ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՄԵԿ ՄԵԴԱԼ
Արխիվ 12-16ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՄԵԿ ՄԵԴԱԼ
Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում ավարտվեցին Համաշխարհային ուսանողական խաղերը: Մեր պատվիրակությունը մրցահարթակ էր մեկնել 12 մարզիկներով, որոնք հանդես են եկել սուսերամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում, լողում, թենիսում եւ մարմնամարզությունում:
Ունիվերսիադայից Հայաստանի թիմը վերադարձավ մեկ ոսկե մեդալով, որը թիմին բերել է մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: 23-ամյա հայ մարզիկը օղակների վարժությունում հավաքել է 15.500 միավոր:
Մարմնամարզությունում նվաճած ոսկին ոգեւորող է, միայն թե մյուս մարզաձեւերի մեր մարզիկները անգամ մոտ չեղան այս արդյունքին: Համեմատաբար ավելի շատ էին սպասելիքները ձյուդոիստներից, որոնք թեեւ վատ գոտեմարտեր չանցկացրին, միեւնույնն է, մեդալային տեղեր չգրավեցին: Ձյուդոիստ Անդրանիկ Չափարյանը (81կգ), ով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Իսկ 2014թ. երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը 1/8-րդ եզրափակչում նվազագույն տարբերությամբ զիջեց բրազիլացի Մարսելո Ֆուզիտային: Դավիթ Նիկողոսյանը, եւս բավարարվեց 7-րդ հորիզոնականով:
Սուսերամարտիկ Լիլիթ Էվոյանը նախնական փուլում տարավ 3 հաղթանակ, կրեց երկու պարտություն, այնուհետեւ 1/64-րդ եզրափակչում 7:15 (3:5, 3:8, 1:2) պարտվեց Իտալիայի հավաքականի առաջին համարին՝ Ջիորջիա Պոմետիին ու դուրս մնաց հետագա պայքարից: Մեր մյուս սուսերամարտիկ Ռաֆիկ Աբրահամյանը եւս առանց էական հաջողության լքեց պայքարը:
Ասպարեզ դուրս եկած թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականը 1/16-րդ եզրափակչում 45:33 հաշվով առվելության հասավ Վենեսուելայի, իսկ 1/8-րդ եզրափակչում 27:16 հաշվով պարտության մատնեց Մեքսիկայի հավաքականներին ու մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ մեր պատվիրակները Կիպրոսի ընտրանու հետ մրցավեճում վիճարկեցին կիսաեզրափակչի ուղեգիրը, հաղթանակի դեպքում մերոնք կապահովեին բրոնզե մեդալը: Սակայն մեր մարզիկը պարտվեց 16:14 հաշվով եւ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Այսպիսով՝ 46 ոսկե, 28 արծաթե եւ 26 բրոնզե մեդալներով Հրվ. Կորեայի թիմը առաջինն է այս տարվա Ունիվերսիադայում: Երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է (33, 38, 45), երրորդում՝ Չինաստանինը (33, 21, 16): Հայաստանը մարմնամարզիկ Արթուր Թովմասյանի նվաճած մեկ ոսկե մեդալի շնորհիվ 170 մասնակից երկրների շարքում կիսում 38-41-րդ տեղերը Ուգանդայի, Բարբադոսի եւ Ուզբեկստանի հավաքականների հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk