ԵԶԴԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ, ԱՆԳԱՄ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ
Արխիվ 12-16ԵԶԴԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ,ԱՆԳԱՄ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ
Սահմանադրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակի գլուխ 4-ի հոդված 89-ի 2-րդ կետում ասված է. «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: Այս մասին «Իրավունքը» պարզեց Եզդիների միության նախագահ, միջազգային ակադեմիայի ակադեմիկոս ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԻ տեսակետը.
–Միշտ էլ պահանջել ենք ու ասել, որ խիստ կարեւոր է եւ անհրաժեշտ Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայությունը, մանավանդ եզդիների` որպես ՀՀ ամենամեծ ազգային փոքրամասնություն: Չնայած մենք շնորհակալ ենք Հայաստան պետությունից եւ հայ ժողովրդից, բայց կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, եւ պետք է այդ հարցերը բարձրացվեն: Եվ եթե ընտրությունների ժամանակ մեզ չհաջողվի ընտրվել, գոնե ձայնի իրավունքով, խնդրում եմ հնարավորություն տալ մեկ ներկայացուցիչ ունենալ Ազգային ժողովում, ով թեկուզ առանց աշխատավարձի, կկարողանա ամիսը մեկ անգամ մեր խնդիրները ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: Բայց մեկ այլ խնդիր էլ կա. Հայաստանում կա 11 ազգային փոքրամասնություն, օրինակ, քրդերը համայնք չունեն` մի երկու-երեք ընտանիք են Հայաստանում, եւ իրենք էլ են համարվում փոքրամասնություն, հո իրենք էլ չպե՞տք է ներկայացված լինեն խորհրդարանում: Կարող է մի քանի եզդիների կաշառեն` ասեն, քուրդ-եզդի ենք, բայց քուրդ-եզդի ազգ գոյություն չունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk