ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Աշխարհում կյանքը վերջին օրերին բավականին ռոմանտիկ, ջերմ երանգներ է սկսել ստանալ: Օրինակ՝ հռչակավոր Պամելա Անդերսոնը, որ վերջերս նամակագրություն էր սկսել ՌԴ նախագահի հետ, հիմա էլ ժամադրություն է խնդրում՝ ակնարկելով, որ եթե Պուտինը ընթրիքի հրավիրի, հաստատ, թեեւ մի քիչ տարիքն առած, սակայն դեռ դիրքերը պահպանող գեղեցկուհուց մերժում չի ստանա:
ՍԿՍՎՈՒՄ Է ՊԱՅՔԱՐ ԻՐԱՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այնուհետեւ՝ տիկին Պամելայի նախագահը՝ Բարաք Օբաման եւս, վերջին օրերին էականորեն ջերմացրել է իր արտահայտությունները Վ. Պուտինի նկատմամբ: Դեռ վերջերս էր Օբաման աշխարհին զարմացրել իր այն արտահայտությամբ, թե. «Ես ոգեւորված եմ այն փաստով, որ Պուտինը ինձ մի քանի շաբաթ առաջ զանգահարեց...», ու հիմա էլ ոչ պակաս ոգեւորությամբ շարունակում է, թե՝ շնորհակալ է ՌԴ նախագահից՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման համար: Եվ որպեսզի այդ շնորհակալությունը չոր ու ցամաք չթվա, նույն օրն էլ, Պորոշենկոն Ուկրաինայի սահմանադրության նախագծի մեջ կետ մտցրեց, թե՝ Դոնբասը կարող է հատուկ կարգավիճակ ստանալ, թեեւ ամիսներով համառում էր այդ քայլին գնալ: Եվ նկատենք` Պորոշենկոն էլ իր հերթին այդքան «բարիացավ» այն բանից հետո, երբ Օբաման հատուկ առաքելությամբ Կիեւ ուղարկեց ոչ անհայտ Վիկտորիա Նուլանդին: Սա ակնա՞րկ է, որ Իրանից հետո նաեւ Ուկրաինայում կարող են ռուս-ամերիկյան ինչ-որ պայմանավորվածություններ լինել՝ դեռ կտեսնենք:
Բայց այս պահին էլ փաստ է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից հետո աշխարհում ամեն ինչ «փայլուն» է: Չնայած՝ այս վիճակը գնալով ավելի է նմանվում փոթորկից առաջ խաղաղության: Թեկուզեւ այն առումով, որ երբ բացվում է իրանական շուկան եւ հատկապես էներգակիրների համակարգը, ապա դրա շուրջ միանշանակ ծավալվելու է աշխարհաքաղաքական բախումների հասնող կատաղի մրցակցություն:
Միաժամանակ ենթադրելը, որ այդ բախումները կտարածվեն Իրանի հարեւան գոտիներում, իր հերթին գրեթե կասկածի տեղիք չի տալիս:
Այդ առումով ռուսական վերլուծական շրջանակներում արդեն իսկ շրջանառվում է այն տեսակետը, որ միջազգային սանկցիաներից իրանական նավթի ու հատկապես՝ գազի ոլորտների դուրս գալը մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանում կարող են բավականին հետաքրքիր զարգացումներ խոստանալ: Այն առումով, որ եթե նախկինում հարավկովկասյան տարածաշրջանից դեպի Թուրքիա եւ Եվրոպա խոշոր գազամուղների ծրագրերը հիմնականում տապալվում էին գազի համապատասխան ծավալների բացակայության պատճառով, ապա հիմա, աշխարհում երկրորդ գազային երկրի՝ Իրանի հաշվին այդ պատկերը կարող է հիմքից փոխվել: Հասկանալի է, եթե Թեհրանը որոշի նման մրցակցություն սկսել Մոսկվայի հետ: Իհարկե՝ չբացառենք, որ միջուկային պայմանագրի ստորագրման հարցում ՌԴ-ն այդքան առանցքային, նույնիսկ՝ Օբամայի կողմից ընդգծված դեր ստանձնելուց առաջ այդ հարցում հասցրել է Իրանի հետ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել: Բայց որ նույնիսկ այդ դեպքում Վաշինգտոնն ամեն ինչ անելու է` Թեհրանին իր օգտին խաղացնելու համար, միանշանակ է: Նույնքան էլ միանշանակ է, որ այդ մեծ խաղը Իրանից զատ, ծավալվելու է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ՝ իր առանցքում ունենալով նաեւ ղարաբաղյան հարցը:
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ «ՂԱՐԱԲԱՂՑԻ ՋՐԱՂԱՑՊԱՆԻ»ԱՌԵՂԾՎԱԾԸ
Այնուամենայնիվ՝ ինչո՞ւ է ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովը հասել Ղարաբաղ, իր ձեռքով ջրաղաց աշխատեցնում ու ալյուր է վաճառում Շուշիի փողոցներում: Սնանկացե՞լ է. Ստերլիգովին թեեւ լրատվամիջոցները կապում են ռուս ազգայնականների հետ, սակայն նրան որեւէ պաշտոնական մեղադրանք ներկայացված չէ, առավել եւս՝ նրա ֆինանսական միջոցները կալանավորված կամ բռնագրավված չեն: Ամեն դեպքում՝ համատեղության կարգով ղարաբաղցի ջրաղացպան դարձած Ստերլիգովն այս օրերին ոչ միայն ակտիվորեն Ղարաբաղն է գովազդում՝ որպես աշխարհում իր տեսած լավագույն վայր, այլ տեղափոխվում է նաեւ հակաադրբեջանական հարթություն՝ ԼՂՀ-ն ներկայացնելով զուտ հայկական պետություն: Այնուհետեւ՝ քաղաքականից անցնում է նաեւ աշխարհաքաղաքականության: Այսպես՝ ներկայացնելով իր Ղարաբաղ գալու պատմությունը, Ստերլիգովը մեկ ուշագրավ նյուանս ներկայացրեց, թե իր անունը ռուս ծայրահեղականների հետ կապվել է ոչ թե դատախազության, այսինքն՝ ռուսական իշխանությունների մեղքով, այլ երկու փաստաբանների ջանքերով. «Ո՛չ դատախազությունը, ո՛չ այլ մարմիններ, դա արել են փաստաբաններ Ֆեգինը եւ Ապոլզովը: Դրանք Ռուսաստանում քաջ հայտնի անձինք են եւ պատկանում են, այսպես կոչված, «5-րդ շարասյանը»»: Այսինքն՝ իր նկատմամբ հալածանքների վերջնական պատվիրատուն ամերիկյան հատուկ ծառայություններն են: Ու միանգամից ստացվում է ուշագրավ իրավիճակ՝ Ստերլիգովն ամերիկյան հատուկ ծառայություններից պաշտպանվելու համար ռուս մեծահարուստը Շուշին համարում է ավելի անվտանգ վայր, քան նույնիսկ իր հայրենիքը: Բայց չէ՞ որ այս դեպքում բոլոր նրանք, ովքեր Ստերլիգովին համարում են ռուսական ազգայնականության առաջնորդներից մեկը, ով մինչեւ իսկ իր տարածքներում, ըստ նույն մեղադրանքների, վարժական ճամբարներ է ստեղծում, իրենց հերթին` հենց այդ հայտարարություններից ելնելով, Ղարաբաղն ընկալելու առնվազն որպես ռուսական ազգայնականության համար հարազատ գոտի: Իսկ աշխարհաքաղաքական առումով նման տրամաբանության իմաստը հետեւյալն է. ՌԴ-ի մտքով անգամ չի կարող անցնել, այն էլ՝ Իրանի հետ սահմանակից նման գոտում իր ազդեցությունը որեւէ մեկի հետ կիսել: Իհարկե՝ Ստերլիգովի ղարաբաղյան ջրաղացպանությունը միգուցեեւ դեռ չերեւացող շատ ավելի գործնական իմաստ էլ ունի, սակայն հիշատակված մեսիջը պետք է, որ ոչ միայն Վաշինգտոնում հաշվի առնեն, այլ նաեւ՝ Թեհրանում:
Համենայնդեպս այն, որ օրերս Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն ինչ-ինչ քննարկումների համար Մոսկվա էր հասել ու հետո էլ, կարելի է ասել՝ սկանդալային հայտարարություններով հանդես եկավ, հուշում է երկու բան: Նախ՝ առանց Մոսկվայի համաձայնության, տեղաշարժի ակնկալիք չի տեսնում: Ապա՝ այս անգամ Վաշինգտոնը, կարծես թե, իրոք ցանկանում է Ղարաբաղի հարցով որոշակի լուծումներ ստանալ: Ընդ որում, այդ մասին է ակնարկում նաեւ պետքարտուղարի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինի պնդումը, թե ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Հարավային Կովկասի տարածաշրջանին: Ընդ որում, որ՝ «Ստատուս քվոն տարածաշրջանում անընդունելի է, այն չի բավարարում ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ, կարծում եմ, տարածաշրջանի երկրներին»: Հասկանալի է, խոսքը առաջին հերթին ղարաբաղյան հարցի մասին է, որի կարգավորումը Ռուբինը կապում է տարածաշրջանը տրանսպորտային եւ կոմունիկացիոն հանգույց դարձնելու դեռ 1990-ականների կեսերից եկող ծրագրերի հետ: Ուստիեւ. «Տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն»: Թող կարգավորվեն, ով է այլ բան ասել: Բայց ի՞նչ կերպ: Ուորլիքը խոսում է ազատագրված տարածքները վերադարձնելու, խաղաղարարներ տեղակայելու մասին, իսկ դա նորից ակնարկ է, որ օրակարգում նույն «Մադրիդյան սկզբունքներն» են, եւ հենց այդ ուղղությամբ էլ նա Մոսկվայում քննարկումներ է ունեցել: Հայաստանն այդ լուծումն ընդունելի է համարում, եւ այստեղ խնդիրը ավելի շատ Բաքուն է, եւ վերջինիս աննախադեպ ագրեսիան այս օրերին, թերեւս, այդ հարթությունից պետք է բացատրել: Սակայն՝ Ուորլիքը Մոսկվայում արդյունքների հասե՞լ է, այ դա է, որ մեծապես կախված է նրանից, թե՝ հայ-ադրբեջանական սահմաններին ում զորքերը պետք է խաղաղարար առաքելություն իրականացնեն: Շուշին կարճ ժամկետներում առեւտրային կենտրոնի վերածելու մասին Ստերլիգովի հայտարարությունները բացահայտ ակնարկ են, թե Ռուսաստանում ինչ են մտածում այդ հարցի մասին:
Բայց մյուս կողմից էլ նկատենք, որ այս օրերին հետաքրքիր լուրեր են գալիս նաեւ Թուրքիայից. վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառում վաշինգտոնյան հետք ունեցող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հեռանկարը, եւ եթե դա իրականություն դառնա, դժվար չի լինի կռահել, որ Էրդողանը Սպիտակ տան հետ երկարատեւ պայքարում սկսել է զիջել դիրքերը: Իսկ այդ դեպքում՝ Վաշինգտոնի համար Թուրքիա-Հարավային Կովկաս առանցքի թեման նորից գործնական բնույթ կստանա. առանց այս հատվածում Ռուսաստանի եւ Իրանի մեջ կայուն սեպ կառուցելու՝ իրանական էներգակիրները Եվրոպա հասցնելու ծրագրերը միշտ էլ կասկածի տակ են լինելու: Բայց այս դեպքում էլ Վաշինգտոնը Ղարաբաղի սահմաններին կցանկանա ունենալ առնվազն եվրոպական, կամ` որպես «կոմպրոմիս», առաջ կքաշի Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ խաղաղարար ուժերի տարբերակը: Սակայն Ռուսաստանի համար էլ դա կնշանակի հետեւյալը. այս պահին տարածաշրջանում ամերիկյան զորքեր չկան, իսկ այդ տարբերակով՝ կլինեն: Ուրեմն՝ նման միամիտ քայլի ռուսները հազիվ թե գնան: Ու քանի դեռ էս գլխից լուծված չէ խաղաղարար ուժերի հարցը, Ղարաբաղի հարցում հազիվ թե որեւէ տեղաշարժ լինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk