«ԵԹԵ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԵԶԴԻ ՄԱՐԴՈՒՆ ԱՍԵՆՔ` ԵԶԴԻ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱ՞Ն Է, ՆՈՒՅՆՆ Է, ՈՐ ՄԵԶ ՀԱՅ ԱՍԵՆ` ՎԻՐԱՎՈՐՎԵՆՔ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԵԶԴԻ ՄԱՐԴՈՒՆ ԱՍԵՆՔ` ԵԶԴԻ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱ՞Ն Է, ՆՈՒՅՆՆ Է, ՈՐ ՄԵԶ ՀԱՅ ԱՍԵՆ` ՎԻՐԱՎՈՐՎԵՆՔ»
Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն հրապարակում ու տարածում են դեռեւս 2014 թվականի նոյեմբերին տեղի ունեցած մի միջադեպ, որով փորձում են սեպ խրել հայ եւ եզդի բարեկամ ժողովուրդների միջեւ: Մինչդեռ կատարվածը մասնավորապես վերաբերում է ազգությամբ եզդի Ամարյանների ընտանիքի ու ԴԱՀԿ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը, որի առնչությամբ սկսվել է դատական գործընթաց: Իսկ այս ընթացքում Ամարյանների ընտանիքի մայրը` Նազիկ Ամարյանը, լրատվամիջոցներով գրոհ է սկսել` հայտարարելով, թե ԴԱՀԿ աշխատակիցները հայհոյում են եզդիներին:
ԷԼԻ՞ ՔԱՐԻ ԴԱՐ
Եվ այսպես` հուլիսի 10-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր ԼԵՎՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ նախագահությամբ, շարունակվեց իշխանության ներկայացուցիչների` ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու քր.գործով դատական նիստը, որը նախորդ անգամ հետաձգվել էր` մեղադրյալ կողմի փաստաբան չունենալու պատճառաբանությամբ. ամբաստանյալի ցանկությամբ ներգրավվել է հանրային պաշտպան` Լյուդվիգ Ավետիսյանը: 
Ամբաստանյալ Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի, նա 2014 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 11:00-ի սահմաններում` իր մոր` Նազիկ Ամարյանի բնակարանում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունները իրականացնելիս, գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոնյանի նկատմամբ ` քաշքշել նրան, քարեր նետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կարեն Միլիտոնյանի աջ ձեռքի ափին` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս (աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմքի բեկորավոր տեղաշարժված կոտրվածքի ձեւով): Ըստ տուժող կողմի` Յուրա Ամարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
«ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵԶԴԻ ԴԱՍԸՆԿԵՐՆԵՐ, ՀԱՄԱԿՈՒՐՍԵՑԻՆԵՐ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ` ԻՆՔՍ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԱՎԵԼՈՐԴ ԲԱՆԵՐ ԽՈՍԵՆ ԵԶԴԻՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ»

Դատարանը նախ լսեց տուժող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր ԿԱՐԵՆ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ, ով մանրամասնեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ, որտեղ մինչ դեպքը բնակվում էին Նազիկ Ամարյանն ու իր ընտանիքը. «Հարուցված կատարողական վարույթի հիման վրա` մենք` ՀՀ ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժինը, ինչպես կարգն է, վտարման աշխատանքներ իրականացնելու համար գնացել ենք նշված հասցեով: Իրենք դեռ իրենց գույքը դուրս չէին բերել, եւ չէին էլ պատրաստվում, մինչդեռ դատարանի վճռի համաձայն, պարտավոր էին: Եվ տիկին Նազիկը` ամբաստանյալի մայրը, ընդհանրապես հրաժարվում էր գույքը դուրս բերելուց: Ի դեպ, ես միայն վերջում եմ իմացել, որ Յուրա Ամարյանը Նազիկ Ամարյանի որդին է: Նազիկ Ամարյանի հետ տվյալ հասցեում այդ ժամանակ գտնվում էր իր աղջիկը, որին նա հորդորում էր. «Մի՛ լսի դրանց, ոչ մի բան պետք չի, չենք տանելու, թող իրենք տանեն, թող կոտրեն…» ու բազմաթիվ, բազմապիսի ու բազմաբովանդակ անեծքներ հղում մեր հասցեին: Մենք դստերը բացատրում էինք, որ, աղջիկ ջան, եթե չտանեք ձեր իրերը, ստիպված ենք լինելու այն գույքագրել եւ տանել պահեստավորելու, իսկ հետագայում պահեստավորման եւ բոլոր աշխատանքների ծախսերը դրվելու են ձեզ վրա: Արդյունքում` դստեր հետ խոսելուց հետո, սկսեցին իրերը տեղափոխել: Նշեմ նաեւ, որ մեր ծառայության կողմից տրամադրվել էին բանվորական ուժեր, տրանսպորտի միջոց, այդ թվում` արկղ, պարկեր, սկոչ: Ընդգծեմ նաեւ, որ մեզ քաջ հայտնի է, որ եզդիների անկողնուն չի կարելի դիպչել (եզդիների համար այն սրբություն է- հեղինակ), եւ թույլ չենք տվել որեւիցե մեկին ձեռք տալ, եւ մայր ու աղջիկ իրենք են հավաքել անկողինն ու տեղափոխել: Գույքը դուրս բերելուց հետո մնացել էին իրենց պահածոները պահարանի մեջ, բայց ինչպես տիկին Նազիկը հայտարարեց. «Դա մեզ պետք չի, թող տանեն զխտկվեն»: Կրկին բացատրեցինք, որ այն իրենցն է, ինչ եղել է մեզ հետ կապված չէ: Այդ ժամանակ Յուրա Ամարյանի մյուս եղբայրը` Անզորը, մոր անեծքների, ասածների համար, մի հայտարարություն արեց, էթիկայի կանոններից ելնելով չասեմ բառացի` ինձ պե՞տք էր եկա էստեղ, ընկա սենց բանի մեջ, ինչ ուզում ես արա»: Դրանից հետո ԴԱՀԿ աշխատակիցները գնացել են ընդմիջման ու վերադառնալով` բավական երկար ժամանակ նստել են մեքենայի մեջ, մինչեւ դուրս կբերվեր վառելափայտը, բայց տարօրինակ բան նկատելով` որոշել են մոտենալ ու պարզել իսկությունը, ինչի մասին Կ. Միլիտոնյանն ասաց. «Դուրս բերված վառելափայտի մեջ, որը եղել է հին զգեստապահարանի փեղկեր, տարբեր տեսակի կոտրված փայտեր եւ այլն: Յուրան ու եւս երկու հոգի վառելափայտը դուրս էին բերում: Այդ ժամանակ նկատել ենք, որ այնտեղ առկա էին պատուհաններ, դուռ, որը նյութերին կցված տեսաերիզում կտեսնեք: Տվյալ հասցեի պատուհաններն ու դռները նման էին նույն դուրս հանած պատուհաններին ու դռներին: Հարց ենք տվել Նազիկ Ամարյանին` սա այս հասցեի դուռ-պատուհա՞նն է, թե` ոչ, որովհետեւ, որպես կանոն, հասցեի անբաժանելի մասն է զուգարանագոգը, լվացարանը,պատուհանները, դռները: Ասել են` ոչ, մենք ենք բերել վառելու համար: Ապա Նազիկ Ամարյանի անեծքներից հետո, որն անմիջապես ուղղված էր մեզ եւ մեր ընտանիքներին, Յուրա Ամարյանը ձեռքերը վեր բարձրացրած` սկսել է հայհոյել` էդ որ մի չ… ա: Որպեսզի սադրանքներին չտրվեր ԴԱՀԿ աշխատակից Վարդան Մելիքբեկյանը, ես` որպես ԴԱՀԿ ներկայացուցիչներից ամենաավագը` ե՛ւ տարիքով, ե՛ւ աստիճանով, Յուրա Ամարյանին հորդորել եմ, որ դիմացդ սպա է կանգնած, կարգի հրավիրիր քեզ, այլապես մենք ստիպված կլինենք ոստիկանություն կանչել: Այդ ընթացքում Յուրա Ամարյանը հարբած պոկում է ուսադիրս, որն իրենց հարեւանների օգնությամբ ենք ման եկել, գտել: Իսկ Սանասար Յարալյանին Նազիկ Ամարյանը հարվածում էր փականով (կողպեքով)»: Միեւնույն ժամանակ, տուժողը նշեց, որ Յուրա Ամարյանը սկզբում մետաղյա ձող է վերցրել` ԴԱՀԿ աշխատակիցներին հարվածելու նպատակով, ապա քարեր նետել իրենց ուղղությամբ. «Յուրա Ամարյանի նետած քարերից մեկն էլ դիպել է իր մոր մեջքին, որի ականատեսն են եղել տվյալ ժամանակ այնտեղ ներկա հարեւանները»: Հաջորդ քարը «բաժին է ընկել» Կ. Միլիտոնյանին, ինչի պատճառով նա վիրահատության է ենթարկվել: Անդրադառնալով այս միջադեպի վերաբերյալ չարչրկված թեմային, թե որեւէ հայհոյանք հնչե՞լ է եզդիների հասցեին, ԴԱՀԿ աշխատակիցն ընդգծեց. «Հարգելի՛ դատարան, ունենալով եզդի դասընկերներ, համակուրսեցիներ, աշխատակիցներ` ինքնս թույլ չեմ տա որեւէ մեկին ավելորդ բաներ խոսեն եզդիների հասցեին»:
ՄԱՅՐԸ ՈՐԴՈՒՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴՈ՞ՒՌԸ ՀԱՍՑՐԵՑ
«Բոլորի ներկայությամբ եմ ասում` էս տղան` Յուրա Ամարյանը, անգամ վառելափայտը դուրս բերելուց իրեն դրսեւորել է լիովին հանգիստ ու նորմալ, բացարձակ ագրեսիա չի դրսեւորել: Ամբողջը հրահրել է Նազիկ Ամարյանը: Շատ շնորհակալ կլինեի այս ամբողջ փաստաբանությունից եւ արդարադատությունից, եթե Յուրա Ամարյանի տեղը նստած լիներ նրա մայրը, որովհետեւ նա էր սադրիչ պահվածք դրսեւորում` անիծում, նա էր ասում, թե եզդիներին սենց են ասում, նենց են ասում…», - վերջում բորբոքված հավելեց Կ. Միլիտոնյանը:
Ամբաստանյալի պաշտպան Լ. Ավետիսյանը տուժողից եւս մեկ անգամ հետաքրքրվեց, թե արդյոք հարկադիր կատարողների կողմից Ամարյաններին վիրավորելու կամ թեկուզ վիրավորելու նպատակով ասվել է` եզդի եք, թե` ոչ, կամ նման որեւէ արտահայտություն եղել է, սակայն, մինչ կպատասխաներ տուժողը, դատավոր Ավետիսյանը միջամտեց. «Եթե ազգությամբ եզդի մարդուն ասենք` եզդի, վիրավորակա՞ն է, նույնն է, որ մեզ հայ ասեն` վիրավորվենք»:
Դատական նիստն ավարտվեց տուժող ու պաշտպանող կողմերի փաստաբանների` Կ. Միլիտոնյանին ուղղված հարցերով եւ հաջորդ դատական նիստին դատարանն արդեն կլսի վկաներին, որոնք 10-ից էլ շատ էին: «Իրավունքն», այնուամենայնիվ, փորձեց դատական նիստից հետո զրուցել արդարադատության մայոր ԿԱՐԵՆ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ, բայց ապարդյուն. «Ես պաշտոնատար անձ եմ, հարցերի դեպքում դիմեք մեր մամլո խոսնակին: Բացի այդ, հարցազրույց ողջ մամուլին կտամ այն ժամանակ, երբ դատական գործընթացը կավարտվի, քանի որ ցանկացած միտք, որը կարտահայտեմ, կարող է ազդեցություն ունենալ դատաքննության վրա»: Ի դեպ, փորձեցինք պարզել նաեւ Յուրա Ամարյանի տեսակետը, բայց զրույցին խառնվեց նրա մայրը` ՆԱԶԻԿ ԱՄԱՐՅԱՆԸ, ով, կարծես թե, նախապես պլանավորած տեքստ էր պատրաստել` տեղի ունեցածին քաղաքական, միջազգային երանգ տալով: Ինչեւէ, տպավորություն է, որ տիկին Նազիկին ու իր ընտանիքին կոնկրետ ուղղորդում են, միգուցե, ծածուկ փափագ ունենալով` նրանց համար պարզապես քաղաքական ապաստան գտնել Եվրոպայում, իսկ այս դեպքը լավ առիթ էր դրա համար: Ասվածի փաստերից մեկն էլ Ամարյանների կողմից Կ. Միլիտոնյանին զենքի սխալ օգտագործման մեջ մեղադրելն էր, որը պարզապես անհեթեթություն է: Հատկապես հաշվի առնելով, որ բազմամյա փորձ ունեցող ուսադիրավոր պաշտոնյան, ինչ-ինչ, բայց զենքի հետ անհնար է չիմանա, թե ինչպես պետք է վարվել: Թե ինչով կավարտվի այս դատավարությունը, ցույց կտա ժամանակը, բայց պետք է հիշել, որ օրենքը կենդանի օրգանիզմ է ինչպես հայ, այնպես էլ եզդի ու այլ ազգություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար: Եվ պետք չէ «բորշչի մեջ մազ փնտրելու» սկզբունքով փորձել հրահրել ազգամիջյան կոնֆլիկտ` դարավոր եղբայրության միջեւ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk