«ՄԱՐԴԻԿ ՇԱՏ ԵՆ «ՄԽՏՌՎԵԼ», ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ՄԱՔՐՎԵՆ»
Արխիվ 12-16«ՄԱՐԴԻԿ ՇԱՏ ԵՆ «ՄԽՏՌՎԵԼ», ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ՄԱՔՐՎԵՆ»
«Ելք չկա» ֆիլմը Հայաստանի բոլոր մարզերում ու երկրի սահմաններից դուրս ցուցադրվելուց, բազմաթիվ մրցանակների արժանանալուց հետո այժմ կինոսերների դատին հանձնվեց խտասկավառակի տեսքով:
Իսկ թե ինչպես ստացվեց, որ վաստակաշատ դերասանները վստահեցին երիտասարդ թիմին, նախ պարզեցինք դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ. «Ընդհանրապես, պետք չէ անընդհատ ասել` ես-ես, որովհետեւ 80-90 տարեկանում դեռ ասում են` ես, ու իրենք էլ չկան: Այդպիսի մարդիկ իրենց հետեւից ոչինչ չեն թողնում: Հեղափոխությունից հետո, շատ մարդիկ, ցավոք, տարբեր բնագավառներում իրենց հետեւից չթողեցին աշակերտներ, ուսանողներ եւ վարպետներ: Բայց, ոչինչ, ամեն հեղափոխություն ծնում է իր հերոսները: Կարծում եմ` երիտասարդների հետ համագործակցելով, մեկս մյուսից մի բան սովորելով` էլի մենք մեր տունը մեր ձեռքով կկերտենք»:
Նույն հարցով դիմեցինք նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ. «Յուրաքանչյուր փորձ ունեցող, տարիքով դերասան, եթե դադարի սովորել երիտասարդներից` իրենից ոչինչ չի մնա: Պարզապես, կծերանա, ու կասեն` հին է: Բայց եթե քայլում է այսօրվա հետ, այսօրվա երիտասարդի մտածելակերպից ուզում է մի բան «գողանալ»` երբեք չի հնանա: Ամեն տարիքում մարդը սովորելու բան ունի ու անընդհատ սովորում է: Հատկապես արվեստագետը պետք է չդադարի սովորել»: Անդրադառնալով «Ելք չկա» ֆիլմի ստեղծագործական թիմին եւ երիտասարդ դերասանական կազմին` դերասանը հավելեց. «Հիմա այս երեխեքից էլի մի լավ բան սովորեցինք: Եվ, ի վերջո, այս ֆիլմը հավանում եմ, որովհետեւ ֆիլմում հերոս կա, մի հասկացողություն, որը մենք կորցրել էինք: Այսօր չգիտենք` հերոսն ի՞նչ է, իսկ Կամո Ունանյանն իր ոչ պրոֆեսիոնալ լինելով` այդ հերոսին է ստեղծել, որն իր կյանքը կտա հանուն ճշմարտության, հանուն լավ ու բարի գործերի, հանուն իր ընկերուհու: Մինչդեռ այսօր այդպես չէ. ասում են` չի ուզում-չի ուզում, ես ուրիշին կճարեմ: Այս ֆիլմում սիրուն երեւույթ կա, եթե չեն կարողանում նկատել այն, ուրեմն` մարդիկ շատ են «մխտռվել», պետք է մի քիչ մաքրվեն»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝