Ո՞Ր ՈՒԺԵՐԻՆ Է ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿՈՉ ԱՆՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ
Արխիվ 12-16Ո՞Ր ՈՒԺԵՐԻՆ Է ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿՈՉ ԱՆՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ
«Ընտրությունների ժամանակ լուրջ միավորումներ գրեթե չեն լինում, եւ ազդեցիկ քաղաքական ուժերը դրանց առանձին են մասնակցում: Պատկերացրեք` ինչպիսի արդյունք կարձանագրվեր, եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մյուս ոչ իշխանական ուժերի հետ միասնաբար մասնակցեին 2012-ի խորհրդարանական ընտրություններին: Իսկապես, արդյունքը կարող էր լինել բացարձակապես այլ` դրանից բխող հետագա հետեւանքներով հանդերձ», - ահա այսպիսի միտք է արտահայտել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը` օրերս հրապարակված իր հոդվածում: Թե արդյո՞ք այս համատեքստում կարելի է ասել, որ «Ալյանս» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին պատրաստ է, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության հետ միասնաբար հանդես գալ, «Իրավունքը» պարզեց հենց Տ. ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ.
–Եկեք հարցը այդ հոդվածիս մեջ բերված ընդամենը տեսական օրինակի հետ չկապենք, որովհետեւ, պարզապես, դրանով ասում էի, որ պատկերացրեք, թե ոչ իշխանական ուժերի միավորումը լիներ ոչ թե անցած տարվա աշնանը, այլ ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է 2017 թվականի ընտրություններին, ապա պատրաստ ենք գործակցել եւ, բնականաբար, միասնաբար գնալ այն քաղաքական ուժերի հետ, որոնք նախ` կունենան վստահություն ժողովրդի կողմից, երկրորդ` կունենան մեզ հետ համադրելի գաղափարախոսություն ու ամենակարեւորը` քաղաքական կուրս, եւ երրորդ` որոնք կներկայացվեն բացառապես մաքուր, անբիծ, չաղտոտված կենսագրությամբ մարդկանցով:
– Այսօր Դուք տեսնո՞ւմ եք այդ ուժերին` ձեր նշած մարդկանցով հանդերձ, որովհետեւ դժվար է պատկերացնել «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչներին կանգնած, ասենք, ԱԺ «Ժառանգություն» կուսակցության աղմկոտ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողքին:
– Այս պահի դրությամբ ես տեսնում եմ միայն առանձին վերցրած մարդկանց տարբեր քաղաքական կուսակցություններում, միայն այդքանը: Թե ինչ կլինի հետագայում, կտեսնենք:
– Նույն հոդվածում նաեւ կոչ եք արել ոչ իշխանական ուժերին միավորվելու: Չե՞ք կարծում, որ «եռյակ»-«քառյակ» ձեւաչափերը տապալված են, եւ կրկնել այն նշանակում է նույն բախտին արժանանալ:
– Հարցը շրջանցում եմ` տալով այլ, բայց որոշակիորեն առնչվող պատասխան: Խոսքը գնում է, պարզապես, ոչ իշխանական ուժերի միավորման մասին: Գտնում եմ, որ ոչ իշխանական ուժերը միասնաբար կարող են եւ պիտի հավակնեն լուրջ հաղթանակի, այլ ոչ թե առանձին-առանձին:
– Այնուամենայնիվ, կշարունակեմ պնդել հարցս` «եռյակ»-«քառյակ» ձեւաչափերը տապալված չե՞ք համարում:
– Կրկնում եմ` խոսքը իշխանության մեջ չներգրավված, իշխանության հետ չհամագործակցող ուժերի մասին է: Իսկ թե ո՞ր ուժերը կլինեն այդ պահին այդպիսին, կյանքը ցույց կտա: Ոչ իշխանական ասելով` նկատի չունեմ որեւէ կոնկրետ քաղաքական ուժերի:
– Եվ վերջում մի ոչ քաղաքական հարց. որտե՞ղ եք պատրաստվում կազմակերպել Ձեր ամառային հանգիստը:
– Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, քանզի այս ընթացքում մենք բացում ենք եւ դեռ պիտի հասցնենք բացել բոլոր մարզերում կուսակցության մասնաճյուղեր:
– Այսինքն` ամառը պարոն Ուրիխանյանի համար կլինի միմիայն աշխատանքայի՞ն:
– Համատեղելով մեկը մյուսի հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk