղում տանտերերի հաղթանակը գնահատվում է 1.21 գործակցով, գյումրեցիներինը՝ 12, իսկ ոչ-ոքին՝ 6.6:
Երրորդ «հաջողակ» թիմը «Ալաշկերտն» է, որի մրցակիցը Ղազախստանի «Կայրաթն» է: Ի դեպ, ղազախական ակումբների հետ մրցելու փորձ հայկական թիմերն ունեն, սակայն հայ-ղազախական դիմակայություններում հայկական կողմը հաղթանակներ չի ունեցել: Ինչ վերաբերում է «Կայրաթ»-«Ալաշկերտ» մրցավեճին, այստեղ նույնպես ֆավորիտը մրցակիցն է: Ղազախների հաղթանակի գործակիցը 1.25 է, հայկական ակումբինը՝ 13, իսկ ոչ-ոքին՝ 5.5: Այսպիսով, ռեալ գնահատելով հայկական ակումբների հնարավորությունները Եվրագավաթների որակավորման երկրորդ փուլերում, պետք է միայն հուսալ, որ մեր թիմերին կհաջողվի խուսափել կատարյալ ֆիասկոյից. ի վերջո, եթե 5:0 հաշվով պարտություն է կրում Հայաստանի չեմպիոնը, ապա մյուս ակումբներից ակնկալել սեփական ուժերի եռապատիկը ոչ իրատեսական կլինի, ոչ էլ` արդար:
Եվ վերջում հիշեցնենք, որ եվրագավաթներում հայկական ակումբներից դեռ ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 2-րդ փուլի արգելքը: Անցկացրած 26 հանդիպումներում հայկական ակումբները միայն 1 հաղթանակ են տոնել, 4 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 21 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են ընդամենը 13 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 54 գնդակ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հ.Գ.-Ցավոք, մեր մյուս թիմերն էլ` «Ալաշկերտն» (0:3) ու Գյումրիի «Շիրակը» (0:2) նույնպես պարտություն կրեցին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk