ԷՍ ՇՈԳ ՈՒ ԿՐԱԿԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՆՑ ՋՐԻ ԵՆ ԹՈՂԵԼ
Արխիվ 12-16ԷՍ ՇՈԳ ՈՒ ԿՐԱԿԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՆՑ ՋՐԻ ԵՆ ԹՈՂԵԼ
Վերջերս առիթ էինք ունեցել անդրադառնալ Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչների դժգոհություններին, որ այս շոգ օրերին զրկված են խմլու ջրից: «Ոնց որ անապատում լինենք, մի բաժակ ջուր ավել խմելու համար տնեցիներով կռիվ ենք տալիս. դե պատկերացրեք` ինչ վիճակում ենք: Դիմել ենք գյուղապետին, ինքն էլ պատասխանում է, որ իրեն էլ ասել են, որ էդպես պետք է լինի, պետք է հարմարվենք, որ չորս օրը մեկ էլ տալիս են, պետք է գոհ ու երջանիկ լինենք: Ջրի եղածն ինչ է, որ էդ էլ են կտրում ամբողջ օրը արեւի տակ համբալություն անող գյուղացուց»,- մեզ հետ զրույցում բավական վրդովված ասել էր Փոքր Վեդու բնակչուհի տիկին Ռոզան:
- Կասե՞ք, թե որն է խնդիրը, որ Արարատի մարզի Այգավան, Ջրահովիտ, Արեւաբույր եւ մի շարք այլ գյուղերում գյուղացիները այս տապին մի քանի օրը մեկ կամ շաբաթը մեկ են խմելու ջուր ունենում:
- Փորձեմ կոնկրետ Ձեր նշած գյուղերին վերաբերող խնդրից սկսել. Այգավանում, օրինակ, կան ծորակներ, եւ մարդիկ հիմնականում խմելաջուր ստանում են դրանցից օգտվելով: Երկու-երեք տարի առաջ եղել է ծրագիր, բայց համայնքի նախկին ղեկավարը չի համաձայնել, որ փոխվի խմելու ջրի ցանցը: Բայց հիմա` բառացիորեն մի քանի օր առաջ, հանդիպել ենք նոր գյուղապետի հետ եւ պայմանավորվել, որ նոր ծրագրով Այգավան գյուղը կունենա ջրի նոր ցանց: Արեւաբույրում, այո, եւս կա խնդիր, օրեր առաջ գյուղացիները ճանապարհը փակել էին, մեծ վթար էր եղել, բայց մենք անմիջապես արձագանքել ենք, եւ չորս ժամ հետո այդ գյուղը ջուր է ունեցել:
- Բայց նույն Ձեր նշած գյուղում այսօր էլ կա ջրի խնդիր:
- Այո, համաձայն եմ, մարզում ջրի հետ կապված խնդիրներ կան եւ ոչ քիչ: Բայց խնդիրը հետեւյալն է. մի գյուղն ունի մի քանի փողոցներ, եւ, այո, հնարավոր է, որ մի փողոցից մյուսը կարող է ջուրը ուշ հասնել: Բայց դա կապված է նրա հետ, որ այս սեզոնին սպառումը շատացել է: Սակայն եղած խնդիրներին, եթե ոչ ամբողջությամբ, բայց ամեն դեպքում լուծում տալիս ենք: Հիմնականում շատ քիչ է լինում, աշխատում ենք՝ առհասարակ չլինեն նման դեպքեր, որ մարդիկ օրերով մնան անջուր:
- Պարոն Զաքարյան, Դուք եւս նշեցիք, որ աշխատանքներ են իրականացվում, մի ամիս առաջ մարզպետարանի համապատասխան պաշտոնյան էլ նույն բանն ասաց: Բայց այդ աշխատանքների արդյունքը ինչո՞ւ տեսանելի չէ:
- Խնդիրներ լինում են այս մեկ ամսվա ընթացքում` շոգ օրերին: Իհարկե՝ կարելի է ծրագրեր, գործընթացներ իրականացնել, որպեսզի ընթացիկ խնդիրները լուծվեն: Երբ ծրագիրը եղավ, Ձեր նշած համայնքները, ինչպես նաեւ առաջնահերթություն ունեցող այլ համայնքներ իրենց լուծումները կստանան:
- Լավ, կարո՞ղ եք ասել՝ ե՞րբ գյուղացիները ջրի խնդիր այլեւս չեն ունենա:
- Հիմա համայնքի ղեկավարները «Հայջրմուղկոյուղի» հայտ են ներկայացրել, թե որ փողոցներում է հրատապ խողովակաների փոխարինումը: Դա ամենաուշը մեկ ամիս հետո կկարգավորվի, մինչեւ մեկ ամսվա ընթացքում խմելաջրի հետ հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն:
Նկատենք, որ մեր զրուցակիցը եւս հարցը տանում է ոչ թե նրան, որ կա մատակարարման ենթակա ջրի պակաս, այլ՝ դեպի հնամաշ ցանցեր: Արդյունքում՝ այն տպավորությունն է, որ «Հայջրմուղկոյուղին», տեսնելով ջրատար ցանցի վատ վիճակը, պարզապես անցել է «հովհարային անջատումների»՝ ավելորդ կորուստներ չունենալու համար: Ու եթե պատճառը դա է, ապա թե արդյունքում հայաստանյան քանի օրենքներ են խախտվել, նույնիսկ դժվար է ասել: Այն պարզ հիմնավորմամբ, որ սպառողը որեւէ մեղք չունի Ջրմուղի սեփականությունը հանդիսացող խողովակների լավ կամ վատ լինելու հարցում: Փոխարենը՝ նույն սպառողն ունի համապատասխան քանակով եւ որակով ջուր ունենալու իրավունք, եւ եթե համապատասխան ընկերությունը չի կարողանում դա գոնե նվազագույն մակարդակով ապահովել, ապա արդեն բոլորովին այլ հարց է: Լավ, մեկ ամիս էլ սպասենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk