ՔԱՐԵ ԱՆՁՐԵՎ` ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 10, 12 ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ. ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔԱՐԵ ԱՆՁՐԵՎ` ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 10, 12 ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ. ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները խայտառակ վիճակում են. ամեն երեկո ստիպված են լինում վայելել քարե անձրև: Այդ մասին «Իրավունքին» հայտնել են շենքի բնակիչները: Իրենց փոխանցմամբ՝ վերոնշյալ շենքերի բակերը, պատշգամբները ամեն օր լցվում են կարմիր և մոխրագույն քարերով, ավազով՝ հատկապես երեկոյան ժամերին, երբ քամի է լինում: Նման իրավիճակում է գտնվում նաև Սայաթ-Նովա պողոտայի մայթը: Այդ «հաճույքից» օգտվում են նաև անցորդները:
Անհանգստացած շենքի բնակիչները զանգահարել են տարբեր պատասխանատու ծառայություններ, սակայն որևէ լուրջ պատասխան և արձագանք չեն ստացել:
Շենքի բնակիչները նշում են, որ խիստ անհանգստացած են երկնային քարե անձրևից, որը կարող է առաջացնել առողջական խնդիրներ, չհաշված, այն հանգամանքը, որ ամեն օր ստիպված են լինում մաքրել տարածքը քարերից ու աղբից:
Բնակիչների խոսքերով՝ իրենց շրջակայքում երկու շինություն է այս պահին իրականացվում. մեկը Սայաթ-Նովա 10/5 հասցեով, մյուսը` «Անի պլազա» հյուրանոցի հարևանությամբ: Նրանց համար անհասկանալի է, թե որտեղից է այդ երկնային քարե անձրևը: Հույսը չեն կորցնում, սպասում են պատկան մարմինների արձագանքին:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk