ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՂՈԹՔՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՄԱԵՍՏՐՈՆ ԿԴԱՐՁՆԻ ԵՐԳԱՇԱՐ
Արխիվ 12-16ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՂՈԹՔՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՄԱԵՍՏՐՈՆ ԿԴԱՐՁՆԻ ԵՐԳԱՇԱՐ
Օրերս «Իրավունք» թերթի խմբագրության «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց ընթերցողների մի քանի տասնյակ հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
Սակայն, մինչ այդ, մաեստրոյին անակնկալ էր սպասվում թերթի խմբագրակազմի կողմից, որը ներկայացրեց «Իրավունքի» մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ. ««Իրավունք» թերթն ամեն տարի որոշում է մշակութային ոլորտի տարվա լավագույն եւ վատագույն գործիչներին` իհարկե, ընթերցողների կարծիքը հաշվի առնելով: Եվ այսպես` պատվոգիր է տրվում ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին` «Իրավունք» թերթի կողմից 2014 թվականին ՀՀ-ում լավագույն կոմպոզիտոր ճանաչվելու կապակցությամբ` 75-ամյակի, նշանակալի ավանդի եւ հայանպաստ գործունեության համար»: Ընդունելով պատվոգիրը` պարոն Մանսուրյանն ընդգծեց. «Խորապես զգացված եմ, իմ հավաքածուն հարստացավ եւս մի աննման պարգեւատրումով` պատվոգրով: Բոլորիդ շնորհակալ եմ, անշուշտ, առաջին հերթին պարոն Բաբուխանյանին (ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ-խմբ.)»:
Իսկ մաեստրոյին ուղղված ընթերցողների հարցերը բազմաբնույթ էին` սկսած ստեղծագործական մնայուն արժեքներ ստեղծելու գաղտնիքներից մինչեւ Բաղրամյան պողոտայի վերջին դեպքերը: Ի դեպ, Տ. Մանսուրյանն այսօր էլ չի դադարել ստեղծագործել, ինչի մասին նա նշեց. «Երրորդ տարին է աշխատում եմ մի գործի վրա, որն ինձ համար չափազանց կարեւոր է: Մենք ունենք հոգեւոր երաժշտության հսկայական մի շերտ` դարավոր կուտակումների արդյունքում գոյացած մի հսկա ժառանգություն, որը նոր իրադրության մեջ` կոմպոզիտորական արվեստի գոյացման նոր շրջանի ճանապարհին` իր արտահայտությունը, իր շարունակությունը, իր նոր կյանքը չի ստացել: Ունեցանք ջութակի կոնցերտ, սիմֆոնիա, սոնատ, եւ հսկա վարպետներ եկան` այս ժանրերը մեզանում ստեղծելու եւ լրացնելու: Բայց հոգեւոր երաժշտությանը սովետական իշխանության տարիներին ձեռք տալ չէին կարող, եւ այդ ավանդույթները շարունակելն անհնար էր: Արդյունքում մենք կապվեցինք հիմնականում աշխարհիկ երաժշտության հետ, իսկ հոգեւորը մնացել է անշարժ` իր շարունակությունը չստացած: Օրինակ` Ներսես Շնորհալու 24 աղոթքներից բաղկացած ,Հավատով խոստովանիմե շարքը կարելի է հրաշալի երգաշար դարձնել: Եվ անպայման չէ, որ այն եկեղեցում հնչի, կարող է հնչել համերգասրահում` ինչպես Բախի եւ այլ մեծագույն վարպետների հոգեւոր բովանդակությամբ գործերն են հնչում: Ես աշխատում եմ այս աղոթքները երգչախմբի, նվագախմբի եւ մենակատարի կատարմամբ մի ծավալուն գործ ստեղծելու ուղղությամբ եւ մի օր ուզում եմ, որ այն հնչի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Նյութի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունքի» վաղվա համարում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk