ԲԱՐԵՐԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊՆԴՈՒՄ
Արխիվ 12-16ԲԱՐԵՐԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊՆԴՈՒՄ
«Իրավունքը» նախորդ համարում անդրադարձել էր, որ դեռեւս 5 տարի առաջ Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցին` գմբեթից մինչեւ հիմք, 5 ճաքով փլուզման առջեւ էր կանգնած: 2011-ին, Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, 750 հազար ԱՄՆ դոլարով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, որը սակայն տեւել է 4 տարի: Օրերս բարերարը խոսելով «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման մասին` ասել է, որ այսօր Օձունին արդեն վտանգ չի սպառնում, բայց ծրագիրն ամբողջությամբ չի արդարացրել իր սպասումները, ավելին` Հայաստանում պետության եւ բարեգործների համագործակցությունը չափազանց անարդյունավետ է, իսկ տեղական էլիտան անտարբեր է հուշարձանների ճակատագրի հանդեպ:
Ըստ Ձավարյանի. «Վերականգնման ողջ ընթացքում որեւէ հանդիպում չեմ ունեցել մշակույթի նախարարի եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ: Չնայած, բազմիցս հանդիպել եմ փոխնախարարին: Ինձ, հազիվ թե, դա պետք է, սակայն չեմ կարծում, որ Մշակույթի նախարարության դռները չեն դիմանում պատմական հուշարձանները անշահախնդրորեն վերականգնել ցանկացող մարդկանց ճնշումից»: Ինչեւէ, բարերարը հիմնական խոչընդոտ է համարում Մշակույթի նախարարությանը:
ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ՁԱՎԱՐՅԱՆԸ 2 ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Այնուամենայնիվ, թեմայի շուրջ «Իրավունքը» դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն, որտեղից ստացված պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ. Հովհաննես (Սբ. Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է: Նկատի ունենալով հուշարձանի պահպանվածության վիճակը` ՀՀ մշակույթի նախարարությունը 2010թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` ձեռնարկել է հուշարձանի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: Իր հերթին հուշարձանի հետագա պահպանության խնդրով մտահոգված մոսկվաբնակ հայազգի բարերար, արմատներով Օձուն համայնքից Մ. Ձավարյանը ցանկություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել հուշարձանի վերականգնման գործընթացին: Մ. Ձավարյանի կողմից ստեղծված «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ` 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջեւ կնքվել է եռակողմ հուշագիր, համաձայն որի` Մշակույթի նախարարությունը տրամադրել է եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ հիմնադրամը` վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը»:
Անդրադառնալով Ձավարյանի այն հայտարարությանը, թե վերականգնման ողջ ընթացքում որեւէ հանդիպում չի ունեցել մշակույթի նախարարի հետ, պարզաբանման մեջ շեշտվում է. «Համագործակցության շրջանակում, Մ. Ձավարյանը երկու անգամ հանդիպել է մշակույթի նախարարի եւ բազմիցս` փոխնախարար Ա. Սամուելյանի հետ, եւ առաջացած բոլոր հարցերը քննարկվել ու ստացել են անհրաժեշտ լուծումներ: Հուշարձանի վերականգնման ընթացքում ծագած առանձին խնդիրներ հստակեցնելու նպատակով` բնագավառի փորձառու մասնագետների, ինչպես նաեւ հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել ե՛ւ հուշարձանի տարածքում, ե՛ւ Մշակույթի նախարարությունում»:
Պարզաբանման մեջ նաեւ ասվում է, որ հուշարձանի վրա վերականգնման աշխատանքների գումարը կազմել է 162.7 մլն ՀՀ դրամ, իսկ 2014 թ. շինարարական կազմակերպությունն ուղղակիորեն 114.8 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորվել է Մովսես Ձավարյանի կողմից, ով, ի դեպ, այդ պահին արդեն իսկ դուրս էր եկել իր նախաձեռնությամբ ստեղծած բարեգործական հիմնադրամի կազմից: Այսպիսով, հուշարձանի վերականգնման համար` ըստ նախագծային արժեքի, տրամադրվել է 277,5 մլն ՀՀ դրամ:
Արդյունքում. «2012-2014թթ. ամբողջովին կատարվել են մրցութային փաթեթով նախատեսված ծավալները, մասնավորապես` ուժեղացվել են տաճարի գմբեթարդն ու թաղերը, կանխվել են գմբեթարդում եւ թմբուկի վրա առկա ճաքերի հնարավոր ընդլայնումները, ամբողջությամբ փոխվել են եկեղեցու ծածկասալերը, նորոգվել եւ ամրակայվել են հյուսիս-արեւելյան ու հարավ-արեւելյան զանգաշտարակները, իրականացվել են արտաքին երեսապատերի խարխլված եւ կազմաքանդված հատվածների քանդման եւ վերաշարման, պատերի կարանախցման աշխատանքները եւ այլն»,- պարզաբանում է նախարարությունն ու շեշտում. «Հայոց մշակութային ժառանգության մաս կազմող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները չպետք է լինեն միայն պետության եւ անհատների հոգածության առարկա: ՀՀ օրենքով որոշակի պարտավորություններ ունեն կատարելու նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից շատերը (այդ թվում նաեւ Օձուն համայնքի ղեկավարը) հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով եւ անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ: Մեկ անգամ եւս հարկ ենք համարում նշել, որ նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները եւ փաստում, որ հուշագիրը ստորագրած կողմերը` կատարել են հուշագրով ստանձնած պարտավորությունները: Վերջինիս վկայությունն է` ս. թ. հունիս ամսվա ընթացքում, Մ. Ձավարյանի հետ ունեցած աշխատանքային հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է նաեւ իրականացված աշխատանքների ծավալներից դուրս` նոր ծավալի աշխատանքների ֆինանսավորման հարցը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
