«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՐՈՒՑԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՐՈՇ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Արխիվ 12-16«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
ՀԱՐՈՒՑԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՐՈՇ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ
ՀԱՆԴԵՊ
Ինչպես եւ հայտարարել էին, այսօր «Ոչ թալանին» նախաձեռնությունը պետք է երթ կազմակերպեր դեպի գլխավոր դատախազություն: Մոտ 100 երիտասարդներով պատրաստվում են երթով շարժվել դեպի դատախազություն: Մինչ երթը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ ոստիկանության երեկվա հայտարարությունը իրենց չի բավարարում: Խոսքը վերաբերում է մի քանի ոստիկաններին կարգապահական տույժի ենթարկելուն: Ակցիայի մասնակիցներին չի բավարարում այս պահանջը: Նրանք պահանջում են կարգազանց ոստիկանների հանդեպ հարուցել քրեական գործ, քանի որ տեսանյութերում հստակ երեւում է, թե ինչպես են ոստիկանները բռնություն կիրառել թե՛ լրագրողների եւ թե՛ քաղաքացիների նկատմամբ:
Թե արդյոք այս երթերը շարունակական են լինելու` «Իրավունքի» այս հարցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արա Ղարագյոզյանն ասաց, որ հետագա քայլերը դեռ հստակ չեն: Նախաձեռնության մյուս անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ հիշեցրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությունը, որ ոստիկանական համակարգից պետք է սրիկաները մաքրվեն: «Հիմա նրանք պահանջում են, որ այդ սրիկաների նկատմամբ հարուցվի քրեական գործ այլ ոչ թե ենթարկվեն կարգապահական տույժի»,- եզրափակեց նախաձեռնության անդամը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk