ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻ. «ԵՐԲ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ ՄՈՏ Է ԳԱԼԻՍ, ՊԵՏՔ Է ԵՐԿՈՒ ՁԵՌՔՈՎ ԸՆԴՈՒՆԵՍ ԱՅՆ»
Արխիվ 12-16ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻ. «ԵՐԲ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ ՄՈՏ Է ԳԱԼԻՍ, ՊԵՏՔ Է ԵՐԿՈՒ ՁԵՌՔՈՎ ԸՆԴՈՒՆԵՍ ԱՅՆ»

ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻՆ առաջին անգամ է գտնվում Հայաստանում: Այդ մասին կինոդերասանուհին հայտնեց նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում, որտեղ նրան ընդունեցին ջերմ ծափերով, ծաղկեփնջերով ու կարմիր գորգով: «Այս ամենը պարզապես հիանալի է: Ինձ շատ հաճելի է գտնվել այստեղ: Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար: Ձեզանից շատ բան ունեմ սովորելու»,- իր խոսքում ասաց Ն. Կինսկին` հավելելով, որ յուրահատուկ է գտնվել մեկ վայրում Օռնելա Մուտիի հետ:
Խոսելով ցուցադրվող «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի շրջանակներում «Տեսս» ֆիլմի մասին, կինոդերասանուհին ասաց, որ ֆիլմի հերոսուհին դժվարությունների միջով է անցնում` հաջողության հասնելու համար: «Հաջողություններ շատ են եղել իմ կյանքում: Երբ հաջողությունը քեզ մոտ է գալիս` պետք է երկու ձեռքով ընդունես այն: Դժվար է միշտ երիտասարդ մնալն ու դժվարություններ հաղթահարելը. միշտ կա սայթաքելու վտանգը: Պետք է շատ զգույշ լինել»,- նկատեց նա:
Նշենք, որ կինոդերասանուհին իր խոսքից հետո լքեց դահլիճը` խոստանալով վերադառնալ. «Տեղս, խնդրում եմ պահեք»,- փոքր-ինչ հուզված արտաբերեց Նաստասյան:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk