ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Ամառային տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, ինչն ամեն պահ հանարավոր է դարձնում ֆուտբոլիստների տեղափոխություննները այս կամ այն ակումբ: Մինչ տրանսֆերային շուկայի բացվելը, շատ էին քննարկումները հայ ֆուտբոլիստների հնարավոր տրանսֆերների մասին, մինչդեռ այս պահին արդիական է միայն Արաս Օզբիլիսի տեղափոխությունը, միայն թե որ ուղղությամբ` հստակ ասել չի կարելի:
Մուրատ Յակինի հեռացումը «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնից վերջ է դրել Յուրա Մովսիսյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին, իսկ ահա Օզբիլիսի հարցը մնում է օրակարգում: «ՏԱՍՍ»-ի տեղեկությունների համաձայն՝ ռուսական ակումբը մի քանի առաջարկներ ունի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում մասնակցեց անցած մրցաշրջանի ընդամենը մեկ խաղի եւ միայն վերջերս է լիովին վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից: Ըստ աղբյուրի՝ Օզբիլիսի տրանսֆերի տարբերակները քննարկվում եւ ուսումնասիրվում են: Դրան զուգահեռ՝ օրերս Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն հաստատեց առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման նոր ձեւաչափ, որի համաձայն` առաջիկա մրցաշրջանում սահմանափակումները թիմերին թույլ կտան ունենալ ոչ ավել, քան 6 լեգեոներներ՝ մինչ այս հնարավոր 10-ի փոխարեն: Այս սահմանափակումները կարող են ազդել հայ ֆուտբոլիստների` Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելու հնարավորությունների վրա: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա վերջինս իր վերադարձը խաղադաշտ նշել է գոլով: Մովսիսյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ ընդգրկվել է «Սպարտակի» մեկնարկային կազմում եւ 9-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը. սա թիմի վերջին ստուգողական խաղն էր Ռուսաստանի 2015/16թթ. առաջնությունից առաջ:
Հայաստանի հավաքականի մյուս առաջատարի՝ Հենրիխ Մխիթարյանի տեղը դորտմունդցիների կազմում հաստատ է, այսինքն՝ նրա այլ թիմ տեղափոխվելու մասին տարաբնույթ վարկածներից եւ ոչ մեկն իրականություն չդարձավ:
Հայաստանի ընտրանու մյուս ֆուտբոլիստներից Արթուր Սարկիսովի եւ Մարկոս Պիզելիի մարզավիճակն ու դիրքը ակումբներում եւս չեն փոխվելու:
Իսկ ահա Կառլեն Մկրտչյանը կխաղա Մախաչկալայի «Անժիում»: Մեր հավաքականում իր նորամուտը նշած Գաել Անդոնյանն էլ տեղափոխվում է ֆրանսիական «Մարսել», եւ այս երկու դրվագն էլ անշուշտ միայն դրական կողմեր ունեն:
Իսկ ահա Ռոման Բերեզովսկու կարիերան ավարտելու մասին որոշումը կարող է իսկական պատուհաս դառնալ թիմի համար. փորձառու դարպասապահն իրեն արժանի փոխարինող չունի: Այնպես որ, հավաքականի գլխավոր խնդիրը եղել է ու կմնա պաշտպանությունը, եթե հաշվի առնենք, որ թիմի պաշտպանները, ի տարբերություն հարձակման գծի ֆուտբոլիստների, ավելի շատ խնդիրներ ունեն իրենց ակումբներում եւ հաճախ նստում են պահեստայինների նստարանին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk