ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում 2008-ից իրականացվում է Հայ-թուրքական կինոպլատֆորմ նախագիծ` փառատոնի եւ թուրքական «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության նախաձեռնությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ թուրք գրողներն ու ռեժիսորներն իրենց աշխատանքներում անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը` զուտ այն պատճառով, որ խեղաթյուրեն Ցեղասպանության հետ կապված փաստերը եւ տարածեն ապատեղեկատվություն:
Թե որքանով է նպատակահարմար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին էլ իրականացնել այդ կինոպլատֆորմը, կարծում ենք, փառատոնի ղեկավարները լրջորեն չեն մոտեցել հարցին: Կամ էլ` առաջնորդվել են զուտ ամերիկյան մտածելակերպով, անտեսել 100 տարի առաջ կատարվածն ու եղբայրաբար ձեռք սեղմել թուրքի հետ` խաչ քաշելով աղաղակող փաստերի վրա:
Ամեն դեպքում կինոոլորտի գիտակների կարծիքներն այս թեմայի շուրջ տարբեր են ու վիճելի.
«ՍԱ ՄՇԱԿՈՒՅԹ Է, ՈՐԸ ԶԵՐԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ռեժիսոր, սցենարիստ ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆ.
- Այսօր ուրիշ ժամանակներում ենք ապրում, եւ հայ ու թուրք հասարակությունը պետք է գնա երկխոսության: Չեմ ասում չարանանք, բայց եւ չպետք է փոխենք մեր սկզբունքները: Հայ-թուրքական պլատֆորմը հենց այդ երկխոսության հնարավարությունն է տալիս հայ եւ թուրք նոր սերունդներին: Նախագիծը միայն նպաստում է, որ մեր ցավը հասկացվի թուրք հասարակության կողմից: Սա մշակույթ է, որը զերծ է քաղաքականությունից: Կարծում եմ` հայ եւ թուրք ռեժիսորների շփումը չի խանգարի հասնելու մեր գլխավոր նպատակին` Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից: «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմում, որն ավելի շատ է արտացոլում Հայոց ցեղասպանության խնդիրները, նկարահանվել է թուրք դերասանուհի: Նա մանրամասն տեղյակ էր Ցեղասպանության փաստերին եւ իր նախնիների մեղքն ընդունում էր: Ահա թուրքական նոր սերնդի ներկայացուցիչ, ով ընդունում եւ հասկանում էր ամեն ինչ, ավելին` մեկ ամսվա ընթացքում սովորեց հայերեն եւ հայկական երգեր: Թուրք հասարակությունը Հայոց ցեղասպանությունն ընդունում է, խնդիրն իշխանությունների մեջ է, քանի որ վերջիններս գիտակցում են` Ցեղասպանությունը ընդունելուց հետո կանգնելու են հատուցման խնդրի առջեւ, ինչը նրանց համար այդքան էլ դյուրին գործ չէ, իրավաբանական հետեւանքից խուսափում են:
«ՉԻ՛ ԿԱՐՈՂ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Կինոգետ ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ.
- Կարծում եմ` հայ-թուրքական պլատֆորմը կարեւոր նախագիծ է: Երբ սկսում էինք, մեծ կասկածներ կային տարբեր մարդկանց կողմից, թե ինչու պետք է Հայ-թուրքական կինոպլատֆորմ ստեղծվի, կամ ինչքանով է դա քաղաքականացված եւ ինչ նշանակություն կունենա: Սակայն նախագծի կազմակերպիչները հստակ գիտեին, թե ինչ են ուզում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` պլատֆորմին «Ոսկե ծիրանը» սկսել է նախապատրաստվել ծրագրի հենց մեկնարկին, քանի որ ծրագրի շրջանակներում ունեցանք մեկ տասնյակից ավելի ֆիլմեր, որոնք թուրք ռեժիսորների կողմից են նկարահանվել եւ պատմում են Ցեղասպանության մասին: Տարբեր երկրներում կազմակերպվել է Ցեղասպանությունը ներկայացնող ֆիլմերի ցուցադրություններ, որից հետո էլ հասկացանք` հայ-թուրքական կինոպլատֆորմի ստեղծման որոշումը ճիշտ էր: Մեկ բան է, որ դու ես բարձրաձայնում քո ցավի մասին, մեկ այլ բան, որ քեզ ցավ պատճառողն է խոսում այդ մասին: Յուրաքանչյուր թուրք ռեժիսորի` Հայոց ցեղասպանության մասին նկարահանած ֆիլմում մեծ ցավ ու ապաշխարության նման մի բան կա, ինչը շատ կարեւոր է: Այնպես չէ, որ ցանկացած թուրք ռեժիսոր կարող է մասնակցել նախագծին, դրանք ընդունվում ու քննարկվում են նախապես, ընտրվում է ժյուրիի կազմ, որն էլ քննարկում է դրանք: Ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, եւ չի կարող որեւէ հակահայկական ֆիլմ նկարահանվել ու ներկայացվել Հայաստանում: Թուրքիայում կան մարդկանց տարբեր շերտեր` ե՛ւ երիտթուրքերին մոլեռանդ պաշտպանողներ, ե՛ւ նրանց դատապարտողներ:
«ԹՈՒՐՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՏՈՂԱՏԱԿԵՐՈՎ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵՆ»
Կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ.
- Նախկինում խոսակցություններ եղան, որ հայերը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ են նկարահանելու, որտեղ հանդես կգան հոլիվուդյան աստղեր: Բայց Հայաստանում նկարահանված քանի՞ ֆիլմ կար: Այս ամենից հետո պարզ է, որ թուրքերը պետք է տողատակերով ֆիլմ նկարահանեն եւ այնտեղ արտահայտեն իրենց տեսակետը: Ֆիլմ նկարահանողը թուրք է, իսկ ի՞նչ էիք սպասում: Ասել եմ ու կրկնում եմ` մենք 100 տարով ուշացել ենք Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելուց:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk