ԱՅՍ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՔՐԵԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ
Արխիվ 12-16ԱՅՍ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՔՐԵԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ
Վերջերս տեղի ունեցած աղմկոտ հանցագործություններից մեկն էլ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում գտնվող բնակարանում ռուսաստանաբնակ 46-ամյա գործարար Համլետ Ասատրյանի (Ազովի Համո) սպանությունն էր:
Դեպքն իր վրա ուշադրություն հրավիրեց այն առումով, որ մեծահարուստ գործարարի համարում ունեցող Հ. Ասատրյանը միաժամանակ ուներ բավականին ծանրակշիռ կապեր ոչ միայն ռուսաստանյան եւ հայաստանյան իշխանական եւ օլիգարխիկ շրջանակների հետ, այլ նաեւ համարվում էր, որ քրեական աշխարհում եւս «յուրային» է՝ հեղինակություն ունեցող անձնավորություն: Գումարած դրան՝ Հ. Ասատրյանը նաեւ Հայաստանում որոշակի բիզնեսներ ուներ, սեփականություններ: Մի խոսքով, թեեւ այս պահին վարկածների եւ մեղադրվողների պակաս չկա, սակայն այս սպանության հետքերը, ըստ քաջատեղյակ աղբյուրների, դեռ իրենց զգացնել կտան: Համենայնդեպս, որ անկախ եղած բոլոր վարկած-մեղադրյալներից, քրեական հետքն ամենեւին էլ չպետք է բացառել: Ամեն դեպքում՝ այն փաստը, որ սպանվածի մարմնում հայտնաբերվել է երկու գնդակ (5.45 եւ 9 մմ տրամաչափի), նշանակում է, որ օգտագործվել է երկու զենք՝ ինքնաձիգ եւ ատրճանակ: Իսկ դա էլ հուշում է, որ սպանությունն իրականացվել է երկու, այն էլ՝ փորձառու անձանց կողմից:
Նշենք նաեւ, որ Հ. Ասատրյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից էր: Եվ ահա գյուղապետ Մհեր Մարտոյանը մեզ հետ զրույցում պատմեց.
- Համլետը ՌԴ-ում` մասնավորպես Ռոստով քաղաքում մեծ հեղինակություն էր վայելում, նրան ճանաչում եւ իր խոսքը հարգում էին Ռուսաստանի գործարար-քաղաքական շրջանակներում: Հաճախ էր Հայաստան գալիս` տարին երկու-երեք անգամ: Չնայած ասում են, թե այս անգամ եկել էր հարսանիքի մասնակցելու, բայց գյուղի իր եղբայրները պատմել են, որ Համլետը եկել էր, որ Հայաստանում մի քանի օր մնա, հետո գնա Դուբայ:
Նա տարիներ է, ինչ դուրս է եկել գյուղից եւ կարճ ժամանակում նա մեծ հաջողությունների էր հասել Ռուսաստանում: Չնայած Հայաստան ժամանելիս` հազարից մեկ էր գյուղ գալիս, բայց եթե կարիքը լինում էր, դիմում էին իրեն, օգնում էր գյուղացիներին: Թե չէ, ընդհանուր առմամբ, Հայաստանում հիմնականում քաղաքում էր լինում:
- Գյուղում հարազատներ ունե՞ր:
- Հա, իհարկե: Իրենք հինգ եղբայր են, երկուսն ապրում են գյուղում, մեկը իր հետ Ռոստովում է, մյուսն էլ՝ Երեւանում: Դեպքի մասին իմանալուց հետո գյուղի ախպերները ընտանիքներով գնացել են Ռոստով, ինչքան որ հետաքրքրվել եմ, հարազատներն ասում են, որ իրենց համար անակնկալ էր Համլետի հետ կատարվածը, որովհետեւ նա, իր հարազատների՝ եղբայրների ասելով, թշնամիներ չուներ, բոլորի նեղին հասնում էր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk