«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ»-Ի ԱՆԴԱՄ. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԻՐՈՒՆ ԽՈՍՈՒՄ Է, ՄԵՆՔ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՆՔ»
Արխիվ 12-16«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ»-Ի ԱՆԴԱՄ. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԻՐՈՒՆ ԽՈՍՈՒՄ Է, ՄԵՆՔ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՆՔ»
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով քաղաքական ուժերի մասին, ասաց, որ մեր կուսակցություններն ԱԺ-ում միայն կարողանում են խոսել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է անում: «Սիրուն խոսում է, մենք ուրախանում ենք: Բայց իրավիճակ չի փոխվում: Եթե կա մի հարթակ, որտեղ կարելի է հարց լուծել, դա փողոցն է: Եկենք այնպես անենք, որ այդ փողոցն էլ մեր ձեռքից չտանեն: Համախմբված պետք է լինել, որովհետեւ միայնակ լծակներ ունեցող իշխանության դեմ չես կարող ոչինչ անել»,- ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը:
Ակտիվիստի կարծիքով` պետք է համախմբված լինել, որպեսզի իրենց ձայնն ու բողոքը տեղ հասցնեն, իսկ ոստիկաններն էլ տեսնելով մարդկանց քանակը, չկարողանան ուժ կիրառել: «Մեր պայքարն ուղղված է թալանչիների, խուժանների ու անշնորհք պայքարների դեմ: Մենք հասկանում ենք, որ պետք է երկրում իրավիճակ փոխել, բայց միանգամից դա չի լինում, այլ աստիճանաբար»,- ասաց Արթուր Քոչարյանը:
Ինչու շարժմանը չաջակցեին քաղաքական ուժերը: Այս հարցը եւս բարձրաձայնեց շարժման անդամը: «Մոտ մեկ տարի առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի համար «եռյակ» - քառյակ» ձեւավորվեց, իսկ հոսանքի համար չստեղծվեց այդ «եռյակ-քառյակ-հնգյակը: Միայն քաղաքական ուժերի երիտթեւերից ենք աջակցություն ստացել»»,- ասաց բանախոսը:
Լրագրողները հակադարձեցին` շարժման մասնակիցները չէին ցանկանում, որ քաղաքական ուժերն աջակցեն իրենց: «Մենք ասել ենք, որ չպետք է կուսակցականացնել, ոչ թե քաղաքականացնել»,- պատասխանեցին «Ոչ թալանի» շարժման անդամները:
Ի վերջո, ասուլիսին ներկա քաղաքացիական նախաձեռնությունների անդամներն ասացին, որ կա ցանկություն միասնական լինելու, բայց պարտադիր չէ, որ այդ ամենը փաստաթղթով հաստատվի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
