ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻ. «Ինձ դիմավորեցին մի մեծ զամբյուղ ծիրանով»
Արխիվ 12-16ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻ. «Ինձ դիմավորեցին մի մեծ զամբյուղ ծիրանով»
Գերմանացի կինոդերասանուհի ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻՆ տպավորված է Հայաստանով: Այդ մասին այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացած հանդիպման ժամանակ ասաց նա: «Առաջին անգամ է, որ գտնվում եմ այստեղ: Այնքան տեսնելու ու սովորելու բան կա: Ամեն ինչ շատ գեղեցիկ է, ինձ թվում է, թե ինչ-որ բաներ արդեն գիտեմ այստեղ ապրող մարդկանց մասին»:
Կինոդերասանուհին հայտնեց, որ հասցրել է համտեսել անգամ հայկական ծիրանը: Այն իրեն դուր է եկել: «Ինձ դիմավորեցին մի մեծ զամբյուղ ծիրանով: Շատ հաճելի էր այդ պահը: Գիտեմ, որ ծիրանը փառատոնի խորհրդանիշն է, եւ ինձ դա դուր է գալիս»:
Խոսելով երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին, Ն. Կինսկին ասաց, որ դեռ մի քանի ֆիլմ է հասցրել դիտել՝ այն էլ ոչ ամբողջությամբ. «Ինչ-որ միջազգային գեղեցկություն եմ տեսնում՝ ամբողջ աշխարհից հավաքված եւ իրար միացված, ինչքանով, որ դա հնարավոր է»:
Հանդիպման ընթացքում կրքոտ կինոդերասանուհին խոսեց նաեւ իր կարիերայից: «Հաջողություններ շատ եմ ունեցել իմ կյանքում: Հաճելի բան է հաջողությունը: Բայց մարդ պետք է պատրաստ լինի ընդունել նաեւ անհաջողությունները: Լավ օրինակ այս առումով կարող են ծառայել սպորտսմենները, որոնց մասին ես վավերագրական ֆիլմերի շարք եմ նկարում»:
Հարցին էլ, կյանքում ի՞նչի պակաս ունի կինոդերասանուհին, հետեւյալ կերպ պատասխանեց. «Սեր, խաղաղություն: Բոլոր մարդկանց հենց դա է պակասում»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հ.Գ. Նշենք, որ Նաստասիա Կինսկին լրագրողների հարցերին կոկետ պատասխաններ էր տալիս, տեղ-տեղ սահմանափակվում խորհրդավոր՝ «այո» կամ «ոչ» արտահայտությամբ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk