ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Թեմայի սկիզբը՝ թիվ 77-ում
Եվ այսպես՝ վրացական աղբյուրները պարբերաբար պնդում են, թե՝ Հայաստանից ոսկու հանքանյութը «մեծ մասամբ դուրս է հանվում արտասահման եւ մասնավորապես՝ Վրաստան եւ այնտեղ մշակվում է Մադնեուլի լեռնահարստացման կոմբինատում»: Խոսքը առաջին հերթին հայաստանյան առանցքային՝ Սոթքի հանքավայրի պաշարների մասին է: Իսկ Մադնեուլի լեռնահարստացման կոմբինատի հետ Սոթքի կապերի մասին նույն աղբյուրները բավականին հետաքրքիր մեկնաբանություն են տալիս:
Դեռ խորհրդային տարիներից մշակվող Սոթքի հանքավայրը, ըստ տարածված վարկածի, այն ժամանակներում միութենական գանձարան տարեկան փոխանցում էր մոտ 3 տոննա ոսկի: 1976թ.-ից Սոթքի եւ Մեղրաձորի հանքաքարը մշակվում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում: Թե հետխորհրդային տարիներին ինչ դրամատիկ ճանապարհ անցավ հանքավայրն ու այդ ֆաբրիկան, քանի տերեր փոխեց, ինչ ավանտյուրիստական ու թալանային պատմություններ կապվեց դրա հետ, բազում անգամներ է խոսվել: Կոնկրետ թալանային բնույթի փաստեր էլ են հնչել, այն էլ՝ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից: Բայց այդքանից հետո էլ այս հանքավայրը, մեղմ ասած, ամենեւին էլ հայաստանյան տնտեսության ամենաթափանցիկ կառույցը չէ:
Այսպիսով՝ թե 1996թ.-ին այս ողջ համալիրի մասնավորեցումից հետո ինչ ծավալի հանքաքար է արդյունահանվել, ինչքան ոսկի է ստացվել, նույնիսկ մոտավոր տվյալներ չկան: Ի դեպ, մերթընդմերթ միայն այս կարգի թվեր են հնչում, թե՝ Սոթքի 1 տոննա հանքաքարը պարունակում է 5-7 գրամ ոսկի: Բայց չմոռանանք, որ ոստիկանությունը քանիցս հաղորդագրություններ է տարածել մի քանի տասնյակ կամ հարյուր կիլոգրամներով հանքաքար գողացողներին բռնելու մասին, եւ այդ դեպքերի առյուծի բաժինը վերաբերում է հենց Սոթքին: Ուրեմն, եթե մի տոննա հանքաքարից հազիվ 5-7 գրամ ոսկի են հանում, ապա հարյուր կիլոգրամներով հանքաքար գողացողները, այսինքն՝ լավագույն դեպքում մեկ-երկու գրամ ոսկու համար նման ռիսկի գնացողները խելապակասների են նմանվում: Բայց հակված չենք մտածել, որ Սոթքի բնակչության շրջանակներում մարդկանց զանգվածային խելագարության համաճարակ կա, այսինքն՝ ավելի տրամաբանական է, որ իրականում գործ ունենք հանքաքարում ոսկու շատ ավելի պատկառելի պարունակության հետ:
Հանքավայրում ոսկու լուրջ պաշարների մասին է վկայում նաեւ հետեւյալ փաստը: Երեք-չորս տարի առաջ ՀՀ Վերահսկիչ պալատը Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի շահագործման իրավունքը ստացած ժամանակագրական առումով վերջին ընկերությանը՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ին մի շարք լրջագույն մեղադրանքներ ներկայացրեց: Մասնավորապես, որ հանքավայրերը ձեռք բերելուց հետո` մինչ 2010թ., այսինքն՝ 3 տարում. «Սոթքի հանքից Արարատի կորզման ֆաբրիկա է առաքել 648 հազ. տոննա ապրանքային հանքաքար, որտեղ ոսկու քանակը կազմել է 2031 կգ: Ֆաբրիկայում վերամշակվել է 656 հազ. տոննա հանքաքար, որի մեջ ոսկու քանակը կազմել է 2026 կգ, կորզվել է 1214 կգ ոսկի, կորզումը կազմել է 59.89%, որը շուրջ 22.6% ցածր է նախագծով նախատեսված 82.5% ցուցանիշից (պետք է կորզվեր 1672 կգ), այսինքն` շուրջ 458 կգ-ով պակաս է կորզվել»: Միաժամանակ, որ նույն ժամանակահատվածում իր հարկային պարտավորությունները, մեղմ ասած, համապատասխան չափով չի կատարել: Սակայն այս ամենին զուգահեռ դուրս լողաց մեկ ուշագրավ տեղեկատվություն եւս: Նախ, որ օֆշորային գոտում՝ Կայմանյան կղզիներում գրանցված «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» հանդիսանում է իր հերթին օֆշորային եւ «անհայտ» տերեր ունեցող (այս մասին տարբեր վարկածներ մինչ օրս էլ պարբերաբար շրջանառվում են՝ շատերի թվում շոշափելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Սահակաշվիլու անունները, ովքեր 2007թ.՝ Սոթքը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդի» կողմից ձեռք բերելու պահին Հայաստանի եւ Վրաստանի նախագահներն էին) «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ի սեփականությունը: Այս սեփականատերն էլ, 2010թ. կեսերին գրավադրել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը»՝ 250 մլն դոլար վարկի դիմաց: Գրավադրման այդ խուճուճ պատմությունն ինքն իրենով մի առանձին ու միանգամայն ուշագրավ թեմա է, առավել եւս, որ այդ 250 միլիոնի հետքն անգամ հետագայում չերեւաց. իր հերթին բավականին առեղծվածային «Նեւա-Ռուս» ընկերության կողմից «ԳեոՊրոՄայնինգ Գոլդի» ձեռքբերման պատմությունը ջնջեց այդ բոլոր հին հետքերը:
Սակայն մեկ բան հաստատ է. այդ 250 միլիոն դոլարը միանգամայն ռեալ փողեր էին, եւ, ենթադրաբար, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդի» հին տերերն առնվազն այդքան գումար ստացան ընկերության վաճառքից: Բայց այդ վաճառք ասվածը առաջին հերթին վերաբերում է մեր պետությանը պատկանող Սոթքի հանքավայրի շահագործման իրավունքին, այսինքն՝ այդ իրավունքը մեկը մյուսին քանիցս փոխանցելու փուլերում ոչ Հայաստանը եւ ոչ էլ՝ ոսկու արդյունաբերությունը որեւէ խեր չտեսավ: Միայն այդ փաստը հուշում է, թե Սոթքի հանքավայրի մասնավորեցումն ինչ կարգի հանցանք էր պետության նկատմամբ:
Սակայն այդ 250 միլիոնի մասին հիշեցինք մեկ այլ պարզ հանգամանք ընդգծելու համար. եթե կա բանկ, որը նման կասկածելի իրավիճակում 250 միլիոն դոլար վարկ է տալիս «ԳեոՊրոՄայնինգ Գոլդի» բաժնետոմսերի ամբողջական փաթեթի դիմաց, ապա դա մեկ անգամ եւս ապացուցում է, թե իրականում ինչ հարուստ ու եկամտաբեր հանքավայրի մասին է խոսքը:
Բայց մինչ Մադնեուլի կոմբինատի թեմային. հայկական հանքաքար գնացե՞լ է այդ ձեռնարկություն: Վրացական աղբյուրները այդ ընկերության հետ կապված մեկ ուշագրավ հանգամանք էլ են ընդգծում. «Մադնեուլի ԼՀԿ-ն 2005թ. ձեռք է բերել «ԳեոՊրոՄայնինգը»»: Արժե՞ հիշեցնել, որ այդ պահին Սահակաշվիլին արդեն մոտ մեկուկես տարի է զբաղեցնում էր Վրաստանի նախագահի պաշտոնը եւ արդեն սկսել էր սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթաց:
Փաստը, որ Մադնեուլի կոմբինատը այդ տարիներից ի վեր էապես ավելացրել է իր ոսկու արտադրության ծավալները, արդեն իսկ հուշում է, որ Հայաստանից հանքանյութի մեծ քանակություններ ստացել է. հարավկովկասյան տարածաշրջանում ոսկու հիմնական պաշարները հենց Հայաստանում են, այսինքն՝ Վրաստանում Մադնեուլի կոմբինատի արտադրական ծավալներին համապատասխան հումք պարզապես չկա:
Բայց կա մեկ կարեւոր հարց եւս. հայաստանյան հանքաքարը շարունակո՞ւմ է գնալ Վրաստան, թե այդ ամենը հին պատմություններ են: Եվ ահա վրացական աղբյուրները նման տվյալ են ներկայացնում. «Այն մասին, թե ինչ մասշտաբների են հասնում Վրաստան հանքաքարի ներմուծումն ու վերակշակումը, վկայում է արտաքին առեւտրի մասին Վրաստանի պաշտոնական վիճակագրությունը: Համաձայն դրա՝ 2014թ. հանքանյութի եւ խտանյութի ներմուծումը կազմել է 165,2 միլիոն դոլար. պաշտոնապես գրեթե ողջ ներկրումը Հայաստանից է»: Ավելին. «Հանքաքարի ներմուծման արժեքը կարող է խիստ նվազեցված լինել, քանի որ ոսկու հանքանյութը Հայաստանից գալիս է համեմատաբար էժան պղնձի խտանյութի անվան տակ»:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
(Թեման կշարունակենք
մեր հաջորդ համարում)
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝