4-ԱՄՅԱ ԷՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ՀԱՅՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է «ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԻՆ»
Արխիվ 12-164-ԱՄՅԱ ԷՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ՀԱՅՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է «ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԻՆ»

Արմավիրից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված եւ մոտ 2 շաբաթ անց մահացած 4-ամյա Էրիկը «մեկ ամիս անց կդառնար հինգ տարեկան: Բայց իր ոտքով` վազելով հիվանդանոցի աստիճանները բարձրացող երեխաս նախ` Արմավիրի բժշկի պատճառով ընկավ ցնցումների մեջ, ապա՝ կոմայի, ու ընենց կոմայի, որ Երեւանի բժիշկները, որոնցից շատ շնորհակալ եմ, էլ ոչինչ անել չկարողացան»,- մեզ հետ զրույցում բավական վրդովված եւ հուզված ասաց իր արու զավակին կորցրած հայրը` Սերգեյը, ով ՌԴ արտագնա աշխատանքի էր, բայց երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո անմիջապես վերադարձել է: Փոքրիկ Էրիկի հայրը մեզ հետ զրույցում մասնավորապես նկատեց.
-Ես Էրիկիս մահվան մեջ մեղադրում եմ Արմավիրի բժշկին, չնայած իրենք գրել են, որ էրեխեն աղիքային ինֆեկցիայից է մահացել: Բայց հիմա իմ ձեռքի տակ կան Արմավիր ԲԿ-ի թղթերը, փաստում են, որ երեխան աղիքային ինֆեկցիայի պատճառով չէ, որ ընկել է կոմայի մեջ: Ասում են՝ ուղեղի բջիջներն են մահացել, բայց ինչից են մահացել, չեն ասում: Ես այնտեղ չեմ եղել, բայց կինս եղել է տեղում. երեխայի ջերմությունը եղել է 39.8: Բժիշկը ինչ-որ ներարկում է արել, իբր՝ ջերմիջեցնող` ջերմությունը հասցնելով 34 աստիճանի: Կինս պատմում է, որ դրանից անմիջապես հետո երեխան միանգամից ցնցումների մեջ է ընկել, ու բժիշկն անմիջապես կնոջս դուրս է հանել պալատից: Հետո արդեն գիտակցությունը կորցրած երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Տեղափոխելուց հետո զանգել են Երեւանի Շտապ օգնություն, բայց կես ճանապարհից նորից հետ են ուղարկել, մտածելով, որ արդեն վերջ` երեխան մահացել է: Հետո որոշ ժամանակ անց, նկատելով, որ թեթեւ սրտի աշխատանք կա, ուղարկել են Երեւան: Մենք ամեն ինչ անելու ենք, որ երեխայիս մահվան իրական հանգամանքները բացահայտվեն, բայց որ Արմավիրի բժիշկը իր մեղքի բաժինն ունի, դա քննարկման ենթակա չէ:
Զուգադիպությո՞ւն է, թե` ինչ, բայց նույն օրը` հունիսի 16-ին կրկին Արմավիրի հիվանդանոց տեղափոխված մեկ այլ 4-ամյա երեխա` Կարինե Հովհաննիսյանը, նույն օրն էլ մահացավ: Նորից նույն բացատրությունն են տալիս` աղիքային ինֆեկցիա: Երկու գործով էլ հարուցված է քրեական գործ, այնպես որ, սպասենք դրա արդյունքին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk